ՃՄԻՆ (ԱԼԹԸՆ ԹԵՓԵ) :Ճմինի ամրոցը գտնվում է Երզնկա քաղաքից 26 կմ դեպի արևելք, մոտ 60 մ բարձրություն ունեցող բլրի գագաթին: Այստեղ, սկսած 1956 թ. սիստեմատիկ պեղումներ է կատարել Թ. Օզգյուչը: Ցավոք, պեղումների ընթացքում ամրոցի ուրարտական անվանումը հաստատող որևէ արձանագրություն չի գտնվել: Ամրոցից ոչ շատ հեռու գտնվում է հայկականª Ճմին գյուղը: Ճմինի պեղումները մեծապես նպաստեցին ուրարտական ճարտարապետության, մշակույթի և արվեստի ուսումնասիրությանը:
Բացի Թ. Օզգյուչից, որը հրատարակել է երկհատոր աշխատություն խնդրո առարկա հուշարձանի մասին, մի շարք գիտնականներ, ինչպիսիք են Վ. Կլայսը, Թ. Ֆորբսը, Մ. Վան Լունը, Դ. Բարնետը, փաստագրել են ամրոցի պատմությունը: Հեղինակներն անդրադարձել են հուշարձանի պաշտպանական, պալատական և տաճարային համալիրների ճարտարապետությանը, մշակույթին:
Ճմինի միջնաբերդը կառուցվել է բլրի գագաթին: Նրա պաշտպանական կառույցները քիչ են ուսումնասիրվել: Ամրոցի պարիսպները երկհարանի ենª զրահապատ շարվածքով: Մինչև 40 տ քարե զանգվածների միջուկը լցված է քարահողային լիցքով: Այս տեխնիկան ավելի բնորոշ է հին կիկլոպյան ամրոցաշինությանը և վկայում է այն մասին, որ Ք.ա. VIII դ. Ուրարտուում շարունակվում էին Հայկական լեռնաշխարհի բրոնզ-երկաթեդարյան շինարարական մշակույթի ավանդույթները: Պարիսպների քարե հիմքի վրա կառուցվել են հում աղյուսով շարված մինչև 12 մ բարձրությամբ պատերը: Այսպիսի չափերը ուրարտական ամրոցաշինության համար եզակի են, քանի որ պարիսպների պատերի հաստությունը սովորաբար տատանվում է 2,5-5 մ միջև: Պարիսպները ամրացված են իրարից 11 մ հեռավորության վրա տեղադրված ուղղանկյուն որմնահեցերով, որոնք պատերից առաջանում են 1 մ: Նրանք ունեն 1-2,25 մ լայնություն: Սովորաբար ուրարտական որմնահեցերի երկարությունը տատանվում է 5-7 մ:
Ավելի լավ պեղված ու մանրամասն ուսումնասիրված են տաճարը, բակը և պալատական շինությունների մի մասը: Ճմինի տաճարը, որը տեղադրված էր բակի խորքում, հատակագծում քառակուսի է` 13,9x13,9 մ արտաքին չափերով: Տաճաի հիմքը կառուցված է սրբատաշ անդեզիտից, որի վրա պահպանվել են հում աղյուսի պատերը: Տաճարի չորս անկյունները եզրագծված են որմնահեցերով: Պատերն ունեն 4,35 մ հաստություն, որի հետևանքով ցելլան ավելի փոքր է (5,2x5,2 մ): Մուտքն ունի երկու աստիճան, որոնց երկու կողմում դրված են փոքր անցքեր ունեցող սրբատաշ քարե սալեր: Այս անցքերում, հավանաբար, դրվել են նիզակներ:
Մուտքից դեպի ցելլան ընկած տարածքում կառուցվել է 1,5 մ լայնությամբ և 3,8 մ երկարությամբ միջանցք: Ցելլայի հատակը կավածեփ է, և հնարավոր է, որ հնում այն ծածկված է եղել խսիրով կամ գորգով: Բոլոր պատերի տակ պահպանվել են նեղ, սրբատաշ քարից կառուցված նստարաններ: Ցելլայի խորքում գտնվում է 1,9x1,45 մ չափերով քարե պատվանդան: Հաշվի առնելով պատվանդանի չափերը` կարելի է ենթադրել, որ նրա վրա դրված արձանը, հավանաբար, մեծ ծավալ է ունեցել: Պատվանդաններ պահպանվել են նաև ուրարտական այլ հուշարձաններումª Նեքին Խնձորում, Էրեբունիում, Թոփրաք Քալեում և այլուր: Սակայն դրանցից ոչ մեկում արձաններ չեն գտնվել: Պատվանդանի դիմացª հատակին, գտնվել են երկու երկաթե և երկու բրոնզե մականի գլուխներ, նետասլաքներ, գավազանի գլուխներ, սաղավարտներ, վահաններ, փղոսկրյա զարդեր և այլն: Ցելլայի պատերը պահպանվել են 1,15 մ բարձրությամբ: Ներսի կողմից հում աղյուսը ծածկված է սվաղի հաստ շերտով, որի վրա կարմիր, կապույտ, սպիտակ, սև և դարչնագույն գույներով պատկերված են երկրաչափական և բուսական նախշազարդեր: Չնայած տաճարի անվան վերաբերյալ որևէ արձանագրություն չի պահպանվել, այնուամենայնիվ ճշտիվ ենթադրվում է, որ տաճարը նվիրված է եղել Խալդիին:
Տաճարը տեղադրված է ընդարձակ, 17x27 մ չափերով բակի խորքում: Չորս կողմից այն շրջապատված է եղել սյունաշարով, որից պահպանվել են 0,2 մ բարձրությամբ և 0,7 մ տրամագծով քարե սրբատաշ սյունախարիսխները: Հատակը սալապատված է մանր քարերով: Սյունաշարի հարավային հատվածումª հատակի վրա, գտնվել են բրոնզե սաղավարտներ, վահաններ, երկաթե ու բրոնզե նիզակներ, փղոսկրյա իրեր, հավանաբար կահույքին պատկանող ոսկու բարակ թիթեղներ, սեղանª երեք բրոնզե ոտքերով և դռան բրոնզե շղթա: Բակը բոլոր կողմերից օղակված է 2,5 մ հաստությամբ պատերով: Այստեղ գտնվել են երեք զոհասեղաններª գլխավորը` տաճարի մուտքի դիմաց, եկրորդը` բակի մուտքի դիմաց և երրորդը` հետին մասում:
Անկասկած, կրոնածիսական կարևոր նշանակություն ունեն նաև բակի արևմտյան մասում պեղված երեք ուղղանկյուն սենյակները (6,5x5,6, 5x14,5 և 6,5x5 մ չափերով): Նրանք իրար և բակին միացված են դռներով: Այս սենյակների պատերը, ինչպես տաճարում, ծածկված են սվաղով, որի վրա պահպանվել են որմնանկարների հետքեր: Տաճարից դեպի արևմուտք պեղվել են պալատական համալիրին պատկանող տարբեր չափերի չորս սենյակներ: Հարևանությամբ բացվել է երկրորդ բակը:
Ալթըն Թեփեի պալատական և տաճարական համալիրների մի շարք շինությունների պատերը զարդարվել են հարուստ որմնանկարներով:
Գրականություն: Barnett, Gökce 1953; Steinherr 1958; Özgüç 1961; Özgüç 1964; Özguç 1966; Özguç 1969; Özguç 1969b; Kutlu 1969; Özgüç 1989; Summers 1993
Աղբյուրը ՝
Ուրարտուի հնագիտություն (Ամրոց-բնակավայրեր և դամբարանային համալիրներ) Երևան: Երևանի համալս. հրատ. 2008 , 58-62 էջ
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է`