Հնագետ Հակոբ Սիմոնյանը ներկայացրել է Բյուրականի հարևանությամբ՝ պատմական Աղձքում, իրականացված բացառիկ պեղումների արդյունքները, որի ընթացքում հայտնաբերվել են հայոց արքաների մասունքներ:  Սիմոնյանի խոսքով՝ դրանք  Արտաշիսյան և Արշակունյաց արքաների ոսկորներ, մասունքներ են, որոնք հայտնաբերվել են ոչ թե դամբարանում, այլ եկեղեցու սալահատակի տակ:

 Հակոբ Սիմոնյանը նշել է, որ պեղումների և հետազոտությունների արդյունքում խորանի առջև բացահայտվել են երեք քարե սնդուկ, որոնք կնքված էին: Նրանցից մեկի վրա նույնիսկ պահպանվել է խաչը: Երկուսի մեջ էլ մարդկային աճյուններ են եղել: Հնագետի կարծիքով՝ այդտեղ դրված ոսկորները նախքան սնդուկների մեջ դնելը մաքրված են եղել փափուկ հյուսվածքներից: Ըստ Հ. Սիմոնյանի՝ եթե հայտնաբերված ոսկորների մասունքներում պահպանված լինեն օրգանական նյութեր, ապա անպայման կիրականացվի ԴՆԹ հետազոտություն:

 Հ. Սիմոնյանը նաև նշել է, որ դեռևս 3-րդ սնդուկը չի բացվել: Հնագետներն այն ցանկանում են բացել անպայման բարձրաստիճան պաշտոնյաների և լրագրողների ներկայությամբ: Հավելենք, որ ըստ նախնական ծրագրի՝ պեղումները կշարունակվեն ևս մեկ տարի՝ մինչև վերջնական հետազոտությունը պատրաստ լինի:  

 Նշենք, որ պեղումների իրագործման գաղափարական աջակիցը ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանն է: Արագած Ախոյանի խոսքով՝ այն արքաների միակ դամբարանն է, որի տեղը հայտնի է շատերին, և այն պետք է պահպանվի ու հանձնվի հետագա սերունդներին: Աղձքի տարածքն այսօր ներառված է զբոսաշրջային ընկերությունների ծրագրերում, և այս ընթացքում այցելուների թիվը գերազանցում է 500-ը:

 Հավելենք, որ պատմական Աղձք համայնքի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում 2002-ին ներառվել է 14 հուշարձան, այդ թվում՝ 4-րդ դարում կառուցված Աղձք ճարտարապետական համալիրը, Արշակունյաց թագավորների 364-ին կառուցված արքայական դամբարանը, 4-րդ դարում կառուցված եկեղեցու մնացորդներ, մ.թ.ա. 2-1 հազարամյակի դամբարան, գերեզմանոց և այլն: