ՆԵՐՔԻՆ ԽՆՁՈՐ (ՔԱՅԱԼԸ ԴԵՐԵ): Ներքին Խնձոր ամրոցը գտնվում է պատմական Հայաստանի Տուրուբերան աշխարհի Հարք գավառում` Մշո դաշտում, ժամանակակից Վարտո քաղաքից 16 կմ հարավ-արևելք, Արածանիի աջ ափին:
Ամրոցի ուրարտական անունը հայտնի չէ: Այն կոչվել է հայկական Ներքին Խնձոր գյուղի անունով, որը 1915 թ. հետո վերանվանվել է Քայալը Դերե: Ամրոցի 1964-1965 թթ. պեղումների նախնական արդյունքները հրատարակվել են Չ. Բըրնիի կողմից:
Ներքին Խնձոր ամրոցը կառուցված է 150 մ բարձրություն ունեցող բլրի և դարավանդների վրա: Այն ունի երկու միջնաբերդ: Վերին միջնաբերդը զբաղեցնում է բլրի գագաթն ու լանջերը, ստորինը` բլրի ստորին հատվածը և իջնում է մինչև գետը: Երկու միջնաբերդերը միանում են սալապատ ճանապարհով: Քաղաքային թաղամասերը զբաղեցնում են բլրի շրջակա տարածքները: Ամբողջ համալիրը 40 հա է:
Վերին միջնաբերդում բացվել են աշտարակներով և որմնահեցերով ամրացված դարպասները: Ամրոցի ամենաբարձր կետում բացվեց տաճարը: Այն ունի քառակուսի հատակագիծ` 12,5x12,5 մ արտաքին չափերով: Տաճարի պատերի հաստությունը 3,2-3,3 մ է: Անկյունային որմնահեցերը 0,5 մ առաջ են պատերից: Մուտքի լայնությունը 2 մ է: Ցելան ունի 5,5x5,5 մ չափեր: Խորքում պահպանվել է քարե պատվանդան: Դատելով տաճարի պատերի հաստությունից` այն իրենից ներկայացրել է բարձր աշտարակաձև շինություն, որի պատերը շարված են եղել աղյուսիցª քարե հիմքի վրա: Որոշ աղյուսների վրա պահպանվել են կապույտ ներկի հետքեր: Տաճարի ներսը ծածկված է եղել որմնանկարներով:
Տաճարի առջև բացվել են ընդարձակ սալահատակ բակի հետքեր: Մուտքի մոտ գտնվել է ուղղանկյուն, 2x1,35x0,6 մ բարձրությամբ քարե կառույց: Նրա վերին հատվածում պահպանվել է փորված քիվ: Կառույցը ունեցել է ծիսական արարողությունների համար նախատեսված ավազանի, կամ խարսխի (որի կենտրոնական մասում դրվել է կոթող) գործառույթ:
Ներքին Խնձոր ամրոցի տաճարը նմանություն ունի ուրարտական շատ տաճարների հետ: Ինչպես ցույց են տալիս ուսումնասիրությունները, Թոփրաք Քալեի, Ալթըն Թեփեի (Ճմին), Հայկաբերդի, Բաստամի ուրարտական տաճարները ունեն միևնույն հատագծային կառուցվածքըª փոքր ցելլաներ (5x5 մ, 4,5x4,5 մ, 5,2x5,2 մ, 5,8x5,8 մ)` զոհասեղաններով կամ արձանի համար նախատեսված պատվանդաններով, չորս որմնահեցեր, պատերի գրեթե նույն հաստությունը (3,2x3,2 մ), քարով կամ աղյուսով պատած բակ, կից զոհարաններ կամ այլ շինություններ:
Չ. Բըրնին ենթադրում է, որ ուրարտական տաճարների տանիքները, բացառությամբ Էրեբունիի տաճարների, եղել են երկթեք: Նա ենթադրում է, որ Ներքին Խնձորի տաճարի տանիքը նման է Կյուրոսի դամբարանի տանիքին` տարբերվելով նրանից միայն փայտե ծածկով:
Ինչ վերաբերում է երկթեք տանիքներին, ապա ուրարտական հնագիտական ոչ մի կառույցում, բացի Մուսասիրի տաճարից, երկթեք տանիքի հետքեր չեն գրանցվել:
Վերին միջնաբերդի ստորին դարավանդի վրա պեղվել է 25 խոշոր կարասներով պահեստային սենյակ: Չ. Բըրնին, դատելով շերտագրությունից, կարծում է, որ պահեստային սենյակը եղել է նկուղային հարկում, որի վրա բարձրացրել են բնակելիները: Տաճարից ոչ հեռու գտնվել է ևս մի կարասային սենյակ:
Վերին ամրոցի պեղումները ցույց տվեցին, որ Ներքին Խնձոր ամրոցը մի հզոր շինություն էր` իր պալատական, տաճարային, տարբեր պահեստային համալիրներով և մեծ նշանակություն ունի ուրարտական ամրոցաշինության և քաղաքաշինության ուսումնասիրության համար:
Հայտնաբերված հարուստ հնագիտական նյութերը բաղկացած են տարբեր աշխատանքային գործիքներից, զենքերից, զարդերից և բազմազան խեցեղենից: Աշխատանքային գործիքները ներկայացված են երկաթե մանգաղով և երկաթե կացնի բեկորով, որոնք իրենց զուգահեռներն ունեն Թոփրաք Քալեում, Արգիշտիխինիլիում, Իգդիրում և այլ հուշարձաններում:
Ավելի հարուստ են ներկայացված զենքերը: Տաճարի տարածքում գտնվել են երկաթե պոչուկավոր նետասլաքներ, որոնց գլխիկները տերևաձև կամ նշաձև են: Գտնվել են նաև սպառազինության այլ նմուշներ: Դրանցից մեկը կենտրոնական ուռուցիկ մասով և լայն, ուղիղ եզրերով, 67 սմ տրամագծով բրոնզե վահան է: Ներսի կողմից, ինչպես բոլոր այս տիպի վահանների մոտ, ամրացված են մեկ խոշոր և երկու փոքր բռնակներ: Նման անզարդ, մոտ 1 մ տրամագծով վահան հայտնի է Կարմիր Բլուրից: Գտնվել է նաև փայտե մարտական վահան` 9,2 սմ բարձրությամբ ումբոնով (բրոնզե կենտրոնական սրածայր ելուստ): Կիսակլոր երկաթե ձողերը, որոնք ամրացված էին փայտե վահանին, նրան տալիս են ավելի մեծ ամրություն: Սպառազինության այս տեսակին են պատկանում բրոնզե թիթեղներից պատրաստված հինգ կապարճները, որոնք զարդարված են ուռուցիկ գծերով:
Կենցաղային մետաղյա իրերի թվին է դասվում բրոնզե կաթսայի բեկորը, որն ունի 0,3 մ տրամագիծ և որի ուսերը դեպի վեր նեղանում են, ապա լայնանալով` կազմում են փոքր-ինչ դուրս ճկված շուրթ: Բացի կաթսայի բեկորից, գտնվել է նաև երկաթե տապակա: Այն ունի 0,2 մ տրամագիծ, 0,15 մ երկարությամբ պոչուկ, որին ամրացվել է փայտե բռնակը:
Գտնվել են նաև կահույքի մասեր և կահույքը զարդարող մի շարք իրեր: Դրանց մեջ ամենամեծ խումբն են կազմում աթոռների կամ սեղանների փայտե ոտքերին հագցվող բրոնզե ծայրակալները: Սրանք իրենցից ներկայացնում են սնամեջ, ստորին մասում փակ խողովակներ, կամ առյուծի ու ցլերի ոտքերի տեսք ունեցող սնամեջ ծայրակալներ: Վերջիններս, հագցվելով կահույքի փայտե ոտքերին, ամրացնում և գեղեցիկ տեսք են տալիս դրանց: Տաճարի տարածքում գտնվել են մեծ գլխիկով խոշոր գամերª գորգեր կախելու համար, որոնք հայտնի են նաև Թոփրաք Քալեից, Կարմիր Բլուրից և այլն: Բազմաթիվ են տակառաձև և գնդաձև ուլունքներըª պատրաստված շաղախից (մեկը ջնարակված), փղոսկրից, ագաթից և սերդոլիկից:
Ուրարտական արվեստի լավագույն նմուշներից է 6,4 սմ բարձրությամբ, 9,3 սմ երկարությամբ առյուծի բրոնզե ձուլածո արձանիկը: Այն պատկերված է նստած, առջևի երկու թաթերը ձգված վիճակում: Գլուխը քանդակված է բոլոր մանրամասներով: Բաշը ընդգծված է խորը գծերով, ականջները սեղմված են գլխին: Բաց երախում երևում են ժանիքները: Առյուծի արձանի ստորին մասը կիսով չափ սնամեջ է, գլուխը և ոտքերը` հոծ: Այս քանդակի ստույգ համեմատականն է Կապանի շրջանի Սզնակ գյուղի օրինակը, որը տարբերվում է ավելի մեծ չափսերով: Կապանի օրինակը ամբողջովին հոծ է: Ներքին Խնձորի և Սզնակի առյուծների արձանների ստորին մասում կան եռանկյունի փոսիկներ, որոնցով նրանք հագցվել են ինչ-որ առարկայի վրա:
Հետաքրքրական են տեսարաններով զարդարված բրոնզե գոտու բեկորները: Այստեղ երեք մարտակառքերի թափքում պատկերված են երեքական զինվոր: Սովորաբար ուրարտական մարտակառքերի թափքերում պատկերված են լինում երկու զինվոր: Այս հանգամանքը վկայում է, որ Ներքին Խնձորի գոտու վրա առաջին անգամ ի հայտ է գալիս ծանր մարտակառք: Պատկերված զինվորները կրում են սրածայր սաղավարտներ և նետ-աղեղներ: Նրանք պայքարում են առյուծի դեմ: Առյուծներից մեկը սպանված է, մյուսը հարձակվում է թափքում կանգնած զինվորների վրա: Առյուծներից մեկ ուրիշը, չնայաց մահամերձ է, թաթով բռնել է անիվի ճաղից: Զինվորներից մեկը ստիպված ձեռքով նրան ետ է շպրտում անիվից:
Նկարազարդ է նաև տաճարի բակում գտնված բրոնզե թիթեղի փոքր բեկորը (2,4x2,5 սմ չափերով), որի վրա պատկերված է թևավոր ձի: Այստեղ գտնված նյութերի ամենամեծ խումբը կազմված է խեցեղենից: Ինչպես նշվեց, պեղումների ընթացքում գտնվել են բազմաթիվ կարասներ, որոնք ունեն տարբեր ձևեր ու զարդամոտիվներ: Գրեթե բոլոր կարասների վզերին կան հիերոգլիֆ նշաններ, որոնք ցույց են տալիս նրանց տարողությունը: Բացի հիերոգլիֆ նշաններից, կարասների վրա պահպանվել են տիկի և սափորի պատկերներ, որոնք հավանաբար ցույց են տալիս, թե ինչ է պարունակում այս կամ այն անոթը:
Ելնելով կարասների ձևերից` դրանք կարելի է բաժանել մի քանի տիպի: Կարասները մեկը մյուսից տարբերվում են իրանների ձգվածությամբ կամ ուռուցիկությամբ, վզերի բարձրությամբ և շուրթերի դուրս ճկվածությամբ: Այս կարասներն ունեն 1,75-2 մ բարձրություն, 1-1,3 մ լայնություն: Կարասների վզերից ներքև անցնում են ուռուցիկ բոլորանախշեր` երբեմն նեղ ներճկված գծերով: Մեծ մասի իրանները զարդարված են լայն ուղղանկյուններով և եռանկյուններով, որոնց գագաթները վեր ու վար են ուղղված: Բացի կարասներից, թասերից, սափորներից, գտնվել է նաև մի յուրահատուկ գավաթ: Այն ունի երկար, սնամեջ ոտք, ուռուցիկ իրան, լայնացող շուրթեր: Գտնվել է նաև խոշոր կավե ձագար: Հետաքրքիր է տաճարում գտնված կարմրադարչնագույն անոթի բեկորը, որի վրա ձի է պատկերված:
Ներքին Խնձոր ամրոցի պարիսպների, հատակագծի մանրամասների և գտածոների վերլուծությունը Չ. Բըրնիին հնարավորություն է տվել եզրակացնելու, որ ամրոցը կառուցվել է Ք.ա. IX դ. վերջին կամ VIII դ. սկզբին և կործանվել է մարա-սկյութական արշավանքների ժամանակ Ք.ա. VII դ. վերջին-VI դ. սկզբին:
Գրականություն:
Եսայան, Աբաջյան 1991; Lloyd, Burney 1965; Burney 1966; Burney 1998
Աղբյուրը ՝
Ուրարտուի հնագիտություն (Ամրոց-բնակավայրեր և դամբարանային համալիրներ) Երևան: Երևանի համալս. հրատ. 2008 , 52-57 էջ
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է`