ՌՈՒՍԱԽԻՆԻԼԻ (ԹՈՓՐԱՔ ՔԱԼԵ): Կառուցվել է Ռուսա I արքայի կողմից ժամանակակից Վան քաղաքից հյուսիս-արևելք գտնվող Զըմ-զըմ դաղի բարձունքների վրա: Նոր քաղաքը ջրով մատակարելու նպատակով Վանից արևելք կառուցվում է արհեստական լիճ, որից ջուր էր հոսում Ռուսայի քաղաքը: Կ. Լեհման-Հաուպտի կարծիքով` Թոփրաք Քալեի վրա գտնվող ամրոցը հանդիսանում է Ուրարտուի նոր մայրաքաղաքը, որը կառուցվել է Ռուսա I-ի կողմից Ք.ա. 735 թ.` Թիգլաթպալասարի ավերիչ արշավանքից հետո: Նրա կարծիքով` Ռուսան Խալդի աստծո պատվին այստեղ կառուցել է նոր տաճար:
Թոփրաք Քալեի հնագիտական ուսումնասիրությունը սկսվել է 1879 թ., Մեծ Բրիտանիայի հյուպատոս Կլեյթոնի և ամերիկյան միսիոներ Ռեյնոլսի կողմից: 1880 թ. նրանց է միանում հնագետ Ռասամը, որը մինչ այդ մասնակցել էր Նինվեի պեղումներին: Այստեղ նա հայտնաբերել էր Ասորեստանի արքա Սալմանասար III-ի պալատի դարպասները պատող հայտնի բրոնզե թիթեղները, ուր պատկերված էին նաև արքայի արշավանքները դեպի Ուրարտու:
Արշավախմբի պեղումների շնորհիվ Թոփրաք Քալեում բացվեցին պարիսպների հատվածը և տաճարի մի մասը: Սակայն հնագիտական նյութերը սակավաթիվ էին. գտնվեցին միայն մի քանի բրոնզե և փղոսկրե արձաններ ու խեցեղեն: Շուտով տեղաբնիկների և գանձեր որոնողների կողմից սկսվեց հնավայրերի ավերումը: Գտնված իրերը վաճառվեցին արտասահմանյան հյուպատոսներին և դեսպանատների աշխատակիցներին: Այս փլատակներում հայտնաբերվել էին հսկայական թվով հոյակապ գտածոներ, այդ թվում` ոսկուց մեծ գահավորակ, որը կոտրվել և մաս-մաս վաճառվել էր, արձաններ, մետաղե իրեր:
Առաջին լուրջ արշավախումբը կազմակերպվեց 1898 թ., Կ. Լեհման-Հաուպտի և Բելքի ղեկավարությամբ: Այս լայնածավալ աշխատանքների ժամանակ պեղվեցին բլրի տարբեր հատվածները` տաճարի տարածքը, ամրոցի առանձին մասերը, բնակավայրերը` մի շարք կացարաններով, ստորգետնյա սենյակների մնացորդները, պահեստային շինություններ և այլն: Շատ հետաքրքիր արդյունքներ տվեցին բնակավայրի պեղումները: Նրա կենտրոնում բացվեց մի կացարան, որում կար 500-600 լիտր տարողությամբ 25 կարաս: Վերջիններիս վրա կային դրանց տարողության մասին վկայող հիերոգլիֆ նշաններ: Կարասներից երկուսի մեջ գտնվեցին զենքեր, ոսկյա և արծաթյա իրեր: Հատկապես հետաքրքիր էր ոսկյա կախիկը, որի վրա պատկերված էին գահին նստած աստվածուհի և նրա առջև կանգնած մի քուրմ:
Կացարանների ավերակները կրում էին հրդեհի հետքեր: Գտնվեցին մեծ թվով ածխացած փայտի կտորներ, մի քանի կիսահալ մետաղյա իրեր, ինչը վկայում է, որ բնակավայրը կործանվել է հանկարծակի հարձակումից: Թոփրաք Քալեից գտնվել են արժեքավոր իրեր` մետաքսի կտոր, լաջվարդի (լազուրիտի) բեկորներ, բազմաթիվ ուլունքներ, որոնք պատրաստված էին կիսաթանկարժեք տարբեր քարերից: Թոփրաք Քալեի պեղումները տվեցին հսկայական թվով երկաթե և բրոնզե կացիններ, մուրճեր, եռաժանիներ, դանակներ, դաշույններ, ձիասանձեր, դռան բրոնզե փականներ, խոշոր գամեր և այլն: Գտնվել են նաև կարասներ, որոնց մի մասի շուրթերը զարդարված էին կենդանիների քանդակներով, կարմիր անգոբապատ անոթներ, գավաթներ, թասեր, սափորներ:
Բնակավայրի հյուսիս-արևելյան լանջում պեղվեց մի հարթակ: Այստեղ բացվեցին իրար վրա լցված մարդկանց կմախքներ, կենդանիների ոսկորներ և կոտրված անոթների բեկորներ: Հատկանշական է այն հանգամանքը, որ չի գտնվել մարդկային ոչ մի գանգոսկր: Ելնելով այս հանգամանքից` Կ. Լեհման-Հաուպտը ենթադրում է, որ այստեղ կառուցվել է զոհաբերման հարթակ, ինչի մասին հիշատակվում է գտնված սեպագիր արձանագրությունում: Նրա կարծիքով` մարդկանց գլուխները թաղվում էին հատուկ վայրերում:
Ավելի մանրակրկիտ ուսումնասիրվել են տաճարը և նրան հարող տարածքը: Տաճարը ունեցել է քառակուսի հատակագիծ (13,8x13,8 մ)` չորս անկյունային որմնահեծերով: Տաճարի հիմնապատերը կառուցված են շախմատաձև դասավորված սև և սպիտակ սրբատաշ քարերի չորս մետր հաստությամբ շարվածքով, որի վրա էին բարձրանում աղյուսաշար պատերը: Սրբարանի դահլիճի (ցելայի) կենտրոնում պահպանվել է ուղղանկյուն պատվանդան` նախատեսված արձանի տեղադրման համար: Տաճարի հատակը պատված էր խճանկարով: Հատակին բացվել են 0,2x0,2 մ երկարությամբ և 0,3 ու 0,4 մ խորությամբ քառակուսի փոսեր: Վերջիններս ծածկված էին փայտե տախտակներով: Դրանցից երկուսի մեջ եղել են բրոնզե թիթեղներ` ագուցված շեղանկյուն և ուղղանկյուն ոսկե դրվագազարդերով: Տաճարի մուտքի դիմաց գտնվել է մարմարյա զոհասեղան: Տաճարի բակը` 20x20մ մակերեսով, խճապատված էր սև, սպիտակ, կլոր ու շեղանկյուն քարերով: Տաճարական համալիրը տարածվում էր բակում և բլրի լանջերին, որտեղ կառուցվել են մի շարք շինություններ: Տաճարից ոչ հեռու` բլրի հարավ-արևմտյան լանջին, մայր ապառաժում փորված 56 աստիճանները տանում են դեպի ժայռափոր սրահը: Այս սրահի նշանակությունը հայտնի չէ: Այստեղ ապառաժի մեջ պեղվեց փորվածք, որը կարող էր ծառայել որպես լողարան կամ դամբարան:
Լեհման-Հաուպտի և Բելքի պեղումները Թոփրաք Քալեում մեծ նշանակություն ունեցան ուրարտական մշակույթն ու պատմությունը ուսումնասիրելու համար: Դրանք առաջին լայնածավալ պեղումներն էին Ուրարտուի նոր մայրաքաղաքում և հնարավորություն տվեցին` պարզելու քաղաքի կարոր նշանակությունը: Այս ամրոցը, ինչպես վերը նշվեց, կառուցվել է Ռուսա I-ի կողմից: Վերջինս այստեղ կառուցեց նաև տաճար: Ինչպես ցույց են տալիս կառույցի մնացորդները, տաճարը վերակառուցվել է Ռուսա III-ի կողմից: Դրա մասին վկայում են գտնված բրոնզե վահանները, որոնց վրա պահպանվել են սեպագիր արձանագրություններ: Լեհման-Հաուպտի կարծիքով` ամրոցը կործանվել է հանկարծակի` Ք.ա. 585 թ. մարական ներխուժման ժամանակ:
Թոփրաք Քալեում որոշակի աշխատանքներ են կատարել Հ. Օրբելին և Ն. Մառը: Այսպես, Հ. Օրբելին 1911-1912 թ.թ. ձմռանը պեղումներ կատարեց Թոփրաք Քալեի արևելյան լանջին, որտեղ գտնվեցին ցլերի ու ծառերի պատկերներով մարմարե սափորի բեկորներ և այլ իրեր: Բացի պեղումներից, Հ. Օրբելին տեղացի բնակիչներից մեծ թվով գտածոներ հավաքեց: 1916 թ., երբ Ռուսական Հնագիտական ընկերության արշավախումբը նորից Վանում էր, Ն. Մառը շարունակեց աշխատել Թոփրաք Քալեում, իսկ Հ. Օրբելին` Վանում: Նրանց կողմից պեղված նյութերը պահվում են Էրմիտաժում:
Գրականություն: Марр, Орбели 1922 ; Пиотровский 1959; Lehmann-Haupt 1907; Lehmann-Haupt 1910-1931; Barnett 1950; Barnett 1954; Öğün 1961; Erzen 1962; Barnett 1972; Erzen 1976-1977; Erzen 1978b; Erzen 1979; Wartke 1990; Seidl 2000; Sevin 2006
Ավետիսյան Հ., Բոբոխյան Ա.
Աղբյուրը ՝
Ուրարտուի հնագիտություն (Ամրոց-բնակավայրեր և դամբանային համալիրներ), Երևան: Երևանի համալս. հրատ., 2008, 37-42 էջ
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է`