Մշակութաբանական հիմնախնդիրներ:Ուրարտու: Ներկայիս Հայաստանի Հանրապետության, Թուրքիայի (Արևմտյան Հայաստան), և հյուսիսարևմտյան Իրանի (Պարսկահայք) տարածքներում ուրարտական հուշարձանների պեղումների արդյունքում կուտակվել է ահռելի փաստական նյութ` ուրարտական մշակույթի առանձնահատկությունները վեր հանելու համար: Հայ (Հ. Մարտիրոսյան, Ս. Եսայան, Գ. Տիրացյան, Կ. Հովհաննիսյան, Ս. Հմայակյան, Հ. Ավետիսյան), ռուս (Բ. Պիոտրովսկի, Ս. Խոջաշ), եվրոամերիկյան (Ռ. Բարնետ, Չ. Բըրնի, Վ. Քլայս, Ս. Կրոլ, Ու. Զայդլ, Պ. Զիմանսկի) և թուրք (Ա. Չիլինգիրօղլու, Վ. Սեվին, Օ. Բելլի) հնագետների ուսումնասիրությունները մեծապես նպաստել են ուրարտական մշակույթի տարբեր խնդիրների լուսաբանմանը: Նորահայտ նյութերի հետ մեկտեղ շրջանառության մեջ են մտել նաև ավանդական պատկերացումներից արմատապես տարբերվող նոր մեկնաբանություններ ու տեսակետներ:
Վերոհիշյալ մասնագետները ներկայացնում են մի քանի հնագիտական դպրոցներ, որոնք տարբեր տեսանկյուններից են նայում ուրարտական մշակույթի հիմնախնդիրներին: Այսպես, եթե եվրոամերիկյան և թուրքական ուրարտագիտության մեջ բացակայում է «Ուրարտու-Հայաստան» (այսինքն հայկական և ուրարտական մշակույթների և նրանց ժառանգականության) խնդիրը, ապա հայ-ռուսական դպրոցում այն, ըստ էության, կարևորագույն հարց է հանդիսանում: Եթե թուրք հնագետները զբաղվում են գլխավորապես ուրարտական մշակույթի ծագումնաբանության խնդիրներով (ինչի հնարավորությունը ընձեռում են վերջին շրջանում հատկապես Վանա լճի առափնյա շրջաններում կատարված պեղումները), ապա հայ հնագետներին առավելապես հետաքրքրում է Ուրարտուի պատմության զարգացման վերջին փուլը` կապված հայ ժողովրդի կազմավորման և պետականության ստեղծման խնդրի հետ:
Այս հակասությունը հաղթահարելու նպատակով Հ. Մարտիրոսյանի կողմից առաջին անգամ շրջանառության մեջ դրվեցին «տեղական մշակույթ», տեղաբնիկների`«երկաթի լայն տարածման փուլի մշակույթ» հասկացությունները: Այս մոտեցումը կարծես թե ընդունելի մի լուծում էր և արտացոլում էր ուրարտական էքսպանսիայի ընթացքում տարածաշրջանում ձևավորված իրավիճակը: Սակայն վերջին երեք տասնամյակների ընթացքում ի հայտ եկան մեծ թվով նոր համալիրներ, որոնք, ըստ էության, «ուրարտական» և «տեղական» մշակույթների փոխներթափանցման (խաչասերման) արդյունք են, և հնարավոր չէ դրանք միանշանակ վերագրել այս երկու մշակույթներից որևէ մեկին:
Հարկ է նշել նաև, որ, եթե Ք.ա. VIII դ. առաջին կեսից, այսինքն Ռուսա II-ի գահակալման շրջանից, տեսանելի են «ուրարտական» և «տեղական» մշակութային երևույթների մեկուսացված կամ սոսկ համատեղությամբ ի հայտ եկող դրսևորումներ (այսինքն շերտերում կամ դամբարաններում ավանդական ուրարտական և ավանդական տեղական մշակութային հատկանիշների օրինակները հանդիպում են համատեղ), ապա ավելի ուշ թվագրություն ենթադրող համալիրներում (Կարմիր Բլուր և համաժամանակյա հուշարձաններ) հանդիպում են ինչպես ուրարտական և տեղական մշակութային տարրերի նմուշներ, այնպես էլ այս երկու ավանդույթների խաչասերման հետևանքով ձևավորված նոր տիպի օրինակներ:
Ինչպես արդեն նշվեց, ներկայիս Հայաստանի մեծագույն մասը համապատասխանում է ուրարտական աղբյուրների Էթիունի և Ուդուրի-Էթիունի երկրներին, որոնք ուրարտական նվաճումից հետո` Ք.ա. VIII դ. սկզբին, դարձան ուրարտական պետության կարևոր մասերից մեկը: Այս իմաստով ուրարտական էքսպանսիայի համատեքստում Հայաստանի երկաթեդարյան հուշարձանները հնարավոր է պայմանականորեն բաժանել երկու խմբի` 1. հուշարձաններ, որոնք ավերվել են ուրարտական արշավանքների ժամանակ և լքվել, հետևապես ներկայացված են միայն նախաուրարտական նյութերով, 2. հուշարձաններ, որոնք ավիրվել և վերականգնվել են ուրարտական թագավորների կողմից ու ներկայացված են ինչպես նախա-, այնպես էլ բուն ուրարտական շերտերով:
Վերն ասվածից ելնելով` հայ հնագետները ուրարտական պետության գոյության ժամանակաշրջանի Հայաստանում տարբերակում են հիմնականում երեք մշակութային իրավիճակներ.
1. «Էթիունյան» (կամ «լճաշեն-մեծամորյան»)` տարածքի բնիկ մշակույթը
2. «Բիայնական» (կամ «վանտոսպյան»)` հարավից (Վանից) ներմուծված մշակույթը
3. Երկուսի խաչասերման հետևանքով Ք.ա. VIII դ. առաջին կեսից առաջացած տեղական «ուրարտական» մշակույթը:
Հայ և օտարերկրյա հնագիտական տերմինաբանության տարբերությունը կայանում է նրանում, որ վերջիններս մինչ օրս (որոշ բացառությամբ) սահման չեն տեսնում վերոհիշյալ տեղական, ներմուծված և խաչասերված մշակութային իրավիճակների միջև: «Ուրարտական» ասվածը նրանց համար մեկ ամբողջություն է: Սակայն նոր հնագիտական աշխատանքները Արևմտյան Հայաստանում ցույց են տալիս, որ լեռնաշխարհի այդ հատվածներում ևս հիմնականում տիրել է նմանատիպ իրավիճակ, ինչ ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքում: Հետագա ուրարտագիտական ուսումնասիրությունները անպայմանորեն կհանգեցնեն հայ և օտար ուրարտագիտական դպրոցների միջև առկա տերմինաբանական անհարթությունների վերացմանը: Այս իմաստով հատկապես կարևորվում է հայ և օտարերկրյա մասնագետների հնագիտական համագործակցությունը, որոնց թվում հատկապես հիշատակելի են վերջին ժամանակների հայ-իտալական արշավախմբի աշխատանքները Սևանի ավազանում (Ս. Հմայակյան) և հայ-ավստրիական արշավախմբի աշխատանքները Կոտայքի մարզում (Հ. Ավետիսյան):
Ավետիսյան Հ. Բոբոխյան Ա.
Աղբյուրը՝
Ուրարտուի հնագիտություն (Ամրոց-բնակավայրեր և դամբանային համալիրներ,Երևան: Երևանի համալս. հրատ., 2008, 20-23 էջ
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է`