ՕՇԱԿԱՆ: Օշականի դամբարանադաշտում հատկապես հիշարժան է N 25 դամբարանը: Այն ունի խոշոր դամբանախուց (երկարությունը` 3,1 մ, լայնությունը` 1,9 մ, խորությունը` 1,45 մ): Պատերը շարված են խոշոր տուֆե քարերով և ծածկված են երեք տուֆե սալերով: Այս դամբանախցում հայտնաբերվեցին շարքերով իրար կողքի նստած, դեմքերը դեպի հարավարևելք դարձրած 27 կմախք: Դրանք բոլորն էլ հավասար հասարակական դիրք զբաղեցնող տղամարդիկ են (ըստ երևույթին մարտում ընկած մարտիկներ), որոնցից յուրաքանչյուրի մոտ կար ուղեկցող նյութ և մեկ խոշոր, նախօրոք կոտրված կավե սարկոֆագի բեկոր: Չնայած այս դամբարանը չունի որմնախորշեր և տարբերվում է Ալթըն Թեփեի և Երևանի դամբանախցերից, այնուամենայնիվ նրա չափերը, պատերի շարվածքի ձևը հնարավորություն է տալիս` դասելու այն նման դամբարանների պարզունակ տիպին:
Դամբարանում հայտնաբերվել է բարձրորակ ուրարտական խեցեղեն (միականթ և անկանթ սափորներ, երկկանթանի գավաթներ և կճուճներ, թեյնիկաձև անոթներ, բազմաթիվ քրեղաններ և թասեր), որոնք թվագրվում են Ք.ա. VIII դ.: Գտնվել են նաև երկաթե դանակներ ու նետասլաքներ, բազմաթիվ զարդերª բրոնզե ու արծաթե ապարանջաններ, բրոնզե ճարմանդներ, ագաթից, սարդիոնից ու շաղախից պատրաստված տարբեր ձևերի ուլունքներ, քարե ու բրոնզե կնիքներ: Հատկապես նշանակալի են այստեղ գտնված սկյութական նետասլաքները, որոնք իրենց ձևերով նման են Կարմիր Բլուրի նետասլաքներին:
Դամբարանում հայտնաբերված նյութերից ուշագրավ են մի քանի տափակ, մուգ գույնի սաթից պատրաստված ուլունքները: Սաթի այս յուրահատուկ գույնը և փխրունությունը վկայում է, որ այդ ուլունքները պատրաստվել են ոչ թե ներմուծված, այլ այսպես կոչված արևելյան սաթից, որը հանդիպում է նաև Հայաստանում:
Գրականություն: Есаян, Калантарян 1988
Աղբյուրը՝
Ուրարտուի հնագիտություն (Ամրոց-բնակավայրեր և դամբարանային համալիրներ) Երևան: Երևանի համալս. հրատ. 2008 , 161 էջ
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է`