Նորություններ
Տպել

 

  Մշակույթի նախարարության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն, հնագետ Հակոբ Սիմոնյանը խոսել է Կարմիր բլուրում (Թեյշեբաինի դամբարանադաշտում) կատարած պեղումների և հայտնագործությունների մասին:

Հակոբ Սիմոնյանը ներկայացրել է, որ Կարմիր բլուրում սիստեմատիկ պեղումները սկսվել են 2015-16թթ.: Նրա խոսքով` պեղումների պայմանները եղել են շատ դժվար՝ հատկապես ժամկետների առումով, ինչպես նաև պեղումները այն առումով, որ պեղումները պետք է կատարվին աշխարհի ամենակարևորագույն հուշարձաններից մեկի՝ Թեյշեբաինի դամբարանադաշտում: Պեղումների արդյունքում հայտնաբերվել է 281 դամբարան, խիստ հետաքրքիր ու բազմազան մի շարք երևույթներ: Հայտնաբերվել են գերխիտ թաղումներ, որ գրեթե համապատասխանում էին ժամանակակից քաղաքաշինական նորմերին: Յուրաքանչյուր 6 ք/մ-ի վրա հայտնաբերվել է մեկ դամբարան՝ իր վերգետնյա կառույցներով:
Սիմոնյանի խոսքով, ի տարբերություն, Էրեբունիի, որի բնակիչները տեղափոխված էին Ծոփքից, Թեյշեբաինիի բնակիչները տեղաբնակներ էին: «Բացահայտված ողջ մշակութային շերտը՝ թաղման ծեսը, թույլ է տալիս վստահաբար ասելու, որ գործ ունենք մի երևույթի հետ, որ Վանի թագավորությունը կամ Ուրարտուն 7-րդ դարում իր գերակա տարածքներն էր համարում Արարատյան դաշտը և այնտեղ հիմնել է փոխարքայի նստավայրը՝ Թեյշեբաինի քաղաքը, որը զբաղեցնում էր շուրջ 40 հա տարածք և առ այսօր համարվում է այդ աշխարհակալ կայսրության լավագույն ուսումնասիրված հուշարձանը»,-նշել է հնագետը:
Նա նաև մանրամասնեց Կարմիր բլուրի պեղումների արդյունքում ստացված կարևորագույն տեղեկությունները, թե ովքե՞ր են ապրել այդ քաղաքում, ի՞նչ մարդիկ են դրանք եղել, ի՞նչ հավատալիքներ են ունեցել, ի՞նչ ծիսակարգով են թաղվել մահանալուց հետո, ի՞նչպես են հագնվել, ի՞նչ տեսակի զարդեր են կրել, ի՞նչ հիվանդություններ են ունեցել, ատամնաքարերի ուսումնասիրություններից պարզվել է նույնիսկ, թե ինչպիսի՞ սնունդ են օգտագործել այդ մարդիկ: Բացի այդ բացահայտվել է զինատեսակների հսկայական արսենալ:
«Այս ամենը մեզ տվեց վիթխարի չափերի հասնող մարդաբանական բացառիկ նյութ, և հիմա արդեն ժամանակակից մեթոդների կիրառմամբ՝ ԴՆԹ-ների և այլ լաբորատոր ուսումնասիրությունների օգնությամբ, հնարավոր է պարզել Թեյշեբաինիի բնակիչների գենետիկան և հարաբերելով մի կողմից՝ հայկական լեռնաշխարհի բնակիչների ԴՆԹ-ների տվյալները, մյուս կողմից պարզել վերջապես, թե ովքեր են եղել այդ մարդիկ»,-նշել է Հ. Սիմոնյանը:
Կարմիր բլուրի պեղումները թույլ են տվել պարզելու հստակ քաղաքակրթության ցուցանիշ համարվող բացահայտումներ. «Մենք հայտնաբերեցինք ոչ միայն մեծահասակ, այլև մանկահասակ ու նորածին երեխաների թաղումներ, որոնք քաղաքակրթության ցուցանիշներ են՝ տարածված միայն Հին Հռոմում: Պարզվում է՝ նույն իրավիճակը դարեր առաջ եղել է նաև Կարմիր բլուրում, և երեխաների նկատմամբ հատուկ սերը, որ այսօր էլ հատուկ է մեզ՝ հայերիս, հնագույն ժամանակներից առկա է եղել»,-ընդգծել է նա: 
Հնագետը նաև հավելել է, որ Կարմիր բլուրում հայտնաբերված գտածոները համարում է ցնցող, քանի որ պեղումների վերջին փուլում անսպասելի բացվեց խիստ բարձրաստիճան մի անձի դամբարան՝ 40 քմ ընդհանուր տարածքով, որն ամբողջությամբ լիքն էր զոհաբերված կենդանիների ոսկորներով և թաղման ընծաներով: Դամբարանի վրա առկա էր մի վիթխարի կոթող՝ տուֆակերտ ֆալոս: Հնագետները գտածոների ուսումնասիրությամբ հստակ փաստում են, որ այսօրինակ հսկայական զոհաբերությունները կարող էին արվել միայն ու միայն խիստ կարևոր և սոցիալական բարձր դիրք ունեցող մեկի համար, և որպես այս ամենի վկայություն՝ նույն տեղում հայտնաբերվել է նաև բրոնզից կերտված ցլագլուխ, կեռ ծայրով մական, որն իշխանության բարձրագույն խորհրդանշան է՝ հատուկ միայն խեթական արքաներին:
Վերջում Սիմոնյանը նշել է, որ հայտնաբերված խիստ կարևորագույն գտածոներն ամբողջությամբ պահպանվում են դրանց համար հատուկ առանձնացված պահեստարան-սենյակներում, իսկ դրանցից առավել թանկարժեքները՝ չհրկիզվող պահարաններում:
Ամփոփելով խոսքը նա հստակ նշել է, որ հասունացել է ժամանակը, որպեսզի Կարմիր բլուրում սկսվեն թանգարանի հիմնման աշխատանքները, և այս բացառիկ գտածոները դառնան նաև ժողովրդի սեփականությունը:
 

Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է`

www.armenianarchaeology.am