ՕՇԱԿԱՆ: Օշականում պեղումներ են իրականացվել 1971-1983 թթ. Ս. Եսայանի և Ա. Քալանթարյանի, իսկ 1984-1991 թթ.` Ս. Եսայանի կողմից: Աշխատանքները տարվել են երեք ուղղությամբ` Դիդի Կոնդի մեծ բլրի գագաթին գտնվող ամրոցում, նույնանուն փոքր բլրի հյուսիսային լանջում գտնվող պալատական համալիրների տարածքում և դամբարանադաշտում: 2002 թ. պեղումները շարունակվեցին ամրոցում` Ա. Քալանթարյանի ղեկավարությամբ:
1972-1975 թթ. բացվել է ուրարտական ամրոցը: Այստեղ, XIX դ. սկզբին պեղումներ է կատարել Խ. Դադյանը, իսկ 1920-ական թթ. հուշարձանով հետաքրքրվել է Թ. Թորոմանյանը: Ամրոցն ունի հզոր արտաքին պարիսպներ, որոնց հաստությունը հասնում է 2,5-2,65 մ: Ի տարբերություն շատ հուշարձանների` նրա պարիսպները շարված են լավ տաշված տուֆե խոշոր քարերից, որոնք միաժամանակ հանդիսանում էին ներքին շինությունների պատերը: Արտաքուստ այդ պարիսպները ամրացված էին որմնահեծերով և ոչ մեծ անկյունային աշտարակներով: Պարիսպների արտաքին քարերի եզրերը մշակված են ժապավենաձև (ռուստերով), իսկ կենտրոնական հատվածները` ուռուցիկ հարդարումով: Ամրոցն ունի մի փոքր շեղումով ուղղանկյուն հատակագիծ` հյուսիս- հարավ ուղղված անկյունագծով: Ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 0,23 հա: Բացվել են ամրոցի հյուսիսային, արևելյան և արևմտյան պարսպապատերը, արևելյան ՚բակիՙ հարավային հատվածը, կենտրոնական փոքրիկ կացարանները, արևելյան պարսպապատին կից ուրարտական տաճարը: Արտաքինից պարսպապատերն ունեն երեքական որմնահեծեր:
Ամրոցի ներքին հատակագիծը լուծված է հետաքրքիր ձևով. հզոր պատի շնորհիվ այն բաժանվում է արևելյան և արևմտյան թևերի: Արևելյան թևի հյուսիսային մասում տեղադրված էր մի ընդարձակ` մոտ 260 քմ տարածք ունեցող դահլիճ, որից պահպանվել էին պատերի հիմնաքարերը: Նրա հատակը կազմված էր հարթեցված հրաբխային խարամից: Այս դահլիճի հյուսիսային հատվածում` ոչ բարձր ժայռաբլրի վրա, պահպանվել է միջնադարյան մի մատուռ: Անմիջապես ժայռի մոտ բացվեց ոչ մեծ մի շինություն, որը կցված էր սրահի հարավարևմտյան պատին: Այդ շինությունը, որից նույնպես պահպանվել էին հիմնաքարերը, կազմված էր երկու ոչ մեծ, իրար միացող սենյակներից: Արևելյան թևի հարավային հատվածը զբաղեցնում էր մի երկհարկանի կառույց: Այս շինության առաջին հարկը տեղադրված էր արտաքին պարսպի ու ժայռերի միջև և զուրկ էր դռներից ու պատուհաններից: Նրա հարավարևելյան անկյունում կառուցվել էր 3-րդ սենյակը, որն ուներ 7,4 մ երկարություն և 2,6 մ լայնություն: Սենյակից 13,5 մ դեպի արևելք բացվել է 7-րդ նույնանման սենյակը: Այս սենյակների միջև ընկած տարածքն անհավասար է: 3-րդ և 7-րդ սենյակները, ըստ երևույթին, ծառայել են իբրև պահեստներ: Այս շինությունների վրա կառուցվել է երկրորդ հարկը, որն ունեցել է մոտ 140 քմ մակերես:
Ամրոցի արևմտյան հատվածում պեղվեց խոշոր մի հոր, որը, հավանաբար, ծառայել է որպես ջրավազան: Պաշտպանական կառույց լինելուց բացի, ամրոցն ունեցել է նաև պաշտամունքային նշանակություն: Բացվել է տաճարային շինության հիմնապատկերը: Այն հատակագծում քառակուսի է` ամրացված անկյունային աշտարակներով: Շարված է լավ մշակված տուֆե քարաբեկորներից: Իր հատակագծով և հորինվածքի ծավալատարածական լուծումներով այն ուրարտական ճարտարապետության բացառիկ օրինակներից է:
Պեղումների ընթացքում գտնվել է սակավաթիվ խեցեղեն, որը հնարավորություն է տալիս ենթադրելու, որ ամրոցը հիմնադրվել է Ք.ա. VII դ.:
Օշականի պալատական համալիրում կատարված պեղումները բացահայտվեցին նոր, մինչև այժմ անհայտ ուրարտական քաղաքացիական ճարտարապետության մոնումենտալ հուշարձաններ: Այս պալատական շինությունները, որոնք տեղադրված են փոքր բլրի հյուսիսային լանջերին, բաղկացած են հինգ համալիրներից, որոնցից 1-ինը, 2-րդը և 3-րդը տեղադրված են հյուսիս-հարավ առանցքով (փոքր-ինչ շեղված դեպի արևելք), իսկ 4-րդը և 5-րդը դրանց ուղղահայաց: Առաջին համալիրը կազմված է 14 կացարաններից, իսկ երկրորդը` 26: Դրանք միանում են միմյանց ընդարձակ բակով: Այս երկու համալիրները, ինչպես ցույց են տալիս շերտագրական դիտարկումները, անկասկած կառուցվել են Ք.ա. VII դ. առաջին կեսին: Երկրորդ համալիրը, դատելով բակին նայող ՚հյուսիսային ճակատիՙ տեսքից, կառուցվել է առաջինից ավելի ուշ: Երկու համալիրների պատերն ունեն 0,6-1 մ լայնություն, իսկ պահպանված ամենաբարձր հատվածները հասնում են 2,5 մետրի: Եթե առաջին համալիրը կառուցված է համեմատաբար հարթ տարածքում, ապա երկրորդը, ձգվելով դեպի բլրի լանջերը, ունեցել է աստիճանաձև տեսք: Այս երկու հսկայական կառույցներն ունեցել են ընդհանուր, բայց մասնակի թեքությամբ տանիք: Փոքր թռիչք ունեցող սենյակները ծածկվել են հարթ գերանածածկով ու եղեգնով և սվաղվել են կավով, ինչի մասին են վկայում փայտածխի և եղեգնի մոխրի բազմաթիվ հետքերը: Խոշոր սրահների տանիքները կառուցված են կեղծ թաղով, որոնք լուսավորվում էին երդիկների և տանիքի տակ տեղադրված փոքր պատուհանների միջոցով: Ինչ վերաբերում է ներսի սենյակներին, ապա նրանք զուրկ էին բնական լույսից և լուսավորվում էին դրսից ընկնող լույսով կամ ճրագներով:
Յուրահատուկ էր լուծվում դռան բացվածքների խնդիրը: Առաջին համալիրում դրանց ամբողջ լայնությամբ դրված են 1-2 խոշոր տուֆե սալեր, որոնց առջև երբեմն դրվում էին նույն քարերից աստիճաններ: Երկրորդ համալիրի դռան բացվածքի տարածքը շարված էր մանր քարերով և սվաղված կավով: Երկու համալիրներում էլ գտնվել են դռան բազմաթիվ կրունկներ, որոնք վկայում են, որ դռները ամրացվել են շարժական առանցքներին:
Խոշոր դահլիճների պատերի տակ հանդիպում են քարից շարված նստարան-մաստաբաներ: Այս համալիրների պեղումներից բացված կացարաններից հատկապես հետաքրքիր են խոշոր սրահները, որոնք միաժամանակ սրբարաններ են հանդիսացել: Առաջին համալիրում ամենախոշոր դահլիճի պատերի պահպանված բարձրությունը հասնում է 1 մետրի: Երկու դռներով այն միանում է 9-րդ և 13-րդ սենյակներին: Այս ընդարձակ սրահի տարածքը կազմում էր մոտ 80 քմ, ինչը հնարավորություն է տալիս ենթադրելու, որ այն ծառայել է հանդիսավոր հավաքների և ծիսական արարողությունների համար: Այդ մասին է վկայում նաև 10 մ-ոց նստարանը, որը կառուցվել է հյուսիսային պատի տակ, մանր քարերից և սվաղվել է կավով: 25-րդ կացարանը ամենախոշոր սրահն է, որի տարածքը 150 քմ է (15,5x9,5 մ): Այն չորս դռներով կապված է երեք այլ սենյակների և բակի հետ: Գտնված քարե խարիսխները վկայում են, որ այն ունեցել է 8 սյուն և եղել է սյունազարդ դահլիճ: Այստեղ բացվել է օջախ և զոհասեղան: Ութսյունանոց դահլիճ է եղել նաև 27-րդ կացարանը, որի տարածքը 100 քմ է: Նրա կենտրոնում, արևելք-արևմուտք առանցքով, բացվեցին երկու շարքով տեղադրված տուֆե ութ խարիսխներ: Այս սրահի հատակում պեղվեցին չորս հոր, որոնք ծածկված էին տուֆե սալերով: Դրանք բոլորն էլ լցված էին մոխրով և խոշոր ու մանր եղջերավոր անասունների ոսկորներով և խեցանոթների բեկորներով: Հատակին գտնվեցին ֆալոսներ և քարե կուռքեր: Տպավորություն է ստեղծվում, որ այս սրահը հիշյալ համալիրների սրբարանն է եղել, ուր օջախի առջև զոհաբերություններ են կատարվել, իսկ կենդանիների ոսկորները և մոխիրը չի թափվել, այլ լցվել է հորերի մեջ:
Երրորդ համալիրի պեղումները սկսվեցին երկրորդ համալիրից մոտ 200 մ դեպի արևելք ընկած տեղամասում: Այստեղ բացվեցին երկու կիսագետնափոր, ընդարձակ սրահներ` 165 քմ ընդհանուր տարածքով:
Առաջին սրահը (41-րդ կացարան) իրենից ներկայացնում է արևելքից արևմուտք ուղղված մի ընդարձակ դահլիճª 95 քմ տարածությամբ: Մուտքը տեղադրված է արևմտյան պատի հարավային մասում և օժտված է դեպի վեր տանող եռաստիճան սանդուղքով: Մուտքի արտաքին կողմից` աստիճանների դիմաց, բացվեց մի փոքրիկ հարթակ` մոտ 3 քմ մակերեսով: Երկրորդ սրահը (42-րդ կացարան) առաջինին կից է և ունի 75 քմ տարածություն: Երկու կացարանները իրար են միանում ընդարձակ դռնով (բացվածքը 1,5 մետր է): Այս կացարանի երկրորդ մուտքի հետքերը նկատվում էին նրա արևելյան մասում, որը տանում էր դեպի չպեղված երրորդ կացարանը: Այս կացարանի սալապատ հատակը ծածկված էր ածուխի և մոխրի հաստ շերտով, ինչը վկայում է հրդեհի և ընկած տանիքի մասին: Այս սրահի արևելյան մասում բացվեցին չորս գլանաձև վերգետնյա օջախներ, որոնց բարձրությունը և տրամագիծը հասնում էր 45-50 սմ-ի: Նման օջախներ հայտնի են Կարմիր Բլուրի բակում կառուցված ժամանակավոր տներում:
Չորրորդ համալիրը ընկած է 2-րդ և 3-րդ համալիրների միջև, ուր պեղվել են յոթ խոշոր կացարաններ (43-46 և 49-51): Այս կացարաններից 43-46-րդը ուղղված են արևելք-արևմուտք ուղղությամբ և իրար են միանում դռներով: 49-51-րդ կացարանները սրանց կից են հյուսիսային կողմից և իրենց հերթին միանում են մեկը մյուսին: Այս համալիրի պեղված տարածքը կազմում է մոտ 400 քմ: Բոլոր կացարանների պատերը, որոնց բարձրությունը հասնում է մինչև 2 մետրի, շարված են տուֆե խոշոր քարերով և ներսից սվաղված են կավով: Դռան բացվածքների շեմերը (լայնությունը 1,1-1,4 մ) շարված են խոշոր, կոպիտ տաշված քարերով և սալերով, որոնց մի քանիսի վրա գտնվել են դռան տուֆե կրունկներ, իսկ մի քանիսի առջև կան տուֆե աստիճաններ: 43-րդ կացարանի հյուսիսարևելյան անկյունում բացվեց 1,1 մ խորությամբ և 1 մ տրամագծով կլոր հոր, ուր գտնվեցին ջարդված օջախների բեկորներª փայտածխի, մոխրի և խոշոր ու մանր եղջերավոր կենդանիների ոսկորների ուղեկցությամբ: Նույն կացարանի հարավարևմտյան անկյունում բացվեց ցածր եզրերով, 63 սմ տրամագիծ ունեցող կլոր օջախ, որի ներսը լի էր փայտածխով և մոխրով: Նման կոտրված օջախ գտնվել է նաև 44-րդ կացարանում:
Պեղումների ընթացքում փորձ արվեց միացնելու երկրորդ և չորրորդ համալիրները, և այդ նպատակով մաքրվեց նրանց միջև ընկած տարածքը: Այստեղ բացվեց մի ընդարձակ (մոտ 400 քմ) հարթակ:
Հինգերորդ համալիրն ունի 400 քմ մակերես, կազմված է մի քանի կացարաններից (47, 52-62-րդ սենյակներ): Այս համալիրը կից է 1-ին և 2-րդ համալիրների արևելյան հատվածին: Համալիրի պատերը համեմատաբար վատ են պահպանվել, նրանց բարձրությունը տատանվում է 0,4-0,9 մ, իսկ լայնությունը 1,1 մ է: Բոլոր կացարանները միացված են դռներով, որոնց բացվածքը 1,1-1,2 մ է կազմում: Դռան շեմերը շարված են խոշոր անմշակ քարերով: Որոշ մուտքերի առջև կան տուֆե սալերից պատրաստված աստիճաններ: Բոլոր կացարանների հատակների առանձին հատվածներում երևում են բնական ժայռեր, որոնց անհարթությունները ծածկված են քարերի և տոփանված հողի շերտով: Հատակների մեծ մասի վրա նկատվում են այրված տանիքի հետքերª փայտածխի, մոխրի և եղեգնի մնացորդների ձևով: Այս կացարանների մեծ մասի ծածկը հարթ է եղել:
Պեղումների ընթացքում գտնվել է հնագիտական հսկայական նյութ, որը հիմնականում կազմված է խեցանոթների բեկորներից: Գտնվել են նաև մետաղե և քարե իրեր:
Գրականություն: Есаян, Калантарян 1976; Есаян 1981; Есаян 1985; Есаян, Калантарян 1988; Калантарян и др. 2003
Աղբյուրը`
Ուրարտուի հնագիտություն (Ամրոց-բնակավայրեր և դամբանային համալիրներ), Երևան: Երևանի համալս. հրատ., 2008, 96-102էջ
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է`