Հանրագիտարան >> Հնագիտության հանրագիտարան >> Ուրարտուի պատմության և մշակույթի հիմնախնդիրներ

 Ուրարտական պատմության և մշակույթի հիմնախնդիրները: Ուրարտուի անցյալը գիտական աշխարհին հայտնի դարձավ XIX դ. կեսերից` շնորհիվ Հայկական լեռնաշխարհի տարածքում հայտնաբերված սեպագիր արձանագրությունների: Այդ արձանագրությունները հայտնի էին դեռևս վաղ միջնադարում (Խորենացի), սակայն գիտակցված չէին որպես պատմական աղբյուր: Եվ միայն XIX-XX դդ. սահմանին, նրանց վերջնական վերծանումից հետո, վեր հանվեց Հայաստանի պատմության լիովին նոր մի էջ:

 Հնագիտորեն ուրարտական մշակույթը սկսեց ուսումնասիրվել ավելի ուշ: XIX դ. վերջի և XX դ. առաջին կեսի փոքրածավալ հետախուզական ուսումնասիրություները վերածվեցին ավելի մանրամասն և լայնածավալ հնագիտական պեղումների միայն XX դ. երկրորդ կեսից, երբ Հայաստանի Հանրապետությունում, Թուրքիայում (Արևմտյան Հայաստանում) և հյուսիսարևմտյան Իրանում (Պարսկահայքում) հայ-ռուսական, թուրքական և անգլո-ամերիկյան արշավախմբերը մեկը մյուսի ետևից վեր հանեցին հուշարձաններ, որոնց հիման վրա այսօր բավականին ընդհանուր պատկեր է ստեղծվել ուրարտական մշակույթի վերաբերյալ:

 Պատմա-հնագիտական ուսումնասիրությունները բացի, բազմաթիվ  բացահայտումներից, առաջ բերեցին նաև դժվար հասկանալի խնդիրներ: Այսպես, ուրարտական արձանագրությունների տրաֆարետային և հակիրճ լինելու հանգամանքը կասկածի տակ դրեց նրա լայն խոսակցական լեզու լինելը: Դեռևս լիովին պարզ չեն խուռի-ուրարտական լեզվաընտանիքին պատկանող ուրարտերենի և հնդեվրոպական հայերենի փոխշփման մանրամասները, թեև ակնհայտ է, որ այդպիսի փոխշփում տեղի է ունեցել: Մինչ այժմ քննարկվում են ուրարտական արքաների հաջորդականության և կոնկրետ գահակալման տարիների հարցերը: Հրապարակի վրա են նաև ուրարտական թագավորության կործանման (Ք.ա. VII դ. կեսեր, թե՞ VII-VI դդ. սահման) ավարտական փուլի ժամանակագրության նոր  մեկնաբանություններն ու թվագրությունները:

 Նյութական մշակույթի ուսումնասիրման բնագավառում դեռևս լուծման ընթացքում է «Ուրարտու-Հայաստան» խնդիրը, համաուրարտական մշակույթի տեղային տարբերակների բացահայտման, «վերնախավային» և «զանգվածային» մշակույթների հարաբերակցության հարցերը ևն: Կարևորվում է այսպես   կոչված «ուրարտական էքսպանսիային»  համընթաց ձևավորող նոր  իրողությունների` քաղաքականռազմականտնտեսական  համակարգերի, վարչա-տարածքային ստորաբաժանումների, սոցիալական կազմի և դրանցով  պայմանավորված ուրարտական թագավորության` որպես տերության կազմավորման «մեխանիկան»  վեր հանելու խնդիրը: Ընդ որում«ուրարտական   էքսպանսիա»  ասելով` նկատի   ունենք   ոչ   միայն   ռազմական  նվաճումները, այլև   մշակույթային  նոր   իրողությունների   տարածումն   ու  արմատավորումը  տարածաշրջանում: Կարմիր  Բլուրի   պեղումներից   հետո  հատուկ   ուսումնասիրության   առարկա  դարձան   ուրարտասկյութական   փոխառնչությունները, սակայն դրանց բուն ընթացքը դեռևս լիովին պարզաբանված չէ:

 Այնուամենայնիվ, լայնածավալ պատմա-հնագիտական աշխատանքները նորանոր ճանապարհներ են բացում վերոհիշյալ խնդիրների պարզաբանման համար:

 Այս ակնարկում մեր նպատակն է ներկայացնել ուրարտական նյութական մշակույթին, մասնավորապես ճարտարապետությանը վերաբերող իրավիճակը: Սակայն մինչ այդ, հետագա մեր անելիքը ավելի պարզ դարձնելու նպատակով, ներկայացնում ենք ուրարտական պատմության համառոտ ակնարկ:

 

Ավետիսյան Հ., Բոբոխյան Ա.

 Աղբյուրը՝

Ուրարտուի հնագիտություն (Ամրոց-բնակավայրեր և դամբանային համալիրներ,Երևան: Երևանի համալս. հրատ., 2008, 12-13 էջ

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է`

www.armenianarchaeology.am