ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ  

      Երևանի պետական համալսարանի հիմնադրման առաջին իսկ տարիներից, բնագիտական և հասարակական գիտությունների հետ մեկտեղ, մեծ թափ է հաղորդվել նաև հայագիտական ուսումնասիրություններին:

 Երևանի պետական համալսարանում հայագիտության զարգացմանը նոր թափ հաղորդելու մտահոգությամբ 1968 թ. առաջադրվեց հատուկ գիտահետազոտական լաբորատորիա ստեղծելու գաղափարը: Ինչն էլ իկատար ածվեց  ՀԽՍՀ ԳԱ իսկական անդամներ Մ. Ներսիսյանի և Էդ. Աղայանի գործադրած ջանքերի շնորհիվ:

  Նորաստեղծ լաբորատորիան կոորդինացնելու էր ոչ միայն կազմակերպական, այլև գիտահետազոտական աշխատանքները հումանիտար այն ֆակուլտետներում, որտեղ մշակվում էին հայագիտական թեմաներ: Հետագայում լաբորատորիան վերանվանվեց ԵՊՀ հայագիտական հետազոտությունների կենտրոնի, որի գործունեության ընթացքում հսկայական աշխատանք կատարվեց:

   Հրատարակվել և վերահրատարակվել են  հայագիտության տեսանկյունից մեծ արժեք ներկայացնող բազմաթիվ աշխատություններ: Հայագիտական կենտրոնի հիմքի վրա 2008 թ. հուլիսի 10-ին ԵՊՀ գիտական խորհրդի կողմից ստեղծվեց Հայագիտական հետազոտությունների ինստիտուտը, որտեղ ներառվեցին ԵՊՀ հայագիտական հետազոտությունների կենտրոնը, հնագիտական հետազոտությունների, Հայաստանի պատմական աշխարհագրության և քարտեզագրության լաբորատորիաները, հայ-վրացական կապերի կենտրոնը և հայ-օսմանական առնչությունների բաժինը:

    Նորաստեղծ ինստիտուտի առջև խնդիր դրվեց հետազոտությունների հիմնական առանցքը դարձնել հետևյալ ուղղությունները.

 
  -Հայ ազգային ինքնության խնդրի, հայ ժողովրդի հոգեկերտվածքի և հոգեբանական  առանձնահատկությունների, մշակույթի ուսումնասիրությունը (Հայ ինքնության և մշակույթի բաժին),

  -Հայ հնագիտությունը (Հնագիտական հետազոտությունների լաբորատորիա),

  -Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմությունը,պատմագրությունը և մատենագիտությունը (Ցեղասպանագիտության բաժին), 

-Հայ-օսմանական առնչությունները (Հայ-օսմանական առնչությունների բաժին),  
-Հայ-օսմանական առնչությունները (Ադրբեջանագիտության հայակական կենտրոն)
 -Հայ-վրացական կապերը (Վրացագիտության հայկական կենտրոն), 

-Հայագիտական պատմագիտական և աղբյուրագիտական ժառանգության ուսումնասիրությունը (Աղբյուրագիտական լաբորատորիա),  

-Վիրտուալ (էլեկտրոնային-համացանցային) հայագիտությունը (Վիրտուալ  հայագիտության և տեղեկատվության բաժին), 

-Հայաստանի պատմական աշխարհագրության, քարտեզագրության ուսումնասիրությունը  (Հայաստանի պատմական աշխարհագրության և քարտեզագրության լաբորատորիա ):

  Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրենն է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արամ Սիմոնյանը:

 

 

 

 

 

 
Տպել
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է`

www.armenianarchaeology.am