Հանրագիտարան >> Հնագիտության հանրագիտարան >> Ուրարտական ճարտարապետության ուսումնասիրման պատմությունը

ՈՒՐԱՐՏԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: Ուրարտական ճարտարապետության ուսումնասիրումն ընդհանուր առմամբ ընթացել է ուրարտական մշակույթի հետազոտմանը զուգահեռ: Սակայն, որպես առանձին գիտաճյուղ, այն ձևավորվել է միայն XX դ. երկրորդ կեսից:

Ուրարտական ճարտարապետության ամենավաղ նկարագրությունը պատկանում է Մ. Խորենացուն, որը Շամիրամին է վերագրում Վանի ամուր պարիսպները` պղնձակերտ դռներով, ընդարձակ փողոցներով, ամբարտակներով, ջրանցքներով, բաղնիքներով, երկհարկ ու եռահարկ ապարանքներով և ժայռափոր շինություններով: Խորենացու ճշգրիտ նկարագրությունները հիմք հանդիսացան եվրոպական արևելագետների (Սեն-Մարտեն, Շուլց) համար` XIX դ. սկզբին սկսելու ուրարտական մշակույթի հետազոտությունը: Սկզբնական շրջանում մասնագետները բավարարվում էին հավաքելով և մասամբ վերծանելով ուրարտական արձանագրությունները: Եվ միայն XIX դ. վերջերից սկսվեցին նաև հնագիտական աշխատանքները, ու մասամբ ուշադրություն դարձվեց ճարտարապետությանը:

1879 թ. Վանի արևելյան ծայրամասում գտնվող Թոփրաք Քալե ամրոցում սկսվեցին հնագիտական առաջին կանոնավոր պեղումները, որոնք ընդհատումներով շարունակվեցին մինչ 1938 թ. (Քլեյտոն, Ռեյնոլդս, Ռասամ, Լեհման-Հաուպտ, Բելք, Մառ, Օրբելի, Լեիք): Այս փոքրածավալ հետազոտությունները, սակայն, իրենց առջև չէին դնում ուրարտական քաղաքաշինության ուսումնասիրման խնդիրներ, այլ բավարարվում էին առանձին կառուցվածքների բացահայտմամբ և արձանագրական նյութի հավաքմամբ ու վերծանմամբ:

Ուրարտական առաջին հուշարձանը, որ պեղվեց և ճարտարապետական տեսանկյունից հանգամանորեն ուսումնասիրվեց Թեյշեբաինին էր (Կարմիր Բլուր), որի նախնական հետազոտությունը սկսվեց 1939 թ., իսկ կանոնավոր պեղումները` 1939-1967 թթ., Բ. Պիոտրովսկու ղեկավարությամբ: Այս պեղումները հնարավորություն տվեցին պարզելու ուրարտական քաղաքաշինության սկզբունքները` միջնաբերդի և քաղաքի բնակելի թաղամասերի փոխադարձ դիրքորոշումը, փողոցների և տների հատակագծային ցանցը, սոցիալ-տնտեսական շերտավորման խնդիրները ևն: Այս հարցերին են նվիրված Կ. Հովհաննիսյանի և Հ. Մարտիրոսյանի աշխատությունները:

Ուրարտական միջնաբերդի ներքին տարածության կազմակերպման, պալատական և պաշտամունքային համալիրների ընդհանուր հատակագծման ուսումնասիրման համար արժեքավոր նյութեր տվեցին Էրեբունիի պեղումները, որ կատարվեցին 1950-1969 թթ., Կ. Հովհաննիսյանի ղեկավարությամբ:

 Հիշարժան են Արգիշտիխինիլիի պեղումները: Այս հուշարձանի նախնական ուսումնասիրությունը սկսվել էր դեռևս XIX դ. առաջին կեսին, սակայն կանոնավոր ուսումնասիրությունների հիմքը դրվեց միայն 1962 թ.` Հ. Մարտիրոսյանի, Բ. Առաքելյանի և Գ. Տիրացյանի ղեկավարությամբ: Արգիշտիրխինիլիի պեղումները խիստ հարստացրին ուրարտական ճարտարապետության մասին մեր ունեցած պատկերացումները, որոնք ամփոփված են հատկապես Կ. Ղաֆադարյանի աշխատություններում:

 Միջնաբերդով և քաղաքային պարսպով ամրացված ուրարտական բնակավայրի յուրօրինակ նմուշ է Արագած ամրոցը, որի պեղումները կատարվեցին 1954-1955 և 1980-ական թթ. (Կ. Հովհաննիսյան, Հ. Ավետիսյան) և նոր նյութեր տվեցին ուրարտական քաղաքաշինության վերաբերյալ:

 Վերջին` հետխորհրդային տարիներին ևս շարունակվում է ուսումնասիրվել ուրարտական ճարտարապետությունը: Այս առումով հատկապես կարևորվում են հայ-իտալական արշավախմբի աշխատանքները Սևանի ավազանում` սկսած 1994 թ.-ից (Ս. Հմայակյան, Ռ. Բիշիոնե), որի ընթացքում ուսումնասիրվել են բազմաթիվ, այդ թվում` ուրարտական ամրոցներ: Բացառիկ նյութեր են ձեռք բերվել Օշականի Դիդի Կոնդ բլրի վրա գտնվող, Ք.ա. VII դ. թվագրվող դղյակ-ամրոցի պեղումների ժամանակ (Ա. Քալանթարյան): 1998 թ. սկսած` շարունակվում են Էրեբունիի պեղումները (Ֆ. Տեր-Մարտիրոսով, Ա. Փիլիպոսյան): 1990-ական թթ. ուսումնասիրվել է ուրարտական երկու հուշարձան Դովրին` (Ս. Հմայակյան) և Արամուսը (Հ. Ավետիսյան): Այանիսի տիպի հուշարձանների հայտնաբերումը և ուսումնասիրումը (Ա. Չիլինգիրօղլու) Արևմտյան Հայաստանում լրացնում են մեր պատկերացումները ուրարտական պետության կենտրոնական և արևմտյան շրջանների ճարտարապետության մասին

 Ուրարտական ճարտարապետությունն ուսումնասիրելիս հիմնականում խոսք է գնում քաղաքաշինության ընդհանուր սկզբունքների, ամրաշինության, բնակարանաշինության, մոնումենտալ կառույցների մասին: Ուսումնասիրման համար հատկապես հարուստ նյութ են տալիս ուրարտական բազմաթիվ ամրաշինական կառույցները: Ուրարտական մի շարք ամրոցների նկարագրություններ ունի դեռևս Կ. Լեհման-Հաուպտը, որը կատարել է այս հուշարձանների դասակարգման առաջին փորձը` հիմք ընդունելով պարիսպների շարվածքների միջև եղած տարբերությունները: Հնագետ Ա. Իվանովսկին, որը 1893 թ. գիտարշավի ժամանակ ուղեկցել է նշանավոր ասուրագետ Մ. Նիկոլսկուն, ուսումնասիրել է մի քանի ամրոցներ, պեղումներ կատարել Թաշբուրունում (Մենուախինիլի): Ուրարտական ամրոցներին (մասնավորապես Արագածին) անդրադարձել է Թ. Թորոմանյանը` Հայաստանի տարածքի կիկլոպյան ամրոցներն ուսումնասիրելիս: Ուրարտական ամրոց-միջնաբերդերի համընդհանուր համեմատական ուսումնասիրություն և դասակարգում է կատարել Կ. Հովհաննիսյանը, որն ընդհանուր աղերսներ է նկատել ուրարտական և Հայկական լեռնաշխարհի բրոնզ-երկաթեդարյան ամրոց-բնակատեղիների միջև: Վերջին շրջանում աճել է հետաքրքրությունը Արևմտյան Հայաստանի և Պարսկահայքի ուրարտական ամրաշինական կառույցների հանդեպ, որոնց մեծ մասը նախնական հետազոտություններ են և տեղագրական քարտեզներ (Չ. Բըրնի, Վ. Քլայս, Ս. Կրոլ):

 Բնակելի տներ պեղվել են դեռևս Կ. Լեհման-Հաուպտի կողմից Թոփրաք Քալեում, սակայն ուրարտական բնակարանային ճարտարապետության հիմնական ուսումնասիրությունը սկսվել է Թեյշեբաինիի պեղումներով, որտեղ առաջին անգամ ի հայտ եկան բնակելի տների մի շարք ամբողջական հատակագծեր: Զեռնակի Թեփեում, որտեղ պեղումներ են կատարել Չ. Բըրնին և Ռ. Լոուսոնը, հայտնաբերվել է կանոնավոր, հավասարաչափ և փոխուղղահայաց հատակագծային ցանցով տեղադրված տիպարային բնակելի տների զանգվածային կառուցապատում:

 Ուրարտական տաճարային ճարտարապետության ուսումնասիրումը սկսվել է դեռևս Թոփրաք Քալեի տաճարի հայտնաբերմամբ XIX դ. վերջին: Սակայն հիմնական տվյալները ուրարտական տաճարաշինության վերաբերյալ ի հայտ եկան XX դ. երկրոդ կեսից, երբ պեղվեցին այնպիսի հուշարձաններ, ինչպիսիք են Ազնավուր Թեփեն, Ալթըն Թեփեն, Քայալը Դերեն, Չավուշ Թեփեն, Էրեբունին: Առավել լավ է ուսումնասիրված պալատական ճարտարապետությունը, հիմնականում Էրեբունիի, Թեյշեբաինիի, Ալթըն Թեփեի, Քայալը Դերեի, Ադիլջևազի կանոնավոր պեղումների հետևանքով (Թ. Օզգյուչ, Չ. Բըրնի, Ս. Լլոյդ):

 Ինչ վերաբերում է ուրարտական դամբանային ճարտարապետության ուսումնասիրմանը, ապա, եթե մի կողմ թողնենք վիմափոր կառույցները, որոնք ուսումնասիրողների ուշադրությունը գրավել էին սկսած XIX դ., ապա բուն դամբարաններն ու թաղման ծեսը սկսել են հետազոտվել միայն XX դ. երկրորդ կեսից սկսած (Չ. Բըրնի, Բ. Օգյուն, Ս. Հմայակյան, Ա. Փիլիպոսյան, Ի. Կարապետյան):

 

Գրականություն (Պատմություն և մշակույթ. ընդհանուր աշխատանքներ): Խաչատրյան 1933; Ղափանցյան 1940; Թորոմանյան 1942; Մարտիրոսյան 1971; Ադոնց 1972; Խաչատրյան 1998; Կարագեոզեան 1998; Գրեկյան 2002; Пиотровский 1939; Пиотровский 1944; Пиотровский 1949; Пиотровский 1959; Меликишвили 1954; Пиотровский 1962; Мартиросян 1964; Арутюнян 1964; Дьяконов 1968; Арутюнян 1970; Арутюнян 1985; Тирацян 1988; Арутюнян 2001; Lehmann-Haupt 1910-1931; Adontz 1946; Mashkur 1966; Van Loon 1966; Salvini 1967; Akurgal 1968; Azarpay 1968; Riemschneider 1966; Burney, Lang 1971; Kleiss, Hauptmann 1976; Lang 1978; Kroll 1979; Erzen 1979b; Frankel 1979; Barnett 1982; Vanden Berghe, De Mayer 1983; Diakonoff 1984; Zimansky 1985; Haas 1986; Çilingiroğlu 1988; Merhaw 1991; Wartke 1993; Hmayakian 1995; Salvini 1995; Santrot 1996; Çilingiroğlu 1997; Zimansky 1998; Seidl 2004

Գրականություն (Ուրարտու-Հայաստան խնդիրը): Խանզադյան 1979; Առաքելյան և ուր. 1988; Տիրացյան, Արեշյան 1990; Հմայակյան 1995; Մկրտչյան, Ավետիսյան 1995; Փիլիպոսյան, Մկրտչյան 2001; Ավետիսյան, Ավետիսյան 2006; Мартиросян 1954; Мартиросян 1961; Мартиросян 1964; Кушнарева 1977; Тирацян 1978; Zimansky 2001; Biscione et al. 2002; Tiratsyan 2003

Գրականություն (Ուրարտական ճարտարապետության ուսումնասիրման պատմություն): Ղաֆադարյան 1984; Քալանթարյան, Մելքոնյան 2005; Пиотровский 1959; Forbes 1983

 

Ավետիսյան Հ., Բոբոխյան Ա.


 Աղբյուրը ՝

Ուրարտուի հնագիտություն (Ամրոց-բնակավայրեր և դամբանային համալիրներ,Երևան: Երևանի համալս. հրատ., 2008, 25-28 էջ

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է`

www.armenianarchaeology.am