ԷՐԵԲՈւՆԻ (ԱՐԻՆ ԲԵՐԴ) : Էրեբունի ամրոցը կառուցվել է Արգիշտի I-ի կողմից իր տիրակալության հինգերորդ տարում` Ք.ա. 782 թ.: Այդ ամրոցի գոյության մասին հայտնի էր Արգիշտի I-ի Խորխորյան տարեգրությունից, ըստ որի` ամրոցի կառուցման համար նա վերաբնակեցրել էր Խաթե և Ծուպանի երկրներից գերված 6600 զինվորների:
Էրեբունի ամրոցը գտնվում է Երևանի հարավարևելյան ծայրամասում` Նոր-Արեշ և Վարդաշեն թաղամասերի միջև գտնվող Արին Բերդ բլուրի գագաթին: Այս բլուրը գիտնականներին հայտնի է դեռ 1894 թ.-ից: Հնագետ Ա. Իվանովսկին Նորքի բնակիչ Պ. Տեր-Ավետիսյանից գնեց Արին Բերդի ստորոտում գտնված մի բազալտե սեպագիր արձանագրություն, որը վերծանվեց և հրատարակվեց Մ. Նիկոլսկու կողմից: Այս արձանագրությունում պատմվում էր Արգիշտի I-ի կողմից կառուցված հացահատիկի 10000 կապի տարողությամբ շտեմարանի մասին: Ա. Իվանովսկին այստեղ մասնակի պեղումներ կատարեց, որից հետո երկար ժամանակ բլուրը մնաց չուսումնասիրված: Միայն 1950 թ. սկսվեցին այս կարևոր հուշարձանի կանոնավոր պեղումները` Կ. Հովհաննիսյանի ղեկավորությամբ: Պեղումները կատարվում էին Արին Բերդ բլրի վրա, ուր գտնվում է միջնաբերդը: Բլրի շրջակայքում գտնված նյութերըª խեցեղեն իրեր, կառույցների պատեր, կացարանների հատակներ և այլն, հնարավորություն տվեցին պարզելու, որ քաղաքը զբաղեցրել է ավելի քան 200 հա տարածք:
Պեղումների առաջին տարում պարզվեց նաև այս ամրոցի անունը : Համապատասխան արձանագրության մեջ ասված էր. Խալդի աստծո մեծությամբ Արգիշտին` Մենուայի որդին, այս հզոր բերդը կառուցեց. նրա համար սահմանեց Էրեբունի անունըՙ: Ամրոցի մոտ 8 հա տարածքը շրջապատվեց հզոր պարիսպներով: Մոնոլիտ բազալտե ժայռի վրա շինարարները բարձրացրին և հարթեցրին հսկայական քարե զանգվածներ: Շարվեց երկու մետր բարձրություն ունեցող գետնախարիսխ (ցոկոլ) և ապա բարձրացվեց ութ մետրանոց պարսպապատը` հում աղյուսից: Պարիսպը, յուրաքանչյուր 8 մ հեռավորության վրա, ամրացվեց հինգմետրանոց որմնահեծերով: Եռանկյունաձև հատակագծով ամրոցի ամբողջ տարածքը զբաղեցնում էին տարբեր նշանակության համալիրներ: Այսպես, միջնաբերդի արևմտյան հատվածը կառուցապատված էր աշխարհիկ և պաշտամունքային շինություններով: Հյուսիսարևելյան և հարավային հատվածները զբաղեցնում էին տնտեսական նշանակության շինությունները: Պեղումների ընթացքում բացվել են բազմաթիվ շինություններª պալատներ, տաճարներ, բնակելի կացարաններ, պահեստներ, միջանցքներ և այլն:
Ամրոցի մուտքը գտնվում է բլրի հարավային զառիվայր լանջին: Մուտքը պաշտպանված է հզոր աշտարակներով, որից դեպի բակ կարելի է հասնել աստիճանավոր սանդուղքներով:
Ընդարձակ բակը (17x19 մ) ծածկված էր մանր գետաքարերով: Դեպի բակն էին ուղղված ամրոցի երեք նշանավոր կառույցներիª Խալդիի տաճարի, պալատի և տնտեսական համալիրների ճակատները: Բակի արևմտյան կողմում գտնվում էր Խալդ աստծո տաճարը: Այն իրենից ներկայացնում էր երկու ուղղանկյուն դահլիճներ` երկու ոչ մեծ կից սենյակներով: Դահլիճներից մեկի հատակը ծածկված էր փայտե մանր տախտակներով, իսկ հատակի տակ բացվեցին տուֆից կառուցված ջրատար խողովակներ: Տաճարի պատերին կից պեղվեց կավածեփ նստարան: Այս նստարանի հարավային մասում կառուցված էր եռաստիճան, երեքմետրանոց զոհասեղանը: Սևացած պատի վրա գտնվեցին փայտածխի հետքեր: Տաճարի գլխավոր ճակատը զարդարում էր 12 սյուներից կազմված նախասրահը: Փայտե սյուները կանգնեցված էին քառակուսի քարե խարիսխների վրա: Տաճարի պատերը զարդարված էին հարուստ որմնանկարներով, իսկ կապույտ առաստաղը զարդարում էին ոսկեգույն աստղերը: Տաճարի հարավային կողմում կառուցվել է 5x6 մ չափերով ուղղանկյուն աշտարակ` «զիկուրատ», ուր կարելի էր բարձրանալ աղյուսե աստիճաններով: Այս աշտարակի վրա էր հենվում նախասրահի հարթ տանիքը: Ցավոք, շինության մնացորդները լիակատար վերականգնման հնարավորություն չեն տալիս: Համեմատելով Խալդիի տաճարի աշտարակը առաջավորասիական տաճարների հայտնի զիկուրատների հետ` կարելի է պատկերացնել նրա ձևը: Զիկուրատները միաժամանակ հանդիսանում էին սրբարաններ և աստղադիտարաններ, որոնց գագաթին քրմերը գուշակություններ էին անում:
Բակի հյուսիսային կողմում գտնվում էին պալատական շինությունները: Կենտրոնական հատվածը կազմում է 17x14 մ տարածություն զբաղեցնող սյունազարդ բակը` երկայնական կողում հնգական, իսկ լայնակական կողումª չորսական սյուներով: Պալատի մուտքի մոտ գտնվում էր ՚պահակներիՙ սենյակը: Պալատի դահլիճը ուներ 17x7,5 մ չափեր: Նրա հյուսիսային պատին բացվեցին երեք, իսկ հարավայինում` երկու որմնախորշեր: Դահլիճի տանիքը հարթ էր և ուներ փայտե ծածկ: Բոլոր պատերը հարդարված էին բազմագույն որմնանկարներով, որոնք ավարտվում էին հատակից մոտ երկու մետր բարձրության վրա: Դրանցից ցած` պատերը ծածկված են եղել գորգերով, որոնք կախելու համար քարերի մեջ խփվել են խոշոր, կլորավուն գլխիկներ ունեցող գամեր: Որոշ անցքեր այժմ էլ պարզ երևում են: Արգիշտիի պալատում առանձնակի տեղ էր գրավում բարձրաստիճան հյուրերի ընդունման համար նախատեսված սյունազարդ դահլիճը: Այնտեղ մտնելու համար անհրաժեշտ էր սյունազարդ բակից անցնել նեղ և երկար մի սրահով, որից հետո այցելուների առջև բացվում էր վեհաշուք շքադահլիճը:
Պատերը և կավածեփ նստարանները սպիտակեցված էին: Հատակը ծածկված էր կապտավուն սվաղով: Վերջինիս վրա բացվեցին սյուների վարդագույն խարիսխները: Հյուրերին սպասարկելու համար դահլիճին կից կառուցվել են հինգ իրար հաղորդակից սենյակներ:
Պալատին անմիջականորեն կից` արևմտյան կողմում, պեղվեց Սուսի տաճարը: Այն իրենից ներկայացնում էր հատակագծում ուղղանկյուն մի սրահ, որի արտաքին չափերն են 10x13,5 մ, իսկ ներքինը` 5x8 մ: Ներքին տարածքը բավականին փոքր է, ուստի այն կարող էր սպասարկել սահմանափակ թվով մարդկանց: Տաճարն ունի հարթ ծածկ և, ըստ երևույթին, լուսավորվում էր երդիկի օգնությամբ: Տաճարի հիմնաքարերը շարված են վարդագույն տուֆից, իսկ նրա մուտքը` լավ տաշված բազալտե բեկորներից: Մուտքի մոտ պահպանվել է սեպագիր արձանագրություն, որի վրա ընթերցվում է հետևյալը. «՚Իվարշա աստծուն Արգիշտին` Մենուայի որդին, այս տունը` Սուսին կառուցեց…»: Այսպիսով, ըստ արձանագրության, Սուսի տաճարը նվիրված էր Իվարշա աստվածությանը: Գ. Մելիքիշվիլու կարծիքով` այն կարող էր ունենալ լուվիական ծագում: Ն. Հարությունյանի պնդմամբ` Սուսի տաճարը նվիրված է եղել Ազա երկրի (Արարատյան դաշտ) համապատասխան աստվածությանը:
Արգիշտի I-ի կողմից կառուցվել էր նաև պաշտոնական ընդունելությունների համար նախատեսված հսկայական դահլիճը: Այն պեղվել է բակի արևելյան կողմումª Խալդի տաճարի դիմաց: Երեք կողմից այս դահլիճը շրջապատված էր 15 ընդարձակ սենյակներով: Դեպի դահլիճ տանող միջանցքում գտնվեցին փայտե դռան մնացորդներ: Մոտ 500 քառակուսի մետր տարածք ունեցող դահլիճը երկայնակի առանցքով ունի հինգ խոշոր սյուներ: Հսկայական կլոր խարիսխների վրա պահպանվել է սեպագիր արձանագրություն` «Արգիշտի Մենուայի որդին այս տունը կառուցեց»:
Այս հանդիսավոր դահլիճի պատերը ծածկված էին աշխարհիկ և պաշտամունքային ոճի որմնանկարներով: Ի տարբերություն Էրեբունիի շատ շինությունների` դահլիճն իր գոյության ընթացքում զգալի փոփոխություններ է կրել, որի մասին կան տարբեր կարծիքներ: Ս. Խոջաշը, Ն. Տրուխտանովան և Կ. Հովհաննիսյանը գտնում են, որ դահլիճը ի սկզբանե ծառայել է իբրև գինու մառան: Կ. Հովհաննիսյանը նշում է նաև, որ պաշտոնական դահլիճը գինու պահեստի է վերածվել աքեմենյան ժամանակաշրջանի վերափոխումների ժամանակ: Ս. Եսայանը գտնում է, որ դահլիճի վերակառուցումը տեղի է ունեցել ուրարտական ժամանակաշրջանում: Դահլիճի հատակը հետագայում բարձրացվել է մեկ մետրով, և դրա տակն են մնացել կարասներն ու սյան խարիսխները: Կարասների վերին մասերի ջարդված բեկորներով ծածկվել է նոր հատակի մակերեսը: Այստեղ պեղված շերտում հանդիպում են աքեմենյան ժամանակաշրջանի խեցեղեն նյութեր:
Դահլիճից հյուսիս ընկած տարածքը զբաղեցրել են կայազորին հատկացված շինությունները: Այստեղ պեղվել են ինչպես բնակելի կացարաններ, այնպես էլ բաց բակեր և զինավարժություններ կատարելու համար նախատեսված ընդարձակ սրահներ:
Հանդիսանալով ուրարտական նահանգապետի նստավայրը` Էրեբունին միաժամանակ համարվում էր Ազա երկրի ռազմա-վարչական կենտրոնը: Որմնանկարներով զարդարված պալատներն ու տաճարները, պատերին կախված շքեղ բրոնզե վահանները, կապարճները, սաղավարտները վկայում են քաղաքի հզորության և հարստության մասին:
Պաշտամունքային և աշխարհիկ շինությունների հետ մեկտեղ, Էրեբունիում մեծ տեղ են գրավում տնտեսական նշանակության համալիրները: Այստեղ կառուցվել են հացահատիկի հսկայական շտեմարաններ: Սեպագիր արձանագրությունները հաղորդում են այդպիսի շտեմարանների` այսպես կոչված ՚արիՙ-ների մասին, որոնք կառուցվել են Արգիշտի I-ի, Սարդուրի II-ի և Ռուսա III-ի կողմից:
Այս շտեմարաններից պեղվել են հինգը, որոնցում հացահատիկի պահպանման համար ստեղծվել էին համապատասխան պայմաններ: Այսպես, շտեմարաններից մեկի հատակը կազմված էր 30 սմ բարձրություն ունեցող քարե շարվածքից: Վերջինիս վրա լցված էր հինգ սանտիմետրանոց խճի շերտ, որի մակերեսին կար 5-7 սմ հաստությամբ կտրտված և տոփանված հարդ` շտեմարանը խոնավությունից պահպանելու համար:
Բացի հացահատիկի շտեմարաններից, Էրեբունիում բացվել են գինու 6 մառան, ուր տեղադրվել են մոտ 200 խոշոր կարասներ: Դրանցից մի քանիսը ունեն տարողության մասին սեպագիր և հիերոգլիֆ նշաններ:
Էրեբունիի պեղումներից գտնվել է սակավաթիվ, բայց բավականին հետաքրքիր նյութ: Նյութի սակավությունը բացատրվում է երկու հանգամանքով: Էրեբունին, շատ ուրարտական ամրոցների նման, չի կործանվել պետության անկման ժամանակ, այլ հարատևել է նաև աքեմենյան շրջանում` դառնալով այդ տերության կարևոր վարչական կենտրոններից մեկը: Բնականաբար, նոր տերերը ամրոցը զգալի փոփոխության են ենթարկել, ինչի արդյունքում հին նյութերը ոչնչացել են: Բացի այդ, Ք.ա. VII դ. վարչական կենտրոնը Էրեբունիից տեղափոխվում է Թեյշեբաինի: Այնտեղ են տարվում բոլոր թանկարժեք իրերը` վահաններ, սաղավարտներ, ձիասանձեր, մետաղե սպասք և շատ այլ իրեր:
Գտնված նյութերի մեջ զգալի տեղ է գրավում խեցեղենը, հատկապես կարասները: Դրանք ունեն նեղ հատակ, դեպի վեր լայնացող իրան, փոքր-ինչ նեղացող վիզ և լայն, դուրս ճկված շուրթ: Կարասների հատակը պատրաստում էին դուրգի վրա և ապա ձեռքով բարձրացնում իրանը: Կարասները զարդարված են եռանկյունաձև, խորադիր փոսիկներով, իսկ վզի տակ կրում են տարբեր ուռուցիկ նախշագոտիներ: Շատ կարասների վրա կան նրանց տարողության մասին վկայող սեպագիր կամ հիերոգլիֆ արձանագրություններ, որից պարզվում է, որ դրանց տարողությունը հասնում էր 600-1750 լիտրի: Կային ավելի փոքր կարասներ, որոնց տարողությունը 400-600 լիտր էր: Դատելով որոշ կարասների հատակին պահպանված ցորենի, գինու և քնջութի մնացորդներից` դրանք օգտագործվում էին ինչպես հեղուկ, այնպես էլ հացահատիկ պահելու համար: Պեղումների ընթացքում գտնվել են մեծ թվով միականթ սափորներ: Սրանք ունեն տարբեր չափերª սկսած 0,5-ից, մինչև 5 լիտր տարողությամբ: Այս կարմրավուն անոթներից շատերի կանթերին կան տարողության հիերոգլիֆ նշաններ: Եզակի նմուշներ են սկահակները: Նրանք ունեն կլորավուն իրան, լայն վիզ և դուրս ճկված շուրթեր: Գտնվել են նաև լայն փռված իրանով, գլանաձև ոտքերի վրա կանգնած սկահակներ: Շատ հետաքրքիր են տարբեր ձևերի թասերը, սկուտեղները և քրեղանները: Դրանց տրամագիծը տատանվում է մի քանի սանտիմետրից մինչև կես մետր: Հիշարժան են նաև մոտ կես մետր բարձրություն ունեցող գնդաձև անոթները: Միջնաբերդի պեղումների ընթացքում գտնվել են նաև դուրգի մեծ անիվ, որի կենտրոնում կար անցքª առանցքի շուրջը պտտվելու համար:
Էրեբունիի պեղումներից հայտնաբերվել են ոչ մեծ թվով տարբեր մետաղյա իրեր: Երկաթե իրերի մեջ հարկ է նշել դաշույնների և թրերի բեկորները, մանգաղների մասերը, օղակաձև ձիասանձերը: Գտնվել են նաև երկաթե նետասլաքներ: Բացի ուրարտական նետասլաքներից, Էրեբունիում ի հայտ են եկել բազմաթիվ սկյութական բրոնզե նետասլաքներ: Բրոնզեձուլման մասին են վկայում այստեղ գտնված քարից և կավից պատրաստված տարբեր ձևերի հալոցները և կաղապարները, որոնք օգտագործում էին պարզունակ իրեր ձուլելու համար: Ամրոցի պեղումներից գտնվել են ամենատարբեր մետաղյա զարդեր: Դրանց թվին են պատկանում բրոնզե գլանաձև ուլունքները, ատամնավոր մակերես ունեցող ապարանջանները, մատանիները, օձագլուխ ապարանջանները: Հետաքրքիր են նաև տարբեր ձևերի կոճակները և ճարմանդները, թիթեղից պատրաստված շիգղերը (ֆիբուլաները): Այս խմբի մեջ աչքի է ընկնում ուղղանկյուն արծաթե շիգխը: Նրա մակերեսը վերցված է երեք շարք ուղղանկյուն շրջանակի մեջ, որի վերին մասը զարդարված է եռաստիճան աշտարակների տեսք ունեցող քիվով: Շրջանակի մեջ պատկերված է դեպի ներքև լայնացող հագուստ կրող մի զինվոր: Վերջինս կրում է լայն գոտի և սրածայր կոշիկներ, գլխինª կլորավուն գլխարկ, իսկ ուսերից կախված են երկու ժապավեն: Նա ձախ ձեռքին ունի վահան, իսկ աջով բռնել է երկար նիզակ: Մարտիկի կողքին կանգնած է խոշոր եղջյուրներով այծ: Բրոնզե ձուլածո նյութերի մեջ առանձնակի տեղ է գրավում ցլի ոչ մեծ արձանիկը: Կենդանին պատկերված է կանգնած դիրքովª լայն չռած ոտքերով (պոչը կոտրված է), խոշոր, կեռ եղջյուրներով, գլուխը պատկերված է բոլոր մանրամասներով: Էրեբունիում գտնված իրերի շարքում առանձնակի տեղ են գրավում ոսկրե իրերը: Գտնվել են ոսկրե ուլունքներ, նետասլաքներ այտապաններ, ձիասանձեր: Հատկապես հետաքրքիր են ոսկրե շքատուփերը: Դրանցից մեկը գլանաձև է, արտաքին մակերեսը զարդարված է ութ զարդագոտիներով, որոնք նախշազարդված են եռանկյունիներով և շրջանակներով: Մյուս շքատուփն ուղղանկյուն է: Նրա կափարիչը զարդարված է բոլորանախշով և զիգզագաձև գծերով: Պեղումներից գտնվել են նաև քարից, բրոնզից և ոսկրից պատրաստված գլանաձև, կոնաձև և կշռաքարի ձև ունեցող կնիքներ, որոնք զարդարված են ամենատարբեր պատկերներով: Կնիքներից մեկի վրա փորագրված է ծառի տակ կանգնած դիմակով մարդ, վայրի այծ, որի վրա երկու շուն են հարձակվում: Մեկ այլ կնիքի վրա պատկերված է եղջյուրավոր կենդանի և գրիֆոն, իսկ մյուսի վրա` շքեղ եղջերու: Բացի ուրարտական կնիքներից, այստեղ գտնվել են նաև ասորեստանյան կնիքներ: Դրանցից մեկի վրա պատկերված է այծին նետահարող երկար մազերով, սեպաձև մորուքով մի նետաձիգ: Բացի կնիքներից, պահպանվել են նաև բազմաթիվ դրոշմներ: Հանդիպում են վազող թռչունների, եղնիկի, նապաստակի, ձիու և արևի պատկերներ:
Ամրոցը իր գոյությունը պահպանել է թերևս մինչ Ք.ա. I դ., ինչի մասին վկայում է այստեղից գտնված Օգոստոս կայսեր դրամը:
Գրականության ցանկ
Իսրայելյան 1971; Հովհաննիսյան 1973; Оганесян 1961; Оганесян 1968; Оганесян 1968б; Есаян 1969; Ходжаш и др. 1979; Оганесян 1980; Hodjasch 1980; Hodjasch 1982; Hodjash 2000
Ուրարտուի հնագիտություն (Ամրոց-բնակավայրեր և դամբանային համալիրներ), Երևան: Երևանի համալս. հրատ., 2008, 63-71 էջ
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է`