ՈՒՐԱՐՏԱԿԱՆ ԴԱՄԲԱՆԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԵՎ ԹԱՂՄԱՆ ԾԵՍԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ուրարտուում բազմազան են եղել ինչպես թաղման կառույցները, այնպես էլ թաղման ծեսը, որոնց վերականգնման համար մենք ձեռքի տակ ունենք միայն հնագիտական տվյալներ: Գրավոր աղբյուրների որոշ տեղեկությունները մասամբ նպաստում են ուրարտացիների անդրաշխարհային պատկերացումների վերականգնմանը:
Վերը շարադրածից պարզ դարձավ, որ Ուրարտուում ընդունված էին ժայռափոր դամբարանները, որոնք սովորաբար կազմված էին լինում մի քանի սրահներից, և որոնցում դրվում էին արքաների ու ազնվականության աճյունները` իրենց ունեցվածքով հանդերձ: Այսպիսի դամբարաններ են Վանա ժայռի կառույցները: Նման ժայռափոր դամբարաններ կարող էին լինել Արգիշտիխինիլիի բազմաթիվ անձավներն ու Թեյշեբաինիի դիմաց` Հրազդան գետի կիրճում հանդիպող որոշ այրեր: Անձավային դամբարաններ են հայտնի նաև Բոստանկայա, Քայալը Դերե և Գեղհովիտ հնավայրերում:
Ուրարտուում լայն տարածում էր գտել դիակիզման ծեսը: Այսպիսի թաղումների ուսումնասիրման համար հատկապես կարևորվում է Իգդիրի մոտ գտնվող Մալաքլու գյուղի փոքրիկ դամբարանադաշտը, որ հայտնաբերվել է 1914 թ. Պ. Պետրովի կողմից: Այստեղ պեղված 14 դամբարաններից մեկում կատարված էր դիաթաղում, իսկ մյուսներում` դիակիզում: Աճյունասափորները տեղադրված էին ժայռերի ճեղքվածքներում և խնամքով ծածկվել էին ավազի շերտով ու խոշոր ժայռաբեկորներով: Իգդիրի աճյունասափորներն իրենց ձևերով մոտ են Երևանի դամբարանում գտնվածներին, ուր ևս հայտնի է դիակիզման սովորույթը: Նմանապես, Երևանի Նոր-Արեշ թաղամասում, հողային աշխատանքների ընթացքում, բացվեցին հարուստ նյութ պարունակող երեք հիմնահողային դամբարաններ, որոնցում դիակիզված աճյունները լցված էին կարմիր սափորների մեջ:
Դիակիզման հետ մեկտեղ տարածված էր նաև դիաթաղումը: Այսպես, Ալթըն Թեփեում, բացի սարկոֆագների մեջ կատարված դիաթաղումից, հայտնի է նաև աճյունասափորների մեջ կատարվող դիակիզումը: Նման թաղումներով դամբարաններ հայտնի են Արծկեից, Լիճից, Օշականից, Իգդիրից, Երևանից և այլ վայրերից:
Երևանյան դամբարանում` սափորներից մեկում, հայտնաբերվեց հանգուցյալի աճյունը, իսկ մյուսում` մանրատված մարդկային ոսկորներ, ինչը վկայում է դիաթաղման մի այլ ձևի՝ դիամասնատման մասին:
Այս իմաստով հատկապես հետաքրքիր են Արգիշտիխինիլիի թաղումները, ուր առկա են, ի թիվս այլոց, նաև դիաթաղման ծեսը, ինչպես նաև կարասային թաղումներ: Հիշարժան է հիմնահողային դամբարանում գտնված քարե սարկոֆագը (երկարությունը` 1,52 մ, լայնությունը` 0,75-1 մ, խորությունը` 0,65 մ), որը ծածկված էր երեք սալերով: Սարկոֆագի մեջ դրված էին չորս աճյունասափորներ, որոնց մեջ գտնվեցին մարդկանց կոտրված ոսկորներ և Ք.ա. VIII դ. թվագրվող բրոնզե զարդեր: Քաղաքից ոչ հեռու գտնվել են երեք այլ թաղումներ: Առաջինում բացված փոքր կարասում ի հայտ եկան երեխայի ոսկորներ, մյուսում՝ դիակիզվածի աճյուն, իսկ երրորդում` մեկ տարեկան երեխայի կմախք: Վերջիններիցս ոչ հեռու պեղվեցին երկու այլ դամբարաններ: Դրանցից մեկում բացվեց խոշոր` 1,5 մ բարձրությամբ կարաս, որի մեջ տեղադրված էին կնոջ և երեխայի կմախքներ: Երկրորդ` կարասային թաղումը գտնվեց քաղաքից հյուսիս-արևմուտք: Նրա մեջ կային չորս մեծահասակ տղամարդկանց կմախքներ: Կարասում գտնված նյութը բաղկացած էր բրոնզե գոտուց, արծաթե օձագլուխ ապարանջաններից, ոսկե ականջօղից, քարե կնիքից, սկյութական նետասլաքներից, տարբեր խեցանոթներից և ուլունքներից, որոնք թվագրվում էին Ք.ա. VII դ. վերջով:
Ներկայիս Հայաստանի տարածքում ուրարտական դարաշրջանում հարատևած թաղման տեղական (դիաթաղում) ավանդական ձևերի մասին են վկայում բնորոշ ուրարտական նյութ պարունակող քարարկղային դամբարանները (Հակկո, Սարուխան, Կարճաղբյուր, Գուսանագյուղ, Օշական, Մեծամոր), որոնք, ըստ էության, պատկանել են ուրարտական ծառայության մեջ գտնվող տեղական վերնախավին:
Թաղման արարողությունների ժամանակ, որպես կանոն, կազմակերպվել են ճաշկերույթներ, մատուցվել են կենդանական զոհաբերություններ: Որոշ տվյալներ (Մեծամորի Ք.ա. VIII դ. թվագրվող քարարկղային դամբարանը, ուրարտական կնիքներից մեկի պատկերագրությունը ևն) վկայում են այն մասին, որ Ուրարտուում կիրառվել են նաև մարդկային զոհաբերություններ:
Այսպիսով, Ուրարտուում հայտնի էր թաղման երեք հիմնական ծես` դիաթաղում, դիակիզում և դիամասնատում, որոնց դասակարգման փորձ են կատարել Ս. Հմայակյանը, Ա. Փիլիպոսյանը և Ռ. Մկրտչյանը: Ըստ այդմ`
1. թաղում ձեռակերտ անձավներում. դիակը երբեմն դրված է լինում սարկոֆագի մեջ (Վան, Գեղհովիտ, Բոստանկայա, Քայալը Դերե, Լիճ, Մազգերդ, Հրազդանի կիրճ, Արգիշտիխինիլի, Դեդելի, Արծկե),
2. մեկ կամ մի քանի բաժանմունքներից կազմված դամբարաններում` փորված գետնի մեջ և կառուցված քարից. ունեն դրոմոս, դիակը դրվել է սարկոֆագում (Ճմին),
3. թաղում ժայռի ճեղքվածքի մեջ (Իգդիր),
4. սալարկղային դամբարանում (Մեծամոր, Հակկո, Օշական, Արգիշտիխինիլի),
5. մեծ` քարարկղային դամբանախցում (Կարճաղբյուր, Օշական),
6. քարարկղ հիշեցնող դամբանախցում` կառուցված չթրծված աղյուսներից (Արգիշթիխինիլի),
7. հիմնահողային թաղում (Լիճ),
8. կարասային թաղում (Արգիշտիխինիլի):
Դիակիզման ծեսը հայտնի է հինգ տարբերակով.
9. աճյունասափորը թաղված է ժայռի ճեղքվածքում (Իգդիր),
10. աճյունասափորը թաղված է հողի մեջ (Նոր Արեշ, Արգիշտիխինիլի),
11. դիանոթը դրված է դրոմոս ունեցող մեկ կամ մի քանի բաժանմունքներից կազմված դամբանախցում (Ճմին, Երևան, Լիճ, Արծկե, Դեդելի),
12. դիանոթը դրված է ձեռակերտ անձավում (Արծկե, Ալիշար),
13. աճյունասափորը թաղված է սալարկղային դամբարանում (Լիճ):
Դիամասնատման ծեսը հայտնի է երեք տարբերակով.
14. աճյունասափորը դրված է քարե դագաղի մեջ (Արգիշտիխինիլի),
15. աճյունասափորը դրված է սալարկղային դամբարանում (Արգիշտիխինիլի),
16. աճյունասափորը թաղված է գետնում (Արգիշտիխինիլի):
Ուրարտական վերնախավին բնորոշ էին թաղման 1 և 2 ձևերը: Արևմուտքից Արարատյան դաշտ եկած բնակչությանը (արևելյան մուշքեր, Խաթե և Ծուպա երկրից բռնագաղթածները) պիտի բնորոշ լիներ դիակիզումը (Ս. Հմայակյան): Դիամասնատմամբ թաղումները հայտնի են միայն Արարատյան դաշտում, որոնք պատկանել են հավանաբար տեղական մի ցեղի (և հայտնի են նաև Վաղ Երկաթի դարից), ինչպես նաև` Արգիշթի I-ի կողմից արևելքից բերված բնակչության ներկայացուցիչներին: Քարարկղային և սալարկղային, դիաթաղմամբ դամբարանները, որոնք ավանդական թաղման ձև էին Արարատյան դաշտի և շրջակա տարածքների բնակչության համար, պատկանել են տեղաբնիկներին:
Ուրարտացիները անկասկած պատկերացումներ ունեին հանդերձյալ աշխարհի և ծնունդ-կյանք-մահ-կերպարանափոխություն շրջափուլի մասին, ինչն իր արտացոլումն է գտել ուրարտական կրոնական համակարգում, ինչպես նաև թաղման ծեսում: Այս հարցին առաջինը անդրադարձած Գ. Ղափանցյանը գտնում էր, թե ուրարտական աստվածություններից Իրմուշինին կյանքի խորհրդանիշն էր, իսկ ՚Հոգիներ տեղափոխողՙ աստվածությունը` մահի: Հոգիներ տեղափոխողՙ աստվածության առկայության հանգամանքը Ուրարտուում ինքնին վկայում է այն մասին, որ այստեղ գոյություն են ունեցել պատկերացումներ և առասպելներ հոգու, հանդերձյալ աշխարհի, այս և մյուս աշխարհների միջև եղած սահմանի մասին: Հանդերձյալ աշխարհի սահմանին մարդու հոգին հանդիպում էր թերևս մեկ այլ աստվածության՝ Շեբիթուին, որը պահպանում էր հանդերձյալ աշխարհի մուտքը:
Այս իմաստով հարկ է նշել, որ Իգդիրից, Երևանի դամբարանից, Էրեբունիից, Արգիշտիխինիլիից, Նոր գյուղից, Օշականից, Ալթըն Թեփեից, Արծկեից, Լիճից և այլ վայրերից հայտնաբերված աճյունասափորների ուսերին կան 1-3 անցքեր, ինչը, Բ. Կուֆտինի կարծիքով, բացատրվում է հոգու անմահության մասին եղած պատկերացման գաղափարով, որը վերջնականապես չի լքում հանգուցյալի աճյունը անգամ նրա այրումից հետո:
Ուրարտուում թերևս կար նաև պատկերացում, ըստ որի` երկրից դեպի հանդերձյալ աշխարհը տանող ճանապարհը անցնում է ժայռերի մեջ եղած բնական կամ արհեստական անձավների, ճեղքվածքների և հնարավոր է նաև ՚դարպասներիՙ (ժայռախորշերի) միջով: Այդ են վկայում թաղումների այն ձևերը, որոնք կատարված են քարայրներում կամ արհեստական ժայռափոր սրահներում: Ուրարտուում կար նաև պատկերացում այն մասին, թե աստվածները երկնային աշխարհին հաղորդվել են` ելնելով ժայռերի միջից: Թերևս նման պատկերացման հետ է կապված այս կամ այն աստվածությանը (հիմնականում Խալդիին) ժայռի մեջ փորված արհեստական խորշեր (՚դարպասներՙ) նվիրելու սովորույթը: Այս հավատալիքը պահպանվել էր Հայաստանում մինչև վերջին ժամանակներըª կապված Մհերի դռան (= ուրարտական Խալդիի դարպասների) պաշտամունքի հետ, ՚դուռՙ, որով Վանա ժայռի մեջ է մտել ու աշխարհից առանձնացել Փոքր Մհերը: Աստվածությունների առնչությունը ժայռերին բնորոշ էր, բացի Ուրարտուից, նաև այլ լեռնային և, հատկապես, խեթա-խուռիական ու փռյուգիական մշակույթներին:
Թաղման ծեսի և ձևերի բազմազանությունը վկայում է այն մասին, որ Ուրարտուում ապրող տարբեր էթնիկ տարրերը, չնայած պետական կրոնի առկայությանը, պահպանում էին իրենց յուրահատուկ պատկերացումները հանդերձյալ կյանքի մասին, մի հանգամանք, որն իր զուգահեռն է գտնում Մհերի դռան արձանագրությունում, ուր հիշատակված են տարբեր ծագման բազմաթիվ աստվածություններ:
Գրականություն: Մարտիրոսյան, Մնացականյան 1958; Հմայակյան 1986; Հմայակյան 1990; Մելքոնյան 1995; Փիլիպոսյան, Խաչատրյան 1995; Փիլիպոսյան, Մկրտչյան 2001; Հովհաննիսյան 1996; Мартиросян, Мнацаканян 1958; Есаян, Калантарян 1976; Есаян 1981; Huff 1968; Öğün 1975; Öğün 1978; Charlesworth 1980; Sevin 1980; Hodjasch 1980; Öğün 1982; Tarhan 1993; Biscione 1994; Sevin 1994; Ussishkin 1994; Burney 1995; Işık 1995; Işık 1995-1996
Աղբյուրը՝
Ուրարտուի հնագիտություն (Ամրոց-բնակավայրեր և դամբարանային համալիրներ) Երևան: Երևանի համալս. հրատ. 2008 , 170-175 էջ
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է`