Հանրագիտարան >> Հնագիտության հանրագիտարան >> Քաղաքաշինություն: Ուրարտական ճարտարապետության առանձնահատկությունները

 Ուրատական ճարտարապետության առանձնահատկությունները: Վերոհիշյալ, ինչպես նաև մի շարք այլ հուշարձանների, հնագիտական նյութը հնարավորություն է ընձեռում` համակարգելու մեր գիտելիքները ուրարտական ճարտարապետության, քաղաքաշինական աշխարհայացքի, բնակարանային, մոնումենտալ, վիմափոր, ջրամատակարարման կառույցների և շինարարական տեխնիկայի առանձնահատկությունների մասին: Այդ առանձնահատկությունները տարիների ընթացքում ընդհանրացրել են հիմնականում երեք մասնագետներ` Կ. Հովհաննիսյանը, Վ. Քլայսը և Տ. Ֆորբսը:

 Քաղաքաշինություն: Ուրարտական քաղաքները հիմնականում փռված էին բարձր բլուրների ստորոտներում, որոնց գագաթներին վեր էին խոյանում նրանց պարսպապատ միջնաբերդերը: Միջնաբերդի իշխող բարձր դիրքը իրենց առաջ փռված հարթավայրերի նկատմամբ նպատակ ուներ տեսադաշտում պահելու այն ճանապարհները, որոնք տանում էին դեպի տվյալ բնակավայրը: Մյուս կողմից, բլուրների գագաթները պարփակող պարիսպները բնակավայրերի պաշտպանության երաշխիքն էին: Բերդերի հետագա հզորացումն արտահայտվում էր մի քանի շարք արտաքին պաշտպանական պարիսպների կառուցումով:

 Ուրարտական քաղաքները ուրարտական և ասորեստանյան սեպագիր արձանագագրություններում նշվում են URU գաղափարագրով (ուրարտ. patari): URU-ն նշանակում էր ՚բնակավայրՙ` անկախ նրա մեծությունից և բնույթից: Միայն այսպես կարելի է հասկանալ ուրարտական արքաների կողմից մեծաքանակ URU-ների գրավման հանգամանքը: Այսպես, օրինակ, Սարդուրի II-ը հաղորդում է, որ նա մեկ օրում Իգանի երկրում գրավել է 200 քաղաք և 35 բերդ: Ինչպես երևում է նշված թվերից, ավելի քիչ թվով բերդեր էին գրավվում, քան քաղաքներ, հետևապես միշտ չէ, որ քաղաքներն ունեին բերդեր: Բերդերը կազմում էին այն միջուկը, որոնց շուրջը փռված էին քաղաքները: Այդ հաստատվում է բազմաթիվ բերդերի, մասնավորապես Անիաշտանիա բերդի օրինակով, որն իր շուրջն ուներ 17 քաղաք:

 Սակայն, բացի քաղաքներից, նրանց տարածքում էին գտնվում նաև ոռոգման ջրանցքներ, մշակվող դաշտեր, այգիներ, անտառներ, որոնք կազմում էին գյուղատնտեսական խոշոր միավորումներ: Նրանցում ամրացված էր միայն կենտրոնական քաղաքն իր բերդով (E.GAL): Այդ ամբողջ տարածքը կոչվում էր, ըստ երևույթին, Asuni, որը հայերեն մոտավորապես կարելի է թարգմանել որպես ՚մարզՙ: Նման միավորումն արտահայտում էր թերևս տնտեսական մի ամբողջ համակարգ: Տարածական առումով այն պատկերում էր կենտրոնական ամրացված քաղաք` իր E.GAL-ով, որի շրջակա տարածքներում փռված էին URU-ները կամ գյուղական այն միավորումները, որոնք կազմում էին այդ համակարգի տնտեսական հիմքը:

 Միայն այդ կենտրոնական քաղաքների մակերեսները, պեղումների տվյալների համաձայն, կազմում էին շուրջ 100-200 հեկտար: Արտակարգ մեծ չափերի էր հասել Արգիշտիխինիլին` 400-500 հեկտար տարածքով, որի սահմանների մեջ են մտել նաև քաղաքի մոտակա գյուղական բնակավայրերը:

 Քաղաքների տարածքները արտահայտում են նաև քաղաքների ազգաբնակչության քանակը: Թեյշեբաինին, օրինակ, իր կառուցապատման խտությամբ, եթե այն համեմատելու լինենք համանման քաղաքների հետ, պետք է ունենար մոտ 20 հազար բնակիչ:

 Ուրարտական քաղաքների պատմական կազմավորումը, մասնավորապես նրանց տեղի ընտրության տեսակետից, համաձայն ասորեստանյան աղբյուրների, պայմանավորված էր քաղաքների այնպիսի փոխադարձ դասավորությամբ, որոնք իրար առնչվում էին տեսողական կապով: Ռազմական կամ այլ վտանգի դեպքում քաղաքների բարձր բլուրների վրա գտնվող միջնաբերդերից, որոնք պահպանում էին տեսողական այդ կապը, վտանգը ազդարարվում էր խարույկներից բարձրացող կրակի պայմանական նշաններով, որով փոխադարձաբար համաձայնեցվում էին քաղաքների անհրաժեշտ ռազմական գործողությունները: Սարդուրի II-ի մի արձանագրությունից երևում է, որ ուրարտական ամրացված վայրերը, այդ ձևով կապակցվելով իրար հետ, կազմում էին մեկ շղթայաձև համակարգ: Այսպիսով, ուրարտական քաղաքաշիանական ծրագիրը թելադրվում ու պայմանավորվում էր հիմնադրվող քաղաքների ոչ միայն տարածքների արժեքավորման տեղային հանգամանքներով, այլև տվյալ տարածքի համակարգում փոխադարձաբար շաղկապված նրանց ռազմավարական դիրքով:

 Սակայն ամեն դեպքում չէ, որ հնարավոր էր քաղաքների միջև տեսողական կապ ստեղծել: Նման դեպքերի համար, որպես կապակցող անհրաժեշտ օղակներ քաղաքների միջև, վեր էին խոյանում աշտարակաձև կառույցներ` սահմանափակ ներքին տարածությամբ, ինչպիսիք էին Ագրաբ Թեփեն (Իրան), կամ սովորական աշտարակներ, որոնք պատկերված են ուրարտական արվեստի տարբեր նմուշների վրա` նրանց վեր խոյացող կրակ պատկերող նիզականման նշանով:

 Ռազմական միջոցառումներ ձեռնարկվում էին նաև քաղաքների ներքին տարածքներն ապահովելու համար, եթե այնտեղ ներխուժեին թշնամու զորաբանակները: Այդ դեպքերի համար է, որ քաղաքների հատվածները բաժանվում էին հզոր պարիսպներով, որոնց նպատակն էր խափանել քաղաք ներխուժած թշնամու ազատ տեղաշարժերը և դրանով ստիպել ծանր մարտեր մղել ամեն մի թաղամասի համար:

 Ռազմական պրոբլեմի հետ մեկտեղ, քաղաքաշինության մեջ ոչ պակասԳյուղերի հատակագծեր, Դուչգազի (ա), Թուրքի Թեփե (բ), ՔԿալե Քամանա (գ) կարևորություն ունեին նաև սոցիալական մեկնակետերը: Քաղաքային պարիսպներ կառուցվում էին ոչ միայն արտաքին թշնամիների դեմ, այլև դրանով վերնախավը ապահովում էր նաև պալատի մեկուսացումը քաղաքի բնակիչներից: Օրինակ Թեյշեբաինիում պաշտպանական նման պարիսպները ապահովում էին պալատի մեկուսացումը քաղաքի ստորադաս ազգաբնակչությունիցԲնորոշ է նաև, որ Թեյշեբաինիում դեպի փողոց դուրս եկող բնակելի տների բոլոր արտաքին պատերը, որպես կանոն, հինարևելյան ճարտարապետության նմանությամբ, խուլ էին, իսկ տների միակ դռները բացվում էին թաղամասերի փողոցների վրա:

 Եթե դիտարկենք ուրարտական քաղաքների թաղամասերի կամ առանձին շենքերի հատակագծերը, չափերը, սենյակների քանակը, ինչպես նաև շենքերի դիրքը փողոցների նկատմամբ, կարելի է պատկերացում կազմել սոցիալական տարբեր խավերի տեղաբաշխման սկզբունքների մասին այդ քաղաքներում: Այս հարցի մասին հատկապես առատ նյութ են տալիս Թեյշեբաինիի պեղումները: Այնտեղ, վերնախավի բնակելի տները կառուցված են սեկցիոն սկզբունքով, բավական ընդարձակ ներքին տարածություններով ու սյունազարդ սենյակներով և դրանով իսկ որոշակիորեն արտահայտում են իրենց պատկանելությունը:

 Պեղումները սպառիչ պատկերացում չեն տալիս քաղաքների բարեկարգման մակարդակի մասին: Առանձին տեղեկություններից կարելի է միայն ենթադրել, որ նրանցում եղել են ջրմուղներ, ջրամբարներ, կամուրջներ, զբոսայգիներ ու բաղնիքներ: Պահպանվել են նաև ասորեստանյան արքաների ուղղակի վկայությունները ուրարտական քաղաքների հրապարակներում վեր խոյացող արձանների մասին:

 Ուրարտուում կային թագավորանիստ, վարչատնտեսական, ռազմական, ինչպես նաև պաշտամունքային նշանակության քաղաքներ: Թագավորանիստ քաղաքների թվին են պատկանում երկրի մայրաքաղաքները` Արզաշկուն, Տուշպան, Ռուսախինիլին (Թոփրաք Քալեն): Տուշպան եղել է ուրարտական պետության կենտրոնը այդ պետության զարգացման գրեթե ողջ ժամանակաշրջանում: Կա տեսակետ, ըստ որի` Ռուսայի օրոք Տուշպային, որպես երկրի կենտրոնի, փոխարինել էր Ռուսախինիլին:

 Վարչատնտեսական նշանակության քաղաքները կազմում էին երկրի քաղաքների հիմնական մասը: Այդպիսի քաղաքներն իրենց միջնաբերդի շուրջն ունեին մի միասնական տնտեսական միավորում կազմող բազմաթիվ բնակատեղիներ: Նման միավորումն ուներ նաև դաշտերի արհեստական ոռոգման համար անհրաժեշտ համակարգ ներկայացող բազմաթիվ ճյուղավորումներ: Այդ համակարգի կազմի մեջ էին մտնում նաև ջրանցքները, թունելները, ինչպես նաև արհեստական մեծ ջրամբարները: Մթերքների զգալի մասը սովորաբար վերամշակվում էր տեղերում, ուր այդ նպատակի համար գոյություն ունեին համապատասխան արհեստանոցներ, որից հետո արտադրանքը տեղափոխվում էր մայրաքաղաք Տուշպա: Կարմիր Բլուրի միջնաբերդում հայտնաբերված են ձիթհան, գինու և գարեջրի արհեստանոցներ: Արհեստանոցների զարգացմանը նպաստում էր երկրում հայտնի բոլոր անհրաժեշտ նյութերի առկայությունը (փայտ, քար, կավ, մետաղ): Ուրարտական վարչատնտեսական խոշոր քաղաքներն էին Արգիշտիխինիլին, Թեյշեբաինին, Ալթըն Թեփեն, Օշականը և մյուսները, որոնք իրենց պարսպապատված միջնաբերդերով, շրջակա բազմաթիվ գյուղական ավաններով կազմում էին գյուղատնտեսական հզոր համակարգեր` ստեղծելով քաղաքաշինական առումով տարածական միասնական համակարգ:

 Ռազմական հենակետ քաղաքները ևս կարևոր նշանակություն ունեին ուրարտական քաղաքաշինական համակարգում: Ուրարտացիները ստեղծեցին յուրահատուկ կառույցներ` զորանոցներ, ախոռներ, մրցադաշտեր, լճակներ (ռազմական ձիերին լողացնելու համար), բերդեր, ռազմական ճամբարներ ու քաղաքներ: Ռազմաստրատեգիական բոլոր կառույցներն իրենց տեխնիկական մակարդակով միանգամայն համապատասխանում էին հարակից երկրների նույնատիպ կառույցների բոլոր սկզբունքներին: Ուրարտական հենակետ քաղաքները սպառազինված էին բավականաչափ լավ, ինչի մասին կարելի է եզրակացնել Սարգոն II-ի տարեգրություններից, ուր նա հայտնում է, թե Ուրարտուում տեսել է հզոր ու գեղեցիկ բերդեր` 120 շերտ աղյուս ունեցող պատերի բարձրությամբ (կազմում է շուրջ 18 մետր): Բերդերն ունեին 2-3 շարք պարիսպներ` իրենց աշտարակներով ու որմնահեցերով և տեղ-տեղ էլ իրենց առջևում արված խրամատներով: Այդպիսիք են Ուայաիս, Արգիշտիունա, Կալլանիա, Տարուի ու Տարմակիսու բերդերը: Ինչպես պարզում են Արին Բերդի պեղումները, ուրարտական ամրոցները լավ էին հարմարեցված` երկարատև պաշարումներին դիմանալու համար, քանի որ նրանցում գտնվում էին ցորենի մեծ շտեմարաններ և ջրավազաններ: Ուրարտական ամրոցները համարյա միշտ կանգնած էին բարձր բլուրների վրա կամ եզրագծված էին խոր ձորերի միջով հոսող գետերի ոլորապտույտներով և պաշտպանված էին անմատչելի, ուղղագիծ ապառաժ ափերով: Այդպիսի ամրոցներից էին Էրեբունին, Բաստամը (Ռուսախինիլի), Զեռնակի Թեփեն, Ագրաբ Թեփեն ևն:

 Պաշտամունքային քաղաքներից են ուրարտական դիցարանի գերագույն երրորդության` Խալդիի, Թեյշեբայի ու Շիվինիի պաշտամունքային կենտրոնները: Ուրարտական գերագույն աստվածության` Խալդիի պաշտամունքային կենտրոնը Մուսասիր քաղաքն էր, կամ Արդինին, ինչպես այն անվանում են ուրարտացիները, որը գտնվում էր Ռևանդուզ քաղաքի շրջակայքում: Թեյշեբա աստվածության պաշտամունքի կենտրոնը Կումենու քաղաքն էր` Վանա լճից հարավ-արևելք, վերին Զաբ գետի միջին հոսանքի շրջանում: Շիվինիի պաշտամունքի կենտրոնը մայրաքաղաք Տուշպան էր:

 Ուրարտական քաղաքները հնարավոր է դասակարգել նաև ըստ հատակագծային հորինվածքի տարբերության: Դրանք են ազատ հատակագծումը, երկրաչափական կանոնավոր ցանցի համակարգը, խառը կառուցապատումը և դարավանդային համակարգը: Ազատ հատակագծման սկզբունքը ամենատարածվածն էր և զարգանում էր տարերայնորեն, որի հետևանքով բնակատեղիների փողոցները ստեղծվում էին տնամեջ տարածքներում: Տվյալ սկզբունքը հատկապես բնորոշ է գյուղական բնակատեղիների համար (Արագած, Թուրքի Թեփե, Կալե Կամանա): Կանոնավոր ցանցի համակարգի համար դասական օրինակ կարող է հանդիսանալ Զերնակի Թեփեն: Սակայն ուրարտական քաղաքաշինության համար առավելապես բնորոշ էր խառը կառուցապատման սկզբունքը:

 Միջնաբերդերի հատակագծերի տեսակները (ա-ի)Յուրահատուկ է ուրարտական քաղաքների տեղադրությունը լեռնային շրջանների տեղանքի մեծ թեքությունների պայմաններում: Նման տարածքներում քաղաքներն ունեին իրենց կառույցների աստիճանաձև փոխանցումները, որոնք, ի վերջո, կարծես ստանալով տեսական հիմնավորում, դառնում էին քաղաքաշինական հաստատուն օրենքներ: Այսպիսին է Հայկաբերդը, որն ունի երեք արտաքին պարիսպներ` մեկը մյուսից բարձրադիր տեղում: Դրանց ետևի տարածությունները մինչև համապատասխան նիշը լցված էին հողով` ընդլայնելու համար բերդի օգտակար մակերեսը: Այդպիսին է եղել Մուսասիր քաղաքի կառուցապատումը, որը նույնպես գտնվում էր լեռնային շրջանում:

 Ուրարտական քաղաքներում առավել սուղ էր դրված հողային ֆոնդի խնայողաբար օգտագործման պրոբլեմը, որը բխում էր քաղաքների պաշտպանության ռազմավարական սկզբունքներից: Բազմահարկ բնակելի շենքերի առկայության հանգամանքը հավանաբար հողատարածությունների խնայողաբար օգտագործման սկզբունքի արգասիքն էր:

 

Գրականություն: Շիրմազյան 1962; Հովհաննիսյան 1964; Պիոտրովսկի 1971; Զարյան 1986; Հարությունյան 1978 ; Հարությունյան 1992; Հովհաննիսյան 1996; Сивков 1944; Шлеев 1954; Кафадарян 1967; Кафадарян 1972; Мнацаканян и др. 1978; Халпачян 1980; Оганесян 1970; Оганесян 1981; Оганесян 1985; Belck 1895; Kleiss 1963-1964; Riemschneider 1965; Stronach 1967; Riemschneider 1970; Naumann 1968; Kleiss 1976c; Yutaka 1979; Kleiss 1979b; Kleiss 1979c; Kleiss 1982; Gunter 1982; Forbes 1983; Sinclair 1987; Kleiss 1988; Ussishkin 1994b; Smith, Kafadarian 1996

 

 

Աղբյուրը՝

Ուրարտուի հնագիտություն  (Ամրոց-բնակավայրեր և դամբարանային համալիրներ) Երևան: Երևանի համալս. հրատ. 2008 , 113-120էջ

 

 

 

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է`

www.armenianarchaeology.am