ՆԵՐՔԻՆ ԽՆՁՈՐ (ՔԱՅԱԼԸ ԴԵՐԵ): Դամբարանը հայտնաբերվել է վերին ամրոցի ժայռի հարավային եզրին: Այն ունի նեղ մուտք և դամբարանի խորքը տանող չորս աստիճաններով նեղ դրոմոս, որով կապվում է վեց սենյակներից բաղկացած դամբարանին: Առաջին սենյակի դուռը ծածկված է եղել երեք խոշոր սալաքարերով: Այս սենյակները ուղղանկյուն են, սակայն չորրորդ և վեցերորդ սենյակների պատերը փոքր-ինչ շեղված են: Երրորդ և հինգերորդ սենյակների պատերի մեջ կան կամարաձև վերնամասեր ունեցող ութական խորշեր: Բացի խորշերից, երրորդ սենյակի հետևի պատին կից կառուցվել էր մի հարթակ, որի մեջ փորված էր 1,5 մ երկարություն ունեցող սարկոֆագ: Հետաքրքիր է նաև վեցերորդ սենյակը, որի հատակին` բոլոր պատերի տակ, փորված էին 36 կլոր փոսիկներ` ըստ երևույթին մոմակալներ տեղադրելու համար:
Դամբարանի սրահներից երեքի հատակների անկյունային մասերում փորված են գլանաձև հորեր: Այս երեք հորերից երկուսը պեղվեցին, և նրանց հատակներին գտնվեցին լավ մշակված քարաբեկորներ: Չ. Բըրնիի կարծիքով` դրանք ծառայել են որպես զոհարաններ: Դամբարանները կառուցվել են Ք.ա. VIII դ. երկրորդ կեսին: Այդ թվագրությունը հաստատվում է նաև այստեղ գտնված իրերով: Դրանց թվին են պատկանում մոտ մեկ տասնյակ երկաթե տերևաձև և նշաձև պոչուկավոր նետասլաքները, որոնք հայտնի են Թոփրաք Քալեից, Ալթըն Թեփեից, Հայկաբերդից և այլն: Հետաքրքիր են այստեղ գտնված կահույքի մասերը, որոնց մեջ ամենամեծ խումբն են կազմում աթոռների ոտքերի ծայրակալները: Դրանց մի մասը բրոնզե խողովակներ են, իսկ մյուսները ցլի ոտքի կամ առյուծի թաթի ձև ունեն: Գտնվել են նաև զարդերª բրոնզե ապարանջան, արծաթե շքասեղ և օղ, բրոնզե ասեղ, կոճակ և այլն:
Գրականություն: Lloyd, Burney 1965; Burney 1966
Աղբյուրը՝
Ուրարտուի հնագիտություն (Ամրոց-բնակավայրեր և դամբարանային համալիրներ) Երևան: Երևանի համալս. հրատ. 2008 , 150-152էջ
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է`