ՍԱՐԴՈՒՐԻԽԻՆԻԼԻ (ՀԱՅԿԱԲԵՐԴ, ՉԱՎՈՒՇ ԹԵՓԵ): Այս ամրոցը գտնվում է Վան քաղաքից 50 կմ դեպի հարավ-արևելք: Հուշարձանից ոչ հեռու պահպանվել է նախկին հայկական Աստվածաշեն գյուղը (Չավուշ Թեփե): Ամրոցը կառուցված է ութգագաթանի Բոլդաղ լեռնաշղթայի վրա, որը ձգվում է 7-8 կմ երկայնքով: Այն հարավարևմտյան կողմում աստիճանաբար իջնում է դեպի Վանա լիճը թափվող Խոշաբ գետի հովիտը:
Հայկաբերդի ամրոցը արդեն XIX դ. վերջին գրավել էր գիտականների ուշադրությունը: Դեռևս 1884 թ. Ս. Դևգանցը Վիեննա է բերում բերդից գտնված մի սեպագիր արձանագրություն, որը հրատարակում է Մյուլլերը: Այստեղ խոսվում է Սարդուրի II-ի կողմից 15300 կապի տարողությամբ շտեմարանի կառուցման մասին: Հայկաբերդի առաջին ուսումնասիրողը եղել է Լեհման-Հաուպտը, որն այնտեղ հետախուզական պեղումներ է կատարել և գծագրել ամրոցի սխեմատիկ հատակագիծը: 1916 թ. Հայկաբերդ է այցելել Հ. Օրբելին և հավաքել վերգետնյա նյութեր: 1956 թ. ամրոցը նորից հետազոտում է Չ. Բըրնին, որը հրատարակել է համառոտ նկարագրություն հուշարձանի մասին: Սկսած 1961 թ. այստեղ անընդմեջ պեղումներ է կատարել թուրք հնագետ Ա. Էրզենը` հրատարակելով պեղումների արդյունքներին նվիրված երկու հատոր:
Հայկաբերդը տեղադրված է Բոլդաղ լեռնաշղթայի 2-րդ և 3-րդ ժայռագագաթների վրա և հովտի մակերեսից 90-110 մ բարձր է: Բլուրների միջև ձգվում է մի փոքրիկ գոգավորություն: Հուշարձանը կազմված է ընդհանուր պարիսպներով պաշտպանված վերին և ստորին բերդերից: Վերին բերդը հատակագծում ուղղանկյուն է, գրավում է 0,5 հա տարածություն: Այն գտնվում է ստորինից արևելք և վերջինից բարձր է 30 մ: Պարիսպները ամրացված են յուրաքանչյուր կողմից հզոր որմնահեծերով: Արևելյան և մասամբ արևմտյան կողմից պահպանվել է երկրորդ շարքը:
Վերին բերդում կատարված պեղումների ժամանակ հայտնաբերվել է քարե պատով շրջապատված, 4,5x4,5 մ հատակագծով քառակուսի հարթակ: Հետազոտողների կարծիքով` այն հանդիսացել է սրբատեղի-տաճար: Հայկաբերդի հիմնական պեղումները կատարվել են ստորին բերդում: Վերջինս ձգվում է արևելք-արևմուտք ուղղությամբ, ունի նեղ, երկարավուն հարթակ` ամրացված հզոր որմնահեծերով: Այն պաշտպանված էր պարսպապատերով, որոնք ամրացված էին հարթեցրած ժայռաբեկորներով և նրանց վրա կառուցած հենապատերով:
Ամրոցի հատակագծում կրկնվում է տեղանքի կառուցվածքը: Հարավային կողմից այն ունի երկու աստիճանաձև ելուստ և փոքր-ինչ դեպի դուրս ձգվող պարիսպ: Հյուսիսային պարիսպը աննշան կորագիծ է: Բոլոր պարիսպները ամրացված են, բայց աշտարակների մնացորդներ չեն հայտնաբերվել:
Ստոորին բերդի արևելյան հատվածում կառուցվել են Հայկաբերդի պալատական համալիրները, որոնք բաղկացած են ուղղանկյուն կենտրոնական դահլիճից (31x31մ ընդհանուր տարածությամբ), երկու կողմից հարակից պահեստային շինություններից և բաց բակից, ուր տեղադրված են սրբարանները: Ըստ Ա . Էրզենի` այս պալատական համալիրները եղել են երեք հարկանի: Բազմահարկության մասին են վկայում պեղումների ժամանակ հատակի վրա նկատված երեք` մեկը մյուսի վրա փլուզված տանիքների հետքերը:
Ուրարտական կիրառական արվեստում կան բազմահարկ շենքերի պատկերներ, որոնց թվում հատկապես հիշարժան է Վանից գտնված թիթեղը` եռահարկ շենքերի պատկերներով:
Պալատական շենքերից դեպի արևելք պեղվել է ջրագիծ` քարե տաշտով: Ջուրը փոքր առվակով դուրս էր բերվում ամրոցից: Ստորին ամրոցի կենտրոնական հատվածում պեղվել է տաճար: Այն ունեցել է քառակուսի հատակագիծ (արտաքինից 10x10 մ, ներքինից 4,5x4,5 մ): Ցելայի ճակատը կառուցված էր հարթ մշակված բազալտե խոշոր քարերով: Տաճարի ներսի պատերը ներկած են կապույտ գույնով: Մուտքի ձախ անկյունում պահպանվել է սեպագիր արձանագրություն: Նրանում նշվում է, որ ամրոցը կառուցել է Սարդուրի II-ը և անվանել Սարդուրիխինիլի: Արքան կառուցել է նաև Իրմուշինի աստվածությանը նվիրված տաճար: Գ. Ղափանցիանի կարծիքով` Իրմուշինի նշանակում է ՚հիվանդությունՙ, հետևաբար Իրմուշինին հանդիսացել է բժիշկներին հովանավորող աստվածություն:
Այս տաճարի հյուսիսարևելյան պատից ոչ հեռու հայտնաբերվել է մանր քարերով պատված, 21,5x21,5 մ չափերով մի հարթակ: Արևելյան մասում գտնվել են սպիտակ գույնով ներկված աղյուսի հետքեր, մի քանի զոհասեղաններ, իսկ հյուսիսում` քարե սեղան: Տաճարի հարավային հատվածում հայտնաբերվել է 24x20 մ չափերով դահլիճ, որի տանիքը հենվում էր հզոր մույթերի վրա: Դահլիճի չորս պատերը պահպանվել էին ոչ ամբողջովին: Դրանք զարդարված են եղել որմնանկարներով: Տաճարին կից կառուցվել են ամրոցի պահեստային շինությունները: Սենյակներից մեկում հայտնաբերվել են 200 խոշոր կարասներ, որոնք կիսով չափ թաղված են եղել հողի մեջ:
Ամրոցի ստորին բերդից քիչ հեռու` 27,5x17,5 մ չափերով բլրակի վրա, պեղվել է յուրօրինակ մի միջնաբերդ: Հետաքրքիր շինությունների թվին է պատկանում եզրային ամրոցը: Այն շրջապատված է ինքնուրյուն պարիսպներով` ստորին բերդի ներսում կազմելով առանձին շենք: Այստեղ գտնվեցին Սարդուրի II-ի սեպագիր արձանագրությունները: Դրանք վկայում են կառուցված պարիսպների մասին: Շինության հարավային մասում բացված երկու սենյակներում հայտնաբերվեցին հարուստ հնագիտական նյութեր` բրոնզե սաղավարտներ, զենքեր, կապարճներ: Դրանց վրա կային նվիրատվական արձանագրություններ:
Հայտնաբերվել են նաև 2-րդ հարկից թափված որմնանկարների հետքեր: Երկրորդ հարկի առկայության մասին հաստատում են պատերին կից տեղադրված խոշոր մույթերը, ինչպես նաև բացված աստիճանների մնացորդները:
Հայկաբերդի վերին և ստորին ամրոցները իրարից անջատվում են պարիսպներով: Երկու ամրոցների միջև ընկած տարածքն ունի 12 մ լայնություն և 110 մ երկարություն: Ա. Էրզենը պեղեց մի հատված, որտեղ, ըստ նրա, հաստատագրվել է երեք մշակույթային շերտ: Դրանցից I-ը թվագրվում է Ք.ա VII դ. առաջին կեսով, II-ը` Ք.ա. VII դ. երկրորդ կես-VI դ. առաջին կեսով, իսկ վերջին` երրորդ շերտը կազմված է եղել հայկական միջնադարյան դամբարանադաշտից:
Ք.ա. VII դ. շերտերում բացվել են արտաքին պարիսպներին կից բազմաթիվ կացարաններ, որոնք ունեցել են 3-4 մ լայնություն և 6-9 մ երկարություն: Դրանց հարթ տանիքները ծածկված են եղել գերաններով և եղեգնով: Պեղվել է նաև մի ավելի մեծ կացարան` 9,4 մ լայնությամբ և 17,9 մ երկարությամբ: Սրա պատերը, ինչպես մյուսներինը, շարված են քարե հիմքի վրա, հում աղյուսով: Սենյակի կենտրոնում հայտնաբերվեց խոշոր մույթ: Բոլոր կացարանների պատերը ուժեղ հրդեհից դարձել են վառ կարմիր:
Դեպի արևելք ընկած 1-ին, 2-րդ և 3-րդ հարթակների վրա պեղվել է ութ սենյակ և մեկ խոշոր դահլիճ: Սենյակներն ուղղանկյուն են կամ քառակուսի, ունեն հարթ տանիք, իսկ դահլիճն ունեցել է մեկը մյուսից 2,5 մ հեռավորության վրա գտնվող հինգ սյուն, որոնցից պահպանվել են 35 սմ տրամագծով սյունախարիսխները:
Հեղինակի կողմից հրատարակած նյութերը բաղկացած են մի քանի խեցեղեն անոթներից, բրոնզե թասից, մի քանի նետասլաքներից, ոսկրե ձիասանձերից և երկու կնիքներից: Երկաթե նետասլաքները, որոնք հայտնաբերված են յոթ օրինակով, բաժանվում են երկու տիպի` տերևաձև` վերին հատվածում փոքրիկ խնձորակներով և երկար` կլորավուն պոչուկներով: Բացի երկաթե օրինակներից գտնվել են մի քանի բրոնզե նետասլաքներ, որոնք տերևաձև են և ստորին մասում ունեն կարճ ճանկեր: Նետասլաքներից մեկի վրա պահպանվել է երկտող կարճ սեպագիր («Խալդի աստծուն (տիրակալին) նվիրեցի»): Ավելի մեծ թիվ են կազմում այդտեղ գտնված սկյութական բրոնզե երկթև ու եռաթև նետասլաքները: Նման նետասլաքներ հայտնի են Էրեբունիից, Արգիշտիխինիլիից, Կարմիր Բլուրից, Արագածից, Հայկաբերդից և այլ հուշարձաններից:
Գտնվել են նաև ձիասանձերի առանձին մասեր: Դրանցից երկուսը ոսկորից պատրաստված տափակ այտապաններ են, որոնք կենտրոնական մասում ունեն երեք անցք: Վերին պահպանված մասերն ունեն եղջյուրավոր գրիֆոնի տեսք: Նման այտապանները խիստ բնորոշ են վաղ սկյութական մշակույթին: Գտնվել են նաև վարազի ժանիքներից պատրաստված երեք անցքերով այտապաններ:
Ոչ մեծ խումբ են կազմում հայտնաբերված ոսկրե գործիքները: Դրանք հիմնականում ներկայացված են տարբեր ձևերի իլիկի գլխիկներով, գործվածք վարսելու կտուտիչներով, խոշոր ճարմանդներով և ոչ մեծ օղակներով:
Համեմատաբար մեծ թիվ են կազմում խեցանոթները: Որոշ անոթների վրա պահպանվել են վարպետի նշաններ: Հայկաբերդից գտնված իրերի մյուս խումբը ներկայացված է բազալտե և պորֆիրիտե քարե թասերով: Դրանցից երկուսը տափակ բազալտե թասեր են, որոնք ունեն ոչ բարձր նստուկ: Ավելի շքեղ է սև, կանաչավուն երանգավորումով պորֆիրիտից թասը, որն ունի նեղ օղակաձև հատակ: Գտնվել է նաև բրոնզե թաս, որն ունի փոքր-ինչ լայնացող իրան և կտրված շուրթ: Հատակը ունի ներս ընկած նստուկ, եզրերը զարդարված են ուղղահայաց, ներճկված գծերով:
Հայկաբերդի ամենահետաքրքիր նյութերի թվին են պատկանում կնիքները: Այսպես, Հ. Օրբելու գտածներից մեկի վրա պատկերված էր ձեռքերը վեր բարձրացրած թևավոր կին, որից աջ պատկերված է ուլ, իսկ ձախիցª ծառ: Երկու կողմերում աղոթքի դիրքով կանգնած են մարդիկ: Բ. Պիոտրովսկին գտնում է, որ այստեղ պատկերված թևավոր կինը գազանների և բույսերի տիրուհին է: Հ. Օրբելու գտած երկրորդ կնիքի վրա պատկերված են զոհասեղան և գլխատված մարդ, որի մարմինը մաշկված է: Ա. Էրզենի կողմից հրատարակված երկու կնիքներից մեկը ունի կշռաքարի ձև: Նրա կողային մակերեսը բաժանված է չորս շեղանկյուն բջիջների, որոնցից յուրաքանչյուրում տեղադրված են այծերի գլուխների և նիզակների պատկերներ, շրջանակի մեջ` թևավոր էակ, խիստ ոճավորված կենդանիներ: Երկրորդ կնիքը պրիզմայի ձև ունի և պատրաստված է սև քարից: Կնիքի մի կողմում սխեմատիկ կերպով մարդ է պատկերված, երկրորդ կողմում` ցլի վրա կանգնած աղեղնավոր: Երրորդ կողմում պատկերված է մի մարդ` կանգնած կարիճի վրա: Վերջին` չորրորդ կողմում ձեռքերը պարզած մարդը կանգնած է առյուծի վրա: Այս բոլոր մոտիվները հաճախակի են հանդիպում ուրարտական բրոնզե գոտիների վրա, ուր առյուծի վրա կանգնած պատկերները խորհրդանշում են Ուրարտուի գերագույն աստվածություն Խալդիին, իսկ ցլի վրա կանգնածները` պատերազմի և ամպրոպի աստվածություն Թեյշեբաին: Առավել հետաքրքիր է կարիճի վրա կանգնած մարդը: Հաշվի առնելով Բ. Պիոտրովսկու և Գ. Ղափանցյանի կարծիքը` կարելի է ենթադրել, որ այս էակը Իրմուշինի աստվածությունն է:
Հայկաբերդի պեղումները հնարավորություն տվեցին պարզաբանելու նրա անկման պատճառները, որոնք կրկնում են ուրարտական շատ հուշարձաններիª Թոփրաք Քալեի, Արգիշտիխինիլիի և հատկապես Կարմիր Բլուրի պատմությունը: Հայկաբերդի անկման մանրամասների մասին են վկայում նրա պարիսպների տակ հայտնաբերված մի քանի հազար սկյութական նետասլաքները:
Գրականություն:
Եսայան, Քիլիմջյան 1991; Başaran 1989; Erzen 1976-1977; Dinçol 1977; Erzen 1978; Erzen 1978b; Erzen 1979; Dinçol 1987; Erzen 1988
Ավետիսյան Հ., Բոբոխյան Ա.
Աղբյուրը՝
Ուրարտուի հնագիտություն (Ամրոց-բնակավայրեր և դամբանային համալիրներ), Երևան: Երևանի համալս. հրատ., 2008, 42-48էջ
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է`