ԵՐԵՎԱՆ: Երևան ք. Արշակունյաց պողոտայի մոտ գտնվող «Ավտոագրեգատ» գործարանի տարածքում 1984 թ. շինարարական աշխատանքների ժամանակ բացվեց մի մոնումենտալ դամբարան, որը պեղվեց ՀՍՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախմբի կողմից: Դամբարանը ստորգետնյա ուղղանկյուն կառույց է` հյուսիս-հարավ կողմնորոշմամբ: Ներքին չափերն են` երկարությունը` 3,46 մ, լայնությունը` 1,97 մ, բարձրությունը` 2,15 մ:
Դամբարանախցի հատակը շարված է լավ տաշված, սև, կարմիր, մուգ շագանակագույն տուֆե սալերով, որոնց տակ հարմարեցված էին գաղտնարանները: Հինգ շարք բարձրությամբ պատերը կառուցված են տուֆե սրբատաշ քարերով: Դամբարանի հինգ որմնախորշերից երեքը կառուցված են արևմտյան պատի մեջ և հատակից բարձր են 0,44 մ (0,5x0,5 մ չափերով): Նույնանման որմնախորշ կառուցված է հարավային պատի մեջ: Արևելյան որմնախորշն ավելի մեծ է: Որմնախորշի վերին մասը կազմված է տուֆե մեկ հեծանից, որն իր վրա է կրում դամբանախցի սալերի ծանրության մի մասը: Որմնախորշի երկարությունը 2,06 մ է, բարձրությունը` 1,22 մ, խորությունը` 1 մ: Դամբարանը ծածկված է տուֆե հինգ մեծ սալերով: Նրա մուտքը (բարձրությունը` 1,29 մ, լայնությունը` 0,75 մ) գտնվում է խցի հյուսիսային կողմում` դրսից ամուր փակված մեծ տուֆե սալաքարով (պահպանվել են նաև դրոմոսի հետքերը):
Դամբարանում գտնվեց հարուստ նյութ: Արևմտյան պատի երեք որմնախորշերում դրված էին մեկական աճյունասափոր` լցված մարդու, կենդանիների և թռչունների մանրացված ոսկորներով, արևելյան մեծ որմնախորշումª ցլի գլխի արձանիկներով զարդարված մի մեծ կավանոթ, ինչպես նաև մի թաս, որի հատակին պահպանված էր նապաստակի պատկերով դրոշմ: Դամբարանի հյուսիսային կողմում գտնվեցին առյուծի գլխի ձևով հարդարված ծորակով անոթ, մեկ սափոր, ճրագ, մի քանի մեծ ու փոքր թասեր:
Հատակի տակ եղած երեք գաղտնարաններից առաջինը հայտնաբերվեց դամբարանի արևմտյան պատի մոտ գտնվող սալաքարերի տակ: Այստեղ պահված էին բրոնզե կապարճի բեկորներ, թաս, ագաթե ուլունքներ, գիշեր քարից պատրաստված մի կնիք, որը հարդարված էր գրիֆոնի և կիսալուսնի պատկերներով: Երկրորդ գաղտնարանը հայտնաբերվեց դամբարանի արևելյան պատի հատակի սալերի տակ: Այստեղից գտնվեցին միայն մի քանի օձագլուխ ապարանջաններ: Երրորդը կառուցված էր արևելյան մեծ որմնախորշի հատակի տակ, որտեղ դրված էին երեք տարբեր բրոնզե գոտիների և ձիասարքի մասեր, օձագլուխ ապարանջաններ, երկաթե սուր, դանակ, դաշույններ, բրոնզե գամեր, մեկ դույլ, բրոնզե անոթների բռնակներ և այլ նյութեր: Գտածոների մեջ առանձնապես ուշագրավ է խոյի չորս գլուխների քանդակներով զարդարված բրոնզե շքասեղը, ինչպես նաև բրոնզե երեք գոտիները: Դրանցից առաջինը ունեցել է 19 սմ լայնություն և մոտ 120 սմ երկարություն: Արտաքին մակերեսն ամբողջությամբ դրվագված է ինչպես առանձին կանգնած մարտակառքերի, հեծյալների, ցլերի, ձիերի և առյուծների պատկերներով, այնպես էլ որսի տեսարաններով: Ներկայացված են մարտակառքի վրա հարձակվող առյուծների և դրանց հետապնդող հեծյալների բարձրաոճ տեսարաններ:
Մյուս գոտու վրա պատկերված են առասպելական տարբեր կենդանիներ` սրընթաց վազող թևավոր ցուլեր, առյուծի թաթեր ունեցող թևավոր ձիեր, թռչունի կտուցով կամ ձկան պոչով ու կանացի դեմքով թևավոր առյուծներ, ձկնապոչ և առյուծի թաթերով թռչուններ: Այստեղ ևս ներկայացված են որսի տեսարաններ: Պատկերված են առյուծների ու ցլերի հետ մարտնչող որսորդներ (հեծյալներ կամ մարտակառքի թափքում կանգնած մարտիկներ), ինչպես նաև ձիու և ցլի, առյուծի և ցլի, ձիու և առյուծի միջև մենամարտի տեսարաններ: Այս չափազանց հարուստ նյութեր պարունակող դամբարանը իր ձևով ու հորինվածքով համեմատաբար քիչ զուգահեռներ ունի: Այս տեսակետից այն շատ մոտ է կանգնած Ալթըն Թեփեի դամբարաններին և դրանց նման թվագրվում է Ք.ա. VIII դ.:
Գրականություն: Եսայան և ուր 1995; Есаян и др. 1991; Biscione 1994
Աղբյուրը՝
Ուրարտուի հնագիտություն (Ամրոց-բնակավայրեր և դամբարանային համալիրներ) Երևան: Երևանի համալս. հրատ. 2008 , 158-160 էջ
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է`