Հանրագիտարան >> Հնագիտության հանրագիտարան >> Շինարարական տեխնիկա: Ուրարտական ճարտարապետության առանձնահատկությունները

Մուտքեր, սյունազարդ ու մույթերով սենյակների և դահլիճների հատակագծերի սխեմա (ա, բ), տաճարների մուտքերի սխեմա (գ), ամրոցների մուտքերի սխեմա (դ) Շինարարական տեխնիկա: Ուրարտական կառույցների հիմնական շինանյութերը, բացի քարից (բազալտ, տուֆ) ու փայտից (սոճի, կաղնի, հաճարենի, կաղամախի), նաև կավն էր ու եղեգնը: Կավից էին պատրաստվում աղյուսները` փայտյա հատուկ կաղապարների մեջ, և օգտագործվում էին ինչպես հում, այնպես էլ թրծած վիճակում: Աղյուսները երկու տիպի էին` քառակուսի և ուղղանկյուն: Ուրարտուում, ուր ավանդական շինանյութը քարն էր, կավի օգտագործումը մոնումենտալ կառույցներում Միջագետքից ներմուծված սկզբունք էր:

 Ուրարտական ճարտարապետության մեջ կարելի է առանձնացնել քարակերտ, կավակերտ և փայտե կոնստրուկցիաներ:

 Ուրարտական կառույցների որմածքում բազալտը և տուֆը օգտագործվում էին միաժամանակ, խառը ձևով: Սակայն տուֆը հիմնականում օգտագործվում էր հիմքերի, ինչպես նաև պատերի ներքևի շարքերի, գետնախարիսխների ու աստիճանների համար: Տուֆն օգտագործվում էր նաև խարիսխների, բարավորների, ջրատար խողովակների պատրաստման համար: Բազալտը կիրառվում էր սալաքարերի, խարիսխների, կոթողային հուշասյուների, դամբարանների, մոնումենտալ քանդակների, սեպագիր արձանագրությունների և տնային ամենատարբեր իրերի համար:

 Շուրջ 3-4 մ բարձրությամբ պատերը շարվում էին կոպտատաշ քարերով, կավե շաղախով: Երբեմն գետնախարիսխներ կազմող որմածքերն ամուր տուֆատեսակներից էին` շարված խորանարդաձև բեկորներից: Կան նաև մշակված ու կանոնավոր երկրաչափական ձևերով քարե կոնստրուկցիաներ:

 Կավակերտ կոնստրուկցիաներից ամենատարածվածը հում աղյուսի որմածքն էր:Ուրարտական ծածկերի ձևեր (ա-ե) Քառակուսի և ուղղանկյուն աղյուսների օգտագործումով ապահովվում էր որմածքների շարքերի կապը: Հում աղյուսի պատերն ունեին 2,12 մ մինչև 3,77 մ լայնություն: Չափերի հիմքում ընկած էր ուրարտական կանգունը (մոտ 50 սմ), որով և չափում էին պատերը (չորս, հինգ և յոթկանգունային պատեր): Հատակները ևս շարվում էին մի շերտ աղյուսով, ապա ծածկվում էին կավով: Կամարը ուրարտական ճարտարապետության մեջ հայտնի է վիմափոր կառույցներում, կառույցներ պատկերող հարթաքանդակների վրա: Հայտնի են նաև աղյուսներից շարված կամարներ:

 Ուրարտական ամրոցների պատերի ձևեր (ա-ի)Փայտը հիմնականում օգտագործվում էր սյունահեծային համակարգերի, միջհարկային և այլ տիպի ծածկերի, տանիքների (այդ թվում երկթեք), ինչպես նաև հակասեյսմիկ գոտիների ու բարավորների համար: Փայտից պատրասվել են նաև դռներ և քիվեր: Էրեբունիի միջնաբերդի հում աղյուսի պատերի շարվածքը ամրացված էր փայտյա կապերով, որոնք ունեին հակասեյսմիկ նշանակություն:

 Այսպիսով, հնագիտական տվյալները, լրացվելով գրավոր աղբյուրներով, հնարավորություն են տալիս` ընդհանուր առմամբ վերականգնելու ուրարտական ճարտարապետության առանձնահատկությունները: Ուրարտական ճարտարապետությունը, շնորհիվ առաջավորասիական և լեռնաշխարհի բնիկ այլ մշակույթների հետ ունեցած սերտ առնչության, հասավ տեխնիկական այնպիսիՈւրարտական համաչափություններ, կանգուն (ա), քիվեր (բ), քիվեր (գ) մակարդակի, որին հավասարապես մոտ էին ինչպես լեռնային, այնպես էլ հարթավայրային ճարտարապետության սկզբունքները: Այդ ճարտարապետության բնորոշ հատկանիշն էր նաև այն, որ նրանում ինչպես քարե, այնպես էլ փայտյա կառուցողական յուրահատուկ տեկտոնիկ ձևերի արտահայտությունները դրսևորվում են ինչպես ինքնուրույն, այնպես էլ միահյուսված ձևերով:

 Ուրարտական ճարտարապետությունն ակնհայտ առնչություններ է ցույց տալիս մի կողմից խեթական աշխարհի լեռնային ճարտարապետության քարե ու փայտյա ձևերին, մյուս կողմից` Միջագետքի հարթավայրային ճարտարապետության սկզբունքներին, ընդհուպ մինչև հում աղյուսի օգտագործումը: Ուրարտական ճարտարապետությունը հետագայում մեծ ազդեցություն ունեցավ ոչ միայն հայ, այլև փոքրասիական, բայց հատկապես իրանական (աքեմենյան) մշակույթների կառուցողական ավանդույթների վրա:

 

Գրականություն: Շիրմազյան 1962; Հովհաննիսյան 1964; Պիոտրովսկի 1971; Զարյան 1986; Հարությունյան 1978 ; Հարությունյան 1992; Հովհաննիսյան 1996; Сивков 1944; Шлеев 1954; Кафадарян 1967; Кафадарян 1972; Мнацаканян и др. 1978; Халпачян 1980; Оганесян 1970; Оганесян 1981; Оганесян 1985; Belck 1895; Kleiss 1963-1964; Riemschneider 1965; Stronach 1967; Riemschneider 1970; Naumann 1968; Kleiss 1976c; Yutaka 1979; Kleiss 1979b; Kleiss 1979c; Kleiss 1982; Gunter 1982; Forbes 1983; Sinclair 1987; Kleiss 1988; Ussishkin 1994b; Smith, Kafadarian 1996

 

Աղբյուրը՝ 

Ուրարտուի հնագիտություն  (Ամրոց-բնակավայրեր և դամբարանային համալիրներ) Երևան: Երևանի համալս. հրատ. 2008 , 135-138էջ

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է`

www.armenianarchaeology.am