ԱՐԳԻՇՏԻԽԻՆԻԼԻ (ԱՐՄԱՎԻՐ): Արգիշտիխինիլիի ուսումնասիրության պատմությունը սերտորեն կապված է հետագայում նրա տարածքում կառուցված Հայաստանի հնագույն մայրաքաղաք Արմավիրի հետ: Մ. Խորենացին հաղորդում է Հայկի թոռան՝ Արամայիսի կողմից Արմավիրի կառուցման մասին. «Արամայիսը իր բնակչության համար տուն է շինում գետի ափին` մի բլրի վրա, և իր անունով կոչում է Արմավիր, իսկ գետը կոչում է Երասխ՝ իր թոռան՝ Երաստի անունով»:
Խորենացու մոտ պահպանված ավանդությունները Արմավիրի մասին հետաքրքրություն են առաջացնում եվրոպական գիտնականների մոտ: Արդեն XIX դ. առաջին կեսին Արմավիրով հետաքրքրվում են Կերպորտերը, Սեն-Մարտենը, իսկ ավելի ուշ՝ Շանտրը: Արմավիրի ուսումնասիրության գործում մեծ դեր են խաղացել նաև Էջմիածնի վանական գիտնականները: Նրանց հետ է կապված այստեղ գտնված սեպագիր արձանագրությունների հրատարակումը և Արգիշտիխինիլիի հայտնագործումը: Այդ գործում հատկապես մեծ է Մ. Սմբատյանի դերը, որը, հավաքելով սեպագիր արձանագրությունները, հրատարակում էր դրանց պատճենները:
Այս նյութերը, ինչպես նաև Խորենացու հիշատակությունը Արմավիրում կառուցված հեթանոսական տաճարների և նրանց մեջ կանգնեցված հոյակապ արձանների մասին, հիմք ծառայեցին, որպեսզի Թիֆլիսում կայացած 5-րդ հնագիտական համագումարի համար նյութեր նախապատրաստելու նպատակով 1880 թ. հետախուզական պեղումներ կատարվեն Արմավիրում: Արշավախումբը, Ա. Երիցյանի և Ա. Ուվարովի գլխավորությամբ, հետազոտեց տարբեր ժամանակներին վերաբերող մի քանի դամբարաններ և մասնակի պեղումներ կատարեց բլրի գագաթին ու ստորոտին:
Արգիշտիխինիլի-Արմավիրի պեղումները վերսկսվեցին միայն 1962 թ.: Նոր Արմավիրում Հ. Մարտիրոսյանը սկսեց ուսումնասիրել Արգիշտիխինիլին, իսկ Արմավիրում Բ. Առաքելյանը հետազոտում էր հին Արմավիրը: Հետագայում արշավախումբը ղեկավարեց Գ. Տիրացյանը:
Ըստ Խորխորյան տարեգրության և Վանի Սուրբ Սահակ եկեղեցու պատին պահպանված նրա կրկնօրինակի` Արգիշտի I-ը կառուցել է Արգիշտիխինիլին իր կառավարման 11-րդ տարում` Ք.ա. 776 թ., տվել է նրան իր անունը և Արաքսից ջրանցք է տարել քաղաքի համար: Քաղաքի հիմնադրման պատմության ուսումնասիրության համար կարևոր նշանակություն ունի Արմավիրից ոչ հեռու գտնված մի այլ արձանագրություն, որում Արգիշտի I-ը հաղորդում է, որ նա հզոր ամրոց է կառուցել, տվել է նրան Արգիշտիխինիլի անունը, գետից չորս ջրանցք է տարել և այգի է հիմնել: Ոչ պակաս մեծ աշխատանքներ են կատարվել ամրոցի և քաղաքի կառուցման համար: Հուշարձանը զբաղեցնում էր մոտ 1000 հա տարածություն:
Սարդուրի II-ի, Ռուսա I-ի և Ռուսա III-ի օրոք շարունակվում են քաղաքի կառուցապատման աշխատանքները: Հատկապես հետաքրքիր են Սարդուրի II-ի արձանագրությունները, ուր նա հաղորդում է Սուսի տաճարի և ՚Խալդյան դարպասներիՙ կառուցման մասին: Նույն թագավորի այլ արձանագրություններում խոսվում է արքայական և տաճարային տնտեսությունների կազմակերպման, խաղողի և պտղատու ծառերի, այգիների հիմնման և այլ աշխատանքների մասին:
Արգիշտիխինիլիի բնակչությունը կազմված էր տեղացի և նվաճված բազմաթիվ երկրներից վերաբնակեցված մարդկանցից: Տնտեսական կյանքը աշխույժ զարգացել է քաղաքի ամբողջ գոյատևման ընթացքում:
Պեղումների ընթացքում ուսումնասիրվել է արևմտյան ամրոցը, որը գտնվում է արևելյանից 3400 մ հեռավորության վրա: Արևմտյան ամրոցը կառուցվել է «Դավթի բլրիՙ վրա` 52 մետրով բարձրանալով հարթավայրից: Ամրոցը 2 հեկտար է: Այն ամրացված է քարե հիմնապատ ունեցող հում աղյուսաշար պարսպով: Պարսպի ուղիղ տարածքները ամրացված են որմնահեծերով և անկյունային աշտարակներով: Բլրի բնական թույլ պաշտպանված հատվածները ամրացվել են հյուսիսային կողմից եռաշարք, իսկ հարավային կողմից երկշարք պարիսպներով: Հիմնապատի բարձրությունը տեղ-տեղ հասնում էր 3-4 մ, իսկ լայնությունը տատանվում էր 2-5 մ:
Քաղաքի հետ ամրոցը հաղորդակցվում էր երեք դարպասների միջոցով, որոնցից երկուսը կառուցված էին հյուսիսային, իսկ մեկը` արևելյան ուղղություններում: Բոլոր դարպասները լավ պահպանված էին հզոր անկյունային աշտարակներով:
Արգիշտի I-ի օրոք ամրոցը զբաղեցնում էր 1 հա տարածք և պաշտպանված էր մեկ շարք պարիսպներով, իսկ Սարդուրի II-ի ժամանակ կառուցվում են մյուս պարսպապատերը:
Արգիշտի I-ի կողմից Արևմտյան ամրոցում կառուցված ամենախոշոր շինությունը արևելք-արևմուտք ուղղվածությամբ պալատական շենքն էր` 3000 մ2 տարածքով: Հանդիսավոր մուտքը կառուցված է արևելյան արտաքին պարսպի մեջ և պաշտպանված է երկու հզոր աշտարակներով, իսկ արևմտյանը տանում է դեպի ընդարձակ բակը: Պալատը վեր է խոյանում իրար միացող երեք աստիճանաձև ժայռելուստների վրա և կազմված է 19 ընդարձակ, տարբեր նշանակության կացարաններից: Նրա հիմնական շինությունը մի ընդարձակ դահլիճ է, որի ծածկը կրում են քսան փայտե սյուներ: Սյուների բազալտե խարիսխների վրա պահպանվել են Արգիշտի I-ի սեպագիր արձանագրությունները` «Խալդի աստծո մեծությամբ Արգիշտին` Մենուայի որդին, այս տունը կառուցեց» բովանդակությամբ:
Դահլիճից դեպի հյուսիս կառուցվել էին բնակելի սենյակները, իսկ դեպի հարավ` ընդարձակ մառանները, ուր պահպանվել են 1000 լիտր տարողության մոտ 200 կարասներ: Պալատի արևելյան հատվածում բացվել են ընդարձակ հանդիսավոր դահլիճներ և դրանց կից սենյակներ` նախատեսված հյուրընկալության համար: Պալատի սյունազարդ դահլիճը, ինչպես Էրեբունիում, հետագայում վեր է ածվել գինու մառանի, ուր տեղադրվել են 35 խոշոր կարասներ:
Պալատից դուրս` բակի հյուսիսային մասում, կառուցվել են ընդարձակ շտեմարաններ, որոնց հատակը ծածկված է եղել այրված ցորենով: Այս շինությունների մեջ էր գտնվում բակը, որն ուներ 700 մ2 տարածք և կապված էր ամրոցի հյուսիսային դարպասների հետ: Արևմտյան կողմում բակը միջնաբերդի արևմտյան հատվածից սահմանազատված էր հիմնական պատով, որի կենտրոնում պահպանվել է ընդարձակ մուտքը: Դիմացի հրապարակի պարագծով կառուցվել են երեք տաճարներ: Նրանցից երկուսը կազմված էին մեկ կամ երկու դահլիճներից` յուրաքանչյուրը 200 մ2 մակերեսով: Պահպանվել են սյունաշարի առանձին խարիսխները, իսկ պատերը ծածկված են եղել բազմագույն որմնանկարներով:
Տաճարային համալիրի երրորդ շինությունը 400 մ2 մակերես ունեցող խոշոր շենք է, որի հզոր պատերի հիմնաշարերն ունեն 2,5 մ, իսկ պարիսպներին հարող հատվածում` 5 մ հաստություն: Խնամքով շարված դռան բացվածքները հարդարված են քարերով:
Բացի պալատական համալիրներից, արևմտյան ամրոցի մյուս հատվածներում բացվել են բազմաթիվ բնակելի, պահեստային ու տնտեսական շինություններ, որոնք իրենց կառուցողական տեխնիկայով և հորինվածքով բնորոշ են ուրարտական ճարտարապետությանը:
1973 թ. պեղումների ընթացքում առաջին անգամ պեղվեց ջրավազանը: Այն ուղղանկյուն շինություն է, որի պատերի հաստությունը 3,3 մետր է: Ունի ձագարի տեսք: Հիմքի չափերն են 5,5x3,2 մ, իսկ վերին մասումª 6,75x5 մ: Տարողությունն ավելի քան 80000 լիտր է: Կարելի է ենթադրել, որ այն կառուցվել է Սարդուրի II-ի օրոք:
Արևելյան ամրոցի պեղումներն աչքի են ընկնում ուրարտական և վաղ հայկական շինություններով: Արգիշտիխինիլիի արևելյան ամրոցը մեծ չէ, ունի 2 հա տարածք: Հատակագծում այն ուղանկյուն է` ամրացված ոչ մեծ աշտարակներով և կոնտրֆորսերով:
Հետաքրքիր կառույցներ են պեղվել նաև քաղաքի առանձին հատվածներում: Երկրորդ տեղամասում բացված տունը, պատկանել է քարտաշ վարպետին: Այն կազմված է 6 պահպանված և մի քանի ավերված սենյակներիցª 450 մ քառ. ընդհանուր տարածքով: Պատերը շարված են խոշոր բազալտե քարերից, որոնք ներսի կողմից սվաղված են կավով: Պատերի վերին հատվածները շարված են հում աղյուսով: Դռան շեմքերը շարված են տուֆե սալերով: Գտնվել են բազալտե դռան կրունկներ: Սենյակների հատակները սվաղված են: Ընդարձակ բնակելի սենյակների շուրջ տեղադրված էին ավելի փոքր` տնտեսական նշանակության շինություններ: Հյուսիսարևելյան անկյունի կացարանում բացվել է գինու ընդարձակ մառան, ուր տեղադրված էին 8 մեծ և 3 միջին չափսի կարասներ, որոնց ընդհանուր տարողությունը հասնում էր 12-13 հազար լիտրի: Հակառակ անկյունում տեղադրված էր գոմը, ուր կարող էր պահվել 30-40 գլուխ մանր եղջերավոր անասուն: Գոմի հատակը ծածկված էր քարե սալերով, որոնց վրա տեղադրված էին կերի համար նախատեսված մի քանի քարե տաշտեր: Կենտրոնական սենյակներում գտնվել են խեցանոթներ, քարե տափակ տապականեր, բազալտե թասեր, տուֆե սալեր և երկաթից պատրաստված քարտաշի կացիններ:
Նույն տեղամասում պեղված երկրորդ տունը պատկանում է քաղաքի բարձր աստիճանավորներից մեկինª կնիքագործին կամ ՚կնիք պահողինՙ, որի պաշտոնը վկայված է սեպագրերում: Շենքի արտաքին խոշոր պատերը ամրացված են հենապատերով: Նրա ընդհանուր տարածքը կազմում է 614 մ քառ.: Տան շքամուտքը գտնվում է հյուսիսարևմտյան անկյունում: Շենքը ուղղանկյուն է` 77 մ քառ. տարածք ունեցող կենտրոնական դահլիճով, որը մյուս սենյակների հետ կապվում է 6 դռներով: Դահլիճի կենտրոնում պահպանվել են երկու քարե խարիսխ: Դահլիճը ծառայել է որպես մեծ ընտանիքների հավաքատեղի:
Դահլիճից հյուսիս պեղվել է մի ընդարձակ բնակելի սենյակ, որը չորս դուռ ուներ: Ընդարձակ սենյակի շուրջը խմբավորված էին 9 այլ սենյակներ` գյուղատնտեսական մթերքներ պահելու և տնտեսական այլ նպատակների համար: Սենյակներից մեկում գտնվեցին հացահատիկ պահելու 5 մեծ կարասներ, կավե տաշտ, թոնիր, ջրի անոթներ և օջախ: Բացի քարե և կավե տարբեր ձևերի անոթներից, այստեղ գտնվել է եղնգաքարե (օնիքս) կնիք, որի վրա պատկերված է մի եղջերու: Մեկ այլ կնիքի վրա փորագրված է ձիու գլուխ:
Ներկայացվող տունը պատկանում է քաղաքի ոչ շատ հարուստ մի բնակչի: Նա զբաղվում էր քարե իրեր պատրաստելով և դրանց փորագրությամբ: Այս տունն ուներ 250 մ քառ. ընդհանուր մակերես և կազմված էր մի քանի սենյակներից: Դրանցից առաջինը, որը տեղադրված էր հարավարևմտյան անկյունում, ուներ օջախ և չորս սյուներով կոնաձև ծածկ: Այստեղ բացվեցին կավից պատրաստված բարձր նստարան-հարթակ և քարից պատրաստված մեծաքանակ իրեր, որոնք, ըստ երևույթին, ուրարտական կոնաձև կնիքների և հմայիլների պատրաստուկ են հանդիսացել:
Քաղաքում պեղված տներից առավել հետաքրքիր է երրորդ թաղամասում բացված քուրմ-բժշկի տունը: Այն կառուցված է մի բարձր հրաբխային կոնի գագաթին: Համալիրը զբաղեցնում է 400 մ քառ. տարածք և ունի ուղղանկյուն հատակագիծ: Այն կազմված էր տարբեր նշանակություն ունեցող ինը սենյակներից, որոնք ունեին բնակելի, ծառայողական և պահեստային գործառույթ: Այս տունը քաղաքի գրավման ընթացքում հարյուրավոր այլ տների հետ հրդեհվել և թալանվել էր: Փլված տանիքի տակ գտնվեցին մի կնոջ, ինչպես նաև տարբեր կենդանիների կմախքներ, բազմաթիվ խեցանոթների բեկորներ: Դրանց մեջ ուշադրության են արժանի նրբագեղ անգոբապատված, փայլեցված 2-7 սմ-ոց անոթները (թասեր, կճուճներ, մեկ կանթանի սափորներ, երկկանթ գավաթներ): Բնականաբար, այս փոքրիկ անոթները խոհանոցային կամ սպասքի պարագաներ չեն: Դրանք օգտագործվել են տարբեր օծանելիքների, անուշահոտ յուղերի, բուժախոտերի ոչ մեծ դեղաքանակների պատրաստման և պահպանման համար:
Այստեղ գտնված կենդանիների մնացորդները վկայում են, որ տանը պատրաստվել են տարբեր բուժիչ դեղամիջոցներ: Ս. Մեժլումյանի բնորոշմամբ` գտնվել են մուֆլոնի, եղջերվի, աղվեսի, գայլի ձագի, նապաստակի, կուղբի, ոզնու և այլ կենդանիների առանձին օրգաններն ու մարմնի որոշակի մասերը, որոնք լայնորեն օգտագործվում են ժողովրդական բժշկության մեջ: Այսպես, կրիայի արյունը, գինու հետ խառնված վիճակում, օգնում է հազի, ականջացավի և խոցի բուժմանը: Հետաքրքիր բուժիչ հատկություն ունի ոզնին: Նրա այրված ասեղները բուժում են աչքերը, իսկ միսը օգտագործվում է երիկամների, օձի կծածի, հոդերի բուժման ժամանակ:
Արգիշտիխինիլիի պեղումների շնորհիվ գտնվեց հսկայական հնագիտական նյութ: Զարգացած մետաղագործության մասին են վկայում ոչ միայն նյութական մշակույթի առարկաները, այլ նաև դարբին-բրոնզեձուլողի արհեստանոցը: Այն պեղվել է միջնաբերդի արևելյան մուտքի երկու աշտարակների միջև գտնված աստիճանավանդակի տեղում: Այստեղ գտնվել է տուֆից տաշտ, որի հատակին կար անցք: Այն քարե խողովակով միանում էր ժայռերի մեջ փորված խորը հորի հետ: Այս կառույցը, ըստ երևույթին, ծառայել է հանքաքարի մանրացման, լվացման և հարստացման նպատակների համար: Կացարանի հատակին գտնվել են մետաղե խարամի մեծաքանակ կտորներ: Գտնվել է տուֆից պատրաստված մարդու ոճավորված արձան: Այն ունի խոշոր, կլոր աչքեր, երկար, ուղիղ քիթ, ձվաձև բերան և քառակուսի մորուք: Կրծքին խաչված ձեռքերի տակ ոչ խորը գծիկներով պատկերված է մարդակերպ էակ, որն իր ձևով նմանվում է ժայռապատկերներում հանդիպող նետաձիգներին: Այս պատկերները կրկնում են զոդիակի նշաններից Աղեղնավորին, որը հայ դիցաբանության մեջ նույնանում է երկնային դարբնին: Արգիշտիխինիլիի արևելյան ամրոցում բացվել է երկրորդ դարբնոցը, ուր գտնվել են զնդան և մշակված երկաթի խոշոր բեկորներ: Այս` հալոցներով և կաղապարներով արհեստանոցում, դարբնի վառարանի հնոցու վարպետները պատրաստում էին տարբեր չափսերի և ձևերի մուրճեր, հատիչներ, աքցաններ, զենքեր ու զարդեր:
Հետաքրքիր են ամրոցում գտնված հյուսածո ճաղերից գործված և կաշվով պատված վահանի մնացորդները: Սովորաբար այսպիսի վահանների կենտրոնում ամրացվում էին կոնաձև սրածայր ումբոններ: Սպառազինության նմուշներից են թեփուկավոր զրահի թիթեղները, նիզակը, երկար ակինակը, նշաձև և տերևաձև երկաթե նետասլաքները:
Մետաղե իրերի վերջին խմբին են վերաբերում զարդերը: Այս խմբի մեջ աչքի են ընկնում տարբեր ձևերի շքասեղները, շիգղերը (ֆիբուլաներ), որոնք հիմնականում ձուլված են և ունեն նեղ կամ ձգված աղեղների ձև: Ոչ մեծ թվով հանդիպում են կլոր լարից պատրաստված ականջօղեր: Ավելի շատ են ապարանջանները (հատկապես օձագլուխ): Գտնվել են միջին չափերի ճարմանդներ և կոճակներ:
Արգիշտիխինիլիի պեղումներից հայտնաբերվել են հսկայական թվով խեցանոթներ: Քաղաքի պեղումների ժամանակ բացվել է նաև բրուտագործի տունը, ուր գտնվել են բրուտի դազգահի երեք կավե անիվներ: Տան մոտ բացվել է տուֆից պատրաստված մարդու քանդակ: Խեցեղեն նյութերի մեջ աչքի են ընկնում կարասները, որոնք զարդարված են հյուսածո, եռանկյունաձև, կամարաձև, ուղղանկյունաձև նախշերով և հարթ գոտիներով: Այս անոթները հիմնականում օգտագործվել են գինի և ձեթ պահելու համար: Հանդիպում են նաև կարասներ, որոնց մեջ պահվել է հացահատիկ: Մեծ թիվ են կազմում սիգարաձև անոթները, որոնք օգտագործվել են կորեկից և գարուց գարեջուր ստանալու ու պահելու համար: Արգիշտիխինիլիում օգտագործվում էին կաթնամթերք պատրաստելու (մածուն, յուղ, պանիր) և պահելու համար նախատեսված տաշտեր, չաներ: Առանձին բազմաձևությամբ աչքի են ընկնում տարբեր երանգների կճուճները: Նրանք ունեն ուռուցիկ, գնդաձև, ձվաձև իրան, լայն վզեր: Կարմրավուն կճուճներից մեկի ուսը զարդարված է մարտակառքի գծապատկերով, մյուսները` ձիու, կենաց ծառերի պատկերներով: Որոշ անոթների վրա դաջված են առյուծների և այծերի պատկերներ: Մեծ խումբ են կազմում միականթ սափորները: Նրանցից ամենախոշորներն ունեն մոտ 20 լիտր, ամենափոքրերը` 15-20 գրամ տարողություն: Գտնվել են քրեղաններ, թասեր, սկահակներ սկուտեղներ, ծորակներով սափորներ, գավաթներ և այլն: Դրանցից շատերի վրա կան վարպետների տարբեր նշաններ:
Արգիշտիխինիլիում տարածված արհեստներից էր քարի մշակումը: Բացի շինարարական աշխատանքների համար օգտագործվող քարի հսկայական ծավալներից, որի համար պահանջվում էին քար կտրող և մշակող վարպետներ ու պատշարներ, այն օգտագործվում էր նաև բազմաթիվ այլ կարիքների համար: Բազալտից պատրաստվում էին տարբեր ձևերի և չափերի աղորիքներ, տրորիչներ, սանդեր ու սանդկոթեր, մուրճեր: Լայնորեն օգտագործվում էին նաև տուֆը և պեմզաքարը, որոնցից պատրաստվում էին ամենաբազմազան ձևերի տրորիչներ, կոտրիչներ: Տուֆից պատրաստվում էին անասուններին կերակրելու համար նախատեսված տաշտեր, ձուլման կաղապարներ, բրուտի անիվներ: Աստվածների արձանները, ինչպես նաև սրբազան անկյուններում տեղադրված հենակները, նույնպես կերտում էին քարից: Հատկապես լայն տարածում ուներ կենցաղային իրերի արտադրանքը: Այս իրերի մեջ հանդիպում են ինչպես կոպիտ տնայնագործական, այնպես էլ բարձր վարպետությամբ պատրաստված բարակ, գերազանց հղկված պատերով թասեր և սկահակներ: Հմուտ վարպետները արտադրում էին ամենաբազմազան ձևերի ուլունքներ և նուրբ փորագրություն ունեցող կնիքներ:
Արգիշտիխինիլիի պեղումները բացահայտեցին քաղաքի անկման պատճառները և ժամանակը: Արգիշտիխինիլին, ինչպես և Թեյշեբաինին, ընկել է մարա-սկյութական հրոսակախմբերի հարվածների հետևանքով:
Գրականություն: Ղաֆադարյան 1984; Մարտիրոսյան, Թորոսյան 1986; Ìàðòèðîñÿí 1967; Ìàðòèðîñÿí 1974; Òèðàöÿí1978á; Òèðàöÿí 1988
Աղբյուրը՝
Ուրարտուի հնագիտություն (Ամրոց-բնակավայրեր և դամբանային համալիրներ), Երևան: Երևանի համալս. հրատ., 2008, 85-95 էջ
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է`