Նորություններ
Տպել

 

 Հայաստանի հնագիտությունը թեմայի շրջանակներում  Երևանի պետական համալսարանի  Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հնագիտական հետազոտությունների լաբորատորիան 2015 թվականին գիտական աշխատանքներին կից իրականացրել է նաև մի շարք դաշտային աշխատանքներ Օշականում, Արամուսում, Սոտքում, Սյունիքում, Լեռնային Ղարաբաղում: Հնագիտական հետազոտությունների լաբորատորիան և  ԵՊՀ հնագիտության ու ազգագրության ամբիոնը՝ վարիչ և արշավախմբի ղեկավար Հայկ Ավետիսյանի  և Մյունխենի համալսարանի հնագիտության դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Հերլեսի գլխավորությամբ, Օշականի հնագիտական համալիրներում 4 տարվա համատեղ պլանային աշխատանքների արդյունքում պեղել են վաղ երկաթի դարին վերաբերող դամբարանային համալիրներ: Ավետիսյանի խոսքով, ըստ  նախնական դիտարկման,  համալիրը դղյակատիպ  կառույցի է նման, որտեղ հայտնաբերվել են նաև մի շարք քարարկղային դամաբարաններ: Գտնվել են նաև  տարբեր իրեր, որոնց հնագիտական նյութերի լաբորատոր մշակման արդյունքում պարզվել է, որ հիմնականում  խեցեղեն նմուշներ են, բրոնզից  պերճանքի առարկաներ, հնամարդաբանական նյութեր: Ըստ լաբորատոր հետազոտության՝  դրանք հիմնականում Ք. Ա. 9-11 դ.  գտածոներ են:

 Հաջորդ դաշտային պլանային աշխատանքը իրականացվել է 2015 թ.  Արամուսում հնագիտության լաբորատորիայի և Ավստրիայի Ինսբրուկի համալսարանների միջև կնքված համաձայնագրի շրջանակներում: Պեղումների արդյունքում  խումբը բացել է մի շատ հետաքրքիր տաճարատիպ կառույց, որը, ըստ հետազոտության, պաշտամունքային նշանակություն ունի: Կառույցը կապված է Վանի թագավորության, պետական կրոնի հավատամքի  համակարգի հետ: Ավետիսյանի խոսքով՝ պեղումների նպատակը միջնաբերդի արևմտյան մասում ամրոցաշինարարության փուլերի ու նաև ամրոցի վերակառուցման ժամանակագրության կարևորագույն հարցերի ճշտումն էր: Պեղման արդյունքում հայտնաբերված խեցեղենը Վանի թագավորությանը բնորոշ խեցեղեն է: Սակայն պարզվել է, որ Արամուսը միայն ուրարտական ժամանակաշրջանի հուշարձան չէ: Պեղման արդյունքում հայտնաբերված նյութերը լաբորատոր  մշակումից ու  հետազոտությունից հետո հանձնվել է Երևան քաղաքի թանգարան: Արշավախմի ղեկավար Հ. Ավետիսյանի խոսքով՝ Արամուսի հնագիտական պեղումները ունեն շուրջ 12 տարվա վաղեմություն և դեռևս ընթացքի մեջ են: Այս  տարածքի պեղումների վերաբերյալ կան  տպագիր  աշխատություններ, և  առաջիկայում ևս պատրատվում են հետագա աշխատանքների  վերաբերյալ  գիտական աշխատանքներ  տպագրել:

 Արշավախմբի ղեկավարը  ընդգծեց նաև, որ Արամուսի և Օշականի պեղումները կարևոր են նրանով, որ ունեն օրգանական ժամանակագրական շարունակություն, և  այս ժամանակագրությունը ամբողջացնում է Ք. Ա 11-7 դ. միջակայքում Հայկական լեռնաշխարի մասին մեր պատկերացումները:  «Վանի թագավորության  նկատմամաբ  կա մեծ հետաքրքրություն ամբողջ աշխարհում, և մենք՝ կիզակետում գտնվողներս՝ հաշվի առնելով այն, որ դա մեր մշակույթի,  ինքնության կարևորագույն էջերից մեկն է, ինտենսիվ աշխատում ենք թե՛ դաշտային աշխատանքների և թե՛ գիտական աշխատանքի մասով: Աշխատում ենք հնարավորինս շուտ պատրաստել  կատարված հետազոտությունների, ուսումնասիրությունների արդյունքները և հանձնել մասնագետների դատին: Նշեմ նաև, որ Օշականի և Արամուսի պեղումների վերաբերյալ թե՛  հայ հնագետների և թե՛ արտասահմանցի գործընկերների հետազոտական ու վերլուծական նյութերը բավականին մեծ արձագանք են ունեցել Գերմանիայում, Ավստիայում և Իտալիայում: Դրանք իրենց բովանդակությամբ և արդյունքներով ներկայացնում են Հին Արևելքի, Առաջավոր Ասիային վաղ քաղաքակրթության  վերբերյալ պատմության էջերի թարմացում և լրացում>>,-նշեց Հ. Ավետիսյանը:  

 Հավելենք, որ հնագիտության լաբորատորիայի աշխատակիցները պեղումներ են իրականացրել Սոտքի շրջանում, և  մեծամասամբ դրանք դեռևս ընթացքի մեջ են: Պեղվել է բրոնզերկաթեդարյան ժամանակաշրջանի ինքնատիպ ամրոց, ինչպես նաև գերմանացի հնագետների  հետ համատեղ պեղումներ է իրականացվել Արագածի և Սևանի ավազանի տարածքում, պատմական Զանգեզուրի, Արցախի շրջանում: Հայտնաբերվել են վիշապաքարեր  և վիշապակոթողներ: Գտածոները ենթարկվում են բազմապիսի հետազոտությունների, լաբորատոր չափագրումների  և մշակումերի:

 

 


Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է`

www.armenianarchaeology.am