ՃՄԻՆ (ԱԼԹԸՆ ԹԵՓԵ): Ալթըն Թեփեի թվով երեք դամբարանները հայտնաբերվել և պեղվել են Թ. Օզգյուչի կողմից: Դրանցից առաջինն ունի ուղղանկյուն հատակագիծ 9x4,5 մ չափերով և բաղկացած է երեք ոչ մեծ սրահներից: Դամբարանի պատերը կազմող արտաքին և ներքին խոշոր սալերի միջանկյալ տարածքը լցված է մանր քարերով: Արտաքին սրահի լայնական պատերի մեջ կան 44 սմ և 42 սմ չափերով մեկական որմնախորշեր: Որմնախորշեր կան նաև 2-րդ և 3-րդ սրահներում, որոնք հաղորդակցվում են առաջինի հետ 70 սմ լայնություն ունեցող մուտքերով: Առաջին սրահի հյուսիսարևմտյան անկյունում գտնվել է վատ պահպանված փայտե դագաղ, որի մեջ կար մեկ կմախք: Նրա շուրջը գտնվել են անոթների բեկորներ և կահույքի մնացորդներ: Առավել հետաքրքիր է փորագրված ցլի սմբակի ձևով աթոռի փայտե ոտքը, որը ծածկված է եղել արծաթե թիթեղով: Դամբարանի ծածկի սալերը պատվել են մանր քարերի և հողի մոտ 0,5 մ հաստության շերտով, ինչի շնորհիվ գետնափոր դամբարանի տանիքը հավասարեցվել է հողի մակերեսին: Վրան պահպանվել են հում աղյուսից կառուցված երկրորդ հարկի տանիքի հետքեր: Երկրորդ դամբարանը կառուցված է առաջինից մոտ 2 մ հեռավորության վրա: Դամբարանը 7,5x5 մ չափերով մի սրահ է: Ստորգետնյա մուտք-դրոմոսը (2,9x0,9 մ չափերով) կառուցված է երկու իրար դիմաց տեղադրված քարերով, որոնց մեջ փորված են որմնախորշեր: Սրահի բարձրությունը 2 մ է: Երկայնական պատերի մեջ կան երեք, լայնական պատերի մեջ` երկու որմնախորշեր (բարձրությունը` 1,25 մ, լայնությունը` 0,6 մ, խորությունը` 0,95 մ): Այս խորշերը սալիկներով բաժանվել են երկու բաժինների, որոնցից մեկում դրված է եղել փոքրիկ անոթ: Սրահի հարավարևելյան անկյունում գտնվեց կնոջ կմախք, որը, ըստ երևույթին, պառկած է եղել չպահպանված փայտե դագաղում:
Ցավոք, 1-ին և 2-րդ դամբարանները մինչև պեղումները թալանված են եղել: Նյութերի մի մասը հաջողվել է հավաքագրել: Դրանց թվին են պատկանում աթոռի ցլակերպ բրոնզե ոտքը, ոսկյա թիթեղներ, որոնց վրա պատկերված են մարդու գլուխներով ցլեր, խոշոր կաթսաներ, որոնց եզրերը զարդարված են ցլերի գլուխներով, տարբեր ձևերի եռոտանիներ, փղոսկրից, ոսկուց, արծաթից և կիսաթանկարժեք քարերից պատրաստված ուլունքներ և այլ զարդեր:
Այս երկու դամբարաններից 16 մ հարավ-արևմուտք պեղվել է վերջինª ամենամեծ` 8,5x6,75 մ չափերով դամբարանը, որը նույնպես ունեցել է դրոմոս: Առաջին սրահի կենտրոնում դրված է եղել մեծ բրոնզե կաթսա, որի մեջ գտնվել են ծալված բրոնզե գոտի, երկու բրոնզե սկավառակներ, ձիու արձանիկ, սանձ և ձիասարքի այլ մասեր: Սրահում գտնվել է մեկ փայտե սեղան, երկու աթոռ, որոնց ոտքերին պահպանվել էին արծաթե ծայրակալներ, բրոնզե ու երկաթե նիզակներ, մարտակառքի մնացորդներ: Մեկ մետր լայնությամբ մուտքը առաջին սրահը միացնում է երկրորդին, որի բոլոր սրբատաշ պատերին արված են որմնախորշեր: Այս սրահում պահպանվել են երկու քարե սարկոֆագներ, որոնք ծածկված են եղել ուռուցիկ կափարիչներով: Սարկոֆագներից մեկում գտնվեց կծկված դիրքով պառկած մի տղամարդու կմախք, երկրորդումª նույն դիրքով կնոջ կմախք: Տղամարդը եղել է 45-50 տարեկան, հասակը` 175 սմ, կինը` 50-55 տարեկան, հասակը` 153 սմ: Տղամարդու սարկոֆագի մեջ ոչինչ չի եղել: Սարկոֆագի կողքին գտնվել են ոսկե, արծաթե և բրոնզե կոճակներ, նետասլաքներ, կապարճ, երկաթե վահան: Կնոջ սարկոֆագի մեջ դրված էին ոսկե կոճակներ և ուլունքներ: Սրահում եղել են նաև կաղնու փայտից պատրաստված ու լավ պահպանված երկու սեղան, խեցանոթներ, փղոսկրից պատրաստված սրբազան ծառի փորագրություններով արտեֆակտներ և մեկ ճենապակյա անոթ: Այս դամբարանի 2,5x4 մ չափերով երրորդ սրահի պատերից երեքն ունեցել են մեկական որմնախորշ: Այստեղ գտնվել են առյուծի գլխի քանդակներ ունեցող բրոնզե շրջանակով մեծ փայտե սեղան, ինչպես նաև գեղեցիկ կավե աճյունասափորներ:
Այս դամբարանների մոտ պեղվել է նաև բաց սրբարան: Վերջինս 11,7x7,75 մ մեծության հարթեցված տարածք է` շրջապատված 1,5 մ բարձրության քարե պարսպով, որի վրա հում աղյուսի շարվածքի հետքեր են նկատվում: Տարածքը սալապատված է, որի անկյուններում կանգնեցված են եղել մեկ մետր բարձրություն ունեցող պատվանդաններ` ուղղանկյուն ստելաների համար:
Նյութերի քննարկումը հնարավորություն է տալիս` Ալթըն Թեփեի դամբարանները թվագրելու Ք.ա. VIII դ. երկրորդ կեսով:
Գրականություն: Özgüç 1961; Özgüç 1964; Özguç 1966; Özguç 1969
Աղբյուրը՝
Ուրարտուի հնագիտություն (Ամրոց-բնակավայրեր և դամբարանային համալիրներ) Երևան: Երևանի համալս. հրատ. 2008 , 153-156 էջ
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է`