Վան: Դամբարանային համալիր. Ուրարտական ժայռափոր հուշարձաններից հատուկ համբավ ունեն Վանի ժայռափոր արհեստական քարայրերը և ընդարձակ սրահները: Առավել ուշագրավ արհեստական քարայրերը գտնվում են Վանի ժայռաբլրի հարավային կողմում: Այստեղ են տեղադրված երեք խմբից բաղկացած ՚Խորխորյան քարայրերըՙ: Դրանցից առաջինը ոչ մեծ քարայր է, որտեղ փորագրվել է Արգիշտի I-ի հայտնի Խորխորյան տարեգրությունը: Դրանից ոչ հեռու գտնվում է գլխավոր կառույցը: Նրան մոտենալու համար Վանի ամրոցի հարավային կողմից մայր ապառում աստիճաններ են փորվել: Այն մեկ կենտրոնական և չորս օժանդակ սենյակներից կազմված դամբարան է: Կենտրոնականը 10, 50x3,50 մ չափերով սենյակ է, որի պատերին կան տասը խորշեր: Պատի վրա կան փորվածքներ և բացվածքներ, որոնցում, հավանաբար, ամրացվում էին ճրագներ: Սենյակի հատակին երկու փորվածք կա, մեկը` ուղղանկյուն (2,07x2,60 մ), մյուսը` քառակուսի (1,11x1,11 մ): Կենտրոնական սենյակի արևելյան և արևմտյան կողմերում կան իրար չմիացող չորս ավելի փոքր սենյակներ, որոնց պատերը զարդարված են խորշերով: Հյուսիսարևմտյան սենյակի հատակին բացվեց խճով լի հոր: Այն կարող էր ծառայել իբրև գետնուղի` սենյակը միացնելով խորխորյան ժայռի 3-րդ շինության հետ: Վերջինս գտնվում է անմիջապես մեծ սրահի տակ:
Այն կազմված է ուղղանկյուն դահլիճից (երկարությունը` 12,68 մ, լայնությունը` 2,90-3,09 մ, բարձրությունը` 2,10 մ): Սրա հյուսիսային պատին` հատակից 20 սմ բարձրության վրա, փորված են չորս խոշոր խորշեր:
Վանի ժայռի հարավային կողմի հաջորդ դամբարանը Նաֆթ Քյոյուն է: Սրահի ճակատը ձևավորված է խորշի նման (լայնությունը` 24,90 մ, բարձրությունը` 8,60 մ), որի վերին հատվածում պատուհան է բացված: Այս քարայրերի առաջին խոշոր դահլիճը (երկարությունը` 12,40 մ, լայնությունը` 7,28 մ, բարձրությունը` 7,90 մ) ունի կոնաձև թաղ: Ճակատի երկար պատն ունի դռներ, որոնցից ձախը տանում է դեպի երկու խորշերով զարդարված ոչ մեծ սենյակը, իսկ աջը` երկրորդ խոշոր սենյակը: Պատերն ունեն մեկական դռներ: Մուտքից ձախ կա ոչ մեծ ուղղանկյուն սենյակ, իսկ աջինը անավարտ է:
Մյուս դամբարանը Իչկալան է: Այն տարբերվում է Խորխորյան սենյակներից և Նաֆթ Քյոյուից նրանով, որ օժանդակ շինությունները խմբվում են ոչ թե մեկ, այլ երկու սրահների շուրջ: Առաջին սրահի պատերը հավասար չեն (երկարությունը` 9,28-9,38 մ, լայնությունը` 5,49 և 5,97 մ): Առաստաղն ունի կոնաձև թաղի տեսք: Երկրորդ սրահը փոքր է (6,30x4,33 մ), հարթ առաստաղով: Առաջին սրահին կից են երկու, երկրորդին` երեք ուղղանկյուն և անհավասար պատերով սենյակներ (երկարությունը` 4,80-4,82 մ, լայնությունը` 2,60-2,71 մ): Հյուսիսարևելյան պատին կան երեք աստիճաններ, որոնք տանում են դեպի 0,87 մ բարձրությամբ հարթակը: Այստեղ փորված է 1,67 մ երկարությամբ և 0,88 մ լայնությամբ մի խորշ:
Վանի ժայռի քարայրերից հաջորդը գտնվում է զինապահեստի մոտ: Փոքր մուտքով կարելի է անցնել մոտ 20 մ2 չափերով և 2,55 մ բարձրությամբ մի սրահ, որն ունի երեք կից սենյակ: Դրանցից մեկն ունի 4,74x1,42 մ է, որի հարթ առաստաղի բարձրությունը` 0,95 մ է: Երկրորդ սենյակի առաստաղը կոնաձև է: Մայր ապառում փորված աստիճանը տանում է դեպի երրորդ, ոչ մեծ սենյակ-գաղտնարանը: Այն ունի 1,07 մ լայնություն և 0,85 մ բարձրություն: Թեև սենյակում որևէ նյութ չի գտնվել, սակայն կարելի է ենթադրել, որ հենց այստեղ է կատարվել հիմնական թաղումը:
Գրականություն: Пиотровский 1959; Sevin 1980; Ussishkin 1994
Աղբյուրը՝
Ուրարտուի հնագիտություն (Ամրոց-բնակավայրեր և դամբարանային համալիրներ) Երևան: Երևանի համալս. հրատ. 2008 , 147-150էջ
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է`