ԱՄՐՈՑՆԵՐ ԵՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ: Հայաստանի Հանրապետության, Իրանի (Պարսկահայք) և Թուրքիայի (Արևմտյան Հայաստան) տարածքում վերջին կես դարվա ընթացքում ուսումնասիրվել են բազմաթիվ ուրարտական հուշարձաններ:Հայաստանում աշխատել են հիմնականում հայ և ռուս, Իրանում` իրանցի, գերմանացի և իտալացի, Արևմտյան Հայաստանում` թուրք և անգլիացի (ավելի քիչ ամերիկացի) հնագետները: Ուսումնասիրություններն իրականացվել են պեղումների և վերգետնյա հետախուզությունների ձևով: Հիմնական հուշարձանների պեղումները տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Արևմտյան Հայաստանի տարածքներում: Հյուսիսարևմտյան Իրանի տարածաշրջանը, որոշ բացառությամբ, ենթարկվել է հիմնականում վերգետնյա հետախուզական և չափագրական ուսումնասիրությունների` գերմանացի հնագետների կողմից:
ՏՈՒՇՊԱ (ՎԱՆ):
Շուլցի աշխատանքներից մինչև օրս բազմաթիվ գիտնականների կողմից ուսումնասիրություններ են կատարվել Վանում և շրջակայքում: Պեղված և կուտակված մեծ քանակությամբ նյութերը գրեթե ամփոփված չեն: Առաջին համեմատաբար ամբողջական աշխատությունը կատարվել է Բ. Պիոտրովսկու կողմից:
Ավելի մանրամասն ուսումնասիրություններ են կատարվել 1916 թ. Ռուսական Հնագիտական ընկերության կողմից: Ամրոցի պատերը, որոնք պահպանվել էին ստորին մասում, որոշ հատվածներում ունեն մինչև 20 մ բարձրություն: Հատկապես հետաքրքիր էին ժայռի հարավային մասում գտնվող ժայռափոր կացարանները, տարբեր չափերի խորշերը և սեպագիր արձանագրությունները: Հ. Օրբելին պեղել է արևմտյան խորշերից մեկը, ուր նա հայտնաբերել է քարե ստելա` 2,27 մ բարձրությամբ, որի վրա պահպանվել էր Սարդուրի II-ի տարեգրությունը: Հ. Օրբելին պեղել է նաև մի քանի համալիրներ, երկու խորշեր` սեպագիր արձանագրություններով, ժայռերի վրա պահպանված հարթակներ: Տուշպան դժվարամատչելի էր թշնամու համար և պաշտպանված էր բնական ամրություններով, հսկայական պարիսպներով:
Վանից հյուսիս ձգվող Զըմ-զըմ դաղ ժայռի լանջին պահպանվել է մի խորշ (բարձրությունը 5,18 մ), որին տեղացիներն անվանում էին «Մհերի դուռ» : Սրա մասին կան բազմաթիվ առասպելներ: Այսպես, Շուլցի կողմից գրի առնված մի առասպելում պատմվում է, որ այդ դռան ետևում կան անհաշիվ դահլիճներ, որում ապրում են դևեր: Մեկ այլ առասպելում նշվում է, որ «Մհերի դուռը» անվանում են նաև «Երկաթե դուռ», (բացվում է տարին մեկ անգամ` սուրբ Հովհաննեսի օրը): Իսկ Լեյարդը, որը նույնպես տվել է «Մհերի դռան» նկարագրությունը, պատմում է մեկ այլ առասպել, ըստ որի` մի հովիվ քնել է այդ դռան մոտ և երազում լսել է դուռը բացելու մոգական խոսքը: Արթնանալով բացել է դուռը, վերցրել պարկով լի ոսկին, բայց ներսում մոռացել գավազանը: Նորից մտնելով ներս` այս անգամ նա մոռանում է մոգական խոսքերը և չի կարողանում դուրս գալ: Բ. Պիոտրովսկին այս պատմությունը կապում է Սասնա ծռերի վերջին ներկայացուցիչ փոքր Մհերի առասպելի հետ:
Գրականություն: Марр, Орбели 1922; Пиотровский 1959; Heinz 1941; Öğün 1961; Korfmann 1977; Sevin 1980; Belli 1986; Tarhan 1993; Tarhan 1994; Sevin 1994b
Ավետիսյան Հ., Բոբոխյան Ա.
Աղբյուրը ՝
Ուրարտուի հնագիտություն (Ամրոց-բնակավայրեր և դամբանային համալիրներ,Երևան: Երևանի համալս. հրատ., 2008, 30-33 էջ
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է`