Հանրագիտարան >> Հնագիտության հանրագիտարան >> Բնակարանային ճարտարապետություն: Ուրարտական ճարտարապետության առանձնահատկությունները

 Բնակարանային ճարտարապետություն: Ուրարտուում բնակելի տների կազմավորումը մի դեպքում որոշվում էր բնակիչների անհատական պահանջներով, մյուս դեպքում այդ կազմավորումը թելադրվում էր բնակիչների հասարակական կենցաղի ուրույն վիճակով: Վերջինս վերաբերում է այն դեպքերին, երբ բնակիչները զինվորական, ինչպես նաև վարչական մարմինների բարձրաստիճան գործիչներ էին, որոնք չունեին սեփական տնտեսություն և ենթակա էին պետական պարենավորման: Այս իրավիճակն Ուրարտուում ստեղծեց բնակելի տան այնպիսի տիպեր, որոնք պետական իշխանության և նրա պահանջների արգասիքն էին: Նման բնակելի տների հատակագծային հորինվածքները խարսխվում էին ճարտարապետության բնագավառում առաջացող նոր, այն է` ՚տիպայինՙ լուծումների սկզբունքների վրա, իսկ դրա հետ մեկտեղ առաջ էին գալիս նաև բազմասեկցիոն ու բազմահարկ, ամեն առումներով իսկական քաղաքատիպ բնակելի շենքեր:

Ուրարտուի բնակարանային ճարտարապետության մասին առաջին տեղեկությունները պահպանվել են Խորենացու մոտ և վերաբերում են Տուշպային: Վերջինս, ըստ պատմահոր հաղորդումների, բավական մեծ, բարեկարգ, անառիկ մի բերդաքաղաք էր, բազմաթիվ երկհարկ և եռահարկ շենքերով: Վանի մոտ գտնվող Թոփրաք Քալե քաղաքի պեղումներից հայտնաբերված բրոնզե հարթաքանդակը, ուր պատկերված է եռահարկ բնակելի մի տուն, հաստատեց Խորենացու հայտնած տեղեկության հավաստիությունը: Ներկայումս, բացի տվյալ հարթաքանդակից, ուրարտական բազմահարկ շենքերն իրենց տեսանելի մնացորդների ձևերով հայտնի են Կարմիր Բլուրի, Արագածի և Բաստամի միջնաբերդերում:

Ուրարտուի բնակելի ճարտարապետության մասին հայտնի տեղեկությունները պարզում են բնակելի տների հետևյալ երեք դասերը` մենատներ, բնակելի տներ` խմբային կառուցապատումներով, և միահարկ ու բազմահարկ սեկցիոն տներ:

Մենատներն իրենց մեջ միավորում էին բնակելի, տնտեսական, պահեստային սենյակներ, ընտանի կենդանիների համար հատկացված համապատասխան հատվածներ և կառուցվում էին ավանդական` հում աղյուսի պատերով, քարե գետնախարիսխների վրա, հարթ ծածկերով, վերևի լուսավորությամբ, իսկ ամբողջությամբ վերցրած` ներկայացնում էին պարսպապատված ներքին տարածություններ` իրենց արտաքին միակ դռնով: Տան մեջ էր գտնվում նաև նրա պաշտամունքային անկյունն իր համապատասխան քանդակակերտ կուռքով: Հայտնի օրինակների թվին են պատկանում Արգիշտիխինիլիի, Արագածի, Թեյշեբաինիի մենատները:

Բնակելի տները` խմբային կառուցապատումներով, ունեցել են բազմաթիվ բնակելի, տնտեսական, պահեստային սենյակներ, դահլիճ, բակ` տնտեսական կարիքների և առանձին հատված` ընտանի կենդանիներ պահելու համար: Այսպիսի տներն ունեին փայտյա հարթ ծածկ, քարե պատեր, իրենց հում աղյուսի վերևի շարքերով, այսինքն, կառուցված էին ուրարտական ճարտարապետության ավանդական սկզբունքներով: Նման տների դասական օրինակները հայտնի են Թեյշեբաինիից և Բաստամից:

Ինչ վերաբերում է սեկցիոն բնակելի տներին, ապա սրանք ստեղծվել են բնակիչների կենցաղի անհատական պահանջների ընդհանրության հաշվառումով, ինչը պայմանավորված էր այնպիսի ապրելակերպով, երբ բնակիչը չուներ մասնավոր տնտեսություն և ենթակա էր պետական պարենավորման: Ներկա դեպքում, հավանաբար, դրանք պետական ծառայության մեջ գտնվող ռազմիկներ էին: Սեկցիոն տների հատակագծային լուծումների տիպարային սկզբունքները անակնկալ հորինվածքներ չեն Հին Արևելքի ճարտարապետության համար: Դրանք հիմնականում մի շարք միատիպ սենյակներից և մի քանի սեկցիաներից բաղկացած մեկ կամ մի քանի հարկանի համալիրներ են համանման պայմաններում գտնվող բնակիչների (օր. ռազմական հրամանատարների) համար: Հիմքեր կան ենթադրելու, որ սրանք զորանոցային շենքեր (ուրարտ. barzudibiduni) պիտի լինեին: Նմանատիպ ճարտարապետության նմուշներ հայտնի են Թեյշեբաինիից (պեղումներ), Թոփրաք Քալեից և Քեֆ Քալեսիից (պատկերագրություն):

 

Գրականություն: Շիրմազյան 1962; Հովհաննիսյան 1964; Պիոտրովսկի 1971; Զարյան 1986; Հարությունյան 1978 ; Հարությունյան 1992; Հովհաննիսյան 1996; Сивков 1944; Шлеев 1954; Кафадарян 1967; Кафадарян 1972; Мнацаканян и др. 1978; Халпачян 1980; Оганесян 1970; Оганесян 1981; Оганесян 1985; Belck 1895; Kleiss 1963-1964; Riemschneider 1965; Stronach 1967; Riemschneider 1970; Naumann 1968; Kleiss 1976c; Yutaka 1979; Kleiss 1979b; Kleiss 1979c; Kleiss 1982; Gunter 1982; Forbes 1983; Sinclair 1987; Kleiss 1988; Ussishkin 1994b; Smith, Kafadarian 1996

Աղբյուրը՝ 

Ուրարտուի հնագիտություն, (Ամրոց-բնակավայրեր և դամբարանային համալիրներ): Երևան:Երևանի համալս. 2008, էջեր 120-124

 

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է`

www.armenianarchaeology.am