Հայ-գերմանական համատեղ ջանքերով վիշապ քարակոթողների ուսումնասիրության արդյունքում Գորիսի տարածքում հնագետները վիշապ քարակոթող են հայտնաբերել, որը եզակի է և տարբերվում է մինչ այժմ հայտնաբերվածներից:

 ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը հայտնել է, որ հայկական լեռնաշխարհի տարբեր հատվածներում մինչ այժմ հայտնաբերված վիշապ քարակոթողները քանդակազարդ են եղել: «Մի քանի օր առաջ Գորիսի տարածքում հայտնաբերված քարակոթողը ևս քանդակազարդ է, սակայն սա բացառիկ է նրանով, որ մինչ օրս նմանօրինակ նմուշներ չեն հայտնաբերվել: Վիշապ քարակոթողները հայկական լեռնաշխարհի մոնումենտալ քանդակագործության բացառիկ նմուշներ են, որոնք թվագրվում են Ք.ա. երրորդ հազարամյակով: Դրանք եզակի են, որոնք քարտեզագրվում են միայն հայկական լեռնաշխարհի սահմաններում, և դրանից դուրս գոյություն չունեն»,-ասել է Ավետիսյանը՝ հավելելով, որ քարակոթողները ժողովրդի այդ ժամանակվա ինքնության, մշակույթի առանձնահատուկ դրսևորումներ են: