Հոկտեմբերի 17-ին մեկնարկեց «Հայագիտությունը և արդի ժամանակաշրջանի մարտահրավերները» խորագրով հայագիտական միջազգային երկրորդ համաժողովը:

Ներկայացվեցին նաև բազմաթիվ զեկույցներ հնագիտությանը և ազգագրությանը վերաբերող թեմաներով: Իրենց ելույթներով հանդես եկան զեկուցողներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Ֆրանսիայից և Լեհաստանից, որոնց թվում էին Վլադիմիր Բեսոլովը, Գայանե Շագոյանը, Կոնրադ Սեկերսկին, Գրիգոր Արեշյանը, Լևոն Աբրահամյանը և այլք: Զեկուցումների թեմաները բավական բազմազան էին և ընդգրկում էին պատմության տարբեր ժամանակաշրջաններ՝ էնեոլիթից  մինչև մեր օրերը:

  Հոկտեմբերի 17-ի առաջին նիստի բացումը կատարեց Բորիս Գասպարյանի ՝ «Արենի-1 քարայրի ուսումնասիրության հիմնական արդյունքները» զեկույցը: Զեկույցը ներկայացնում էր Վայոց ձորի մարզում գտնվող Արենի քարայրում կատարված պեղումների արդյունքները: Ի դեպ  Արփա գետի հովտում տեղակայված այս քարայրի ուսումնասիրությունը սկսվել է 2007 թ.-ից: Պեղումների արդյունքում այստեղ հայտնաբերվել են Ք.ա. V հազարամյակի վերջին քառորդից մինչև Ք.ա. IV հազարամյակի կեսերն ընդգրկող ուշ էնեոլիթյան փուլի նյութական մշակույթի մնացորդներ պարունակող 3 հորիզոններ: Բացի ուշ էնեոլիթյան շերտից, քարայրում հայտնաբերվել է  նաև միջնադարի զանազան փուլերին պատկանող նյութական մշակույթի մնացորդներ, որոնց առկայությունը փաստում է անձավի հետագա ժամանակաշրջաններում ևս օգտագործված լինելու մասին: Ընդգծվեց Արենի-1 քարայրի կարևոր դերը թե՛ որպես հնագիտական սկզբնաղբյուր, թե՛ որպես Վայոց ձորի բնակչության կյանքում մեծ նշանակություն ունեցող հուշարձան:

            Հետաքրքրական էր նաև Գայանե Շագոյանի՝ «Հայկական հարսանիք. վերակազմությունից ապակազմություն» վերնագրով զեկույցը: Հեղինակը գիտական մարդակով ներկայացրեց ազգային ծեսի վերակազմության մեթոդաբանությունը:  Զեկուցողը գտնում է, որ ազգային ծեսը դրվում է ազգայնականության հիմքում: Ուսումնասիրության տակ առնելով հայկական հարսանիքը՝ որպես ազգային ծեսի վառ օրինակ, հեղինակը փորձում է հաստատել հայկական ինքնությունը:

Նիստի ելույթների շարքում տեղ էր գտել նաև ճարտարապետությանը վերաբերող մի զեկուցում: Լևոն Աբրահամյանը ելույթ ունեցավ «Ազգայինի և Ստալինյանի միջև. Թամանյանի Երևանը մշակութաբանի տեսակետից» վերնագիրը կրող իր զեկուցմամբ: Հեղինակը ներկայացրեց սովետական ճարտարապետության մշակութային շերտերը: Նա խոսեց 1930-ականների ճարտարապետության միտումների մասին՝ համեմատության մեջ դնելով Երևանի՝ Օպերայի և բալետի թատրոնի և Մոսկվայի Խորհուրդների պալատի նախագծերն և կառուցման հանգամանքները: Հեղինակը ունկնդիրների ուշադրությանը հրավիրեց այն հանգամանքը, որ Խորհուրդների պալատը կառուցվում էր քանդած Փրկչի եկեղեցու տեղը, իսկ Օպերայի և բալետի շենքը՝ Գեթսեմանի մատուռի տեղում: Զեկուցողը նշեց, որ չնայած այս երկու շինությունների կառուցման հանգամանքները նման էին, սակայն կար մի մեծ տարբերություն, այն է՝ Փրկչի եկեղեցին Մոսկվայում կառուցվել է տեղագրական և հակակրոնական պատճառներով, իսկ Գեթսեմանի մատուռը՝ զուտ տեղագրական պատճառով: Թամանյանը այն համոզմանն էր, որ այդ մատուռի տեղում ժամանակին եղել է երգի և սիրո հեթանոսական տաճար, ինչի մասին Թամանյանը պատմել է նաև մեծանուն հայ նկարիչ Մ. Սարյանին: Լ. Աբրահամյանը ի եզրափակում իր ելույթի՝ ընդգծեց նաև այն փաստը, որ թատրոնի շենքը նմանություններ և աղերսներ ունի Զվարթնոցի տաճարի հետ, և որ Թամանյանի ճարտարապետության մեջ շատ են հայկական եկեղեցիների տարրերը:

ԱՄՆ-ից ժամանած Գրիգոր Արեշյանը խոսեց «Հայոց ցեղասպանությունը հնագիտության մարտադաշտում» թեմայի շուրջ: Հեղինակը անդրադաձավ Թուրքիայում օսմանյան և հայկական հուշարձանների  պահպանության խնդիրներին: Ընդգծելով այն փաստը, որ հայոց իրավունքների ճանաչումը շատ կարևոր մի փուլ է՝ նշեց Թուրքիայի բազմամշակութային ժառանգության ուսումնասիրության և պահպանման գործում անկեղծ և ոչ քաղաքական հետաքրքրություններ ունեցող թուրք գիտնականների հետ համագործակցության ու համատեղ ծրագրերի կարևորության հարցը:

Տե´ս նաև` «Հայագիտությունը և արդի ժամանակաշրջանի մարտահրավերները» միջազգային 2-րդ համաժողովի զեկուցումների  դրույթների ժողովածու