Շիրակի մարզի Կառնուտ համայնքի վաղ բրոնզեդարյան դամբարանադաշտում այս տարի ևս շարունակվել են պեղումները: «Արմենպրես»-ի հետ զրույցում Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, Կառնուտի պեղումների արշավախմբի ղեկավար Ռուբեն Բադալյանը նշել է, որ նույն տարածքի վրա համաժամանակյա բնակատեղի և դամբարանադաշտ է ֆիքսվել:
«Սա բավական հեռանկարային հուշարձան է: Ես այն պեղել եմ դեռ 1981 թվականին, հետո պեղումներն այնտեղ դադարեցվել են: Գյուղատնտեսական, շինարարական աշխատանքների արդյունքում հուշարձանը վնասվել էր»,֊-ասել է նա, հավելելով, որ առաջին տարիներին Կառնուտում աշխատանքներն ավելի շուտ հուշարձանը պահպանելու, փրկելու նպատակ ունեին:
Ռուբեն Բադալյանի խոսքով՝ հուշարձանի տարածքում մեծ ծավալի աշխատանքների արդյունքում հայտնաբերված բնակատեղին սկզբունքորեն փոխում է պատկերցումները հուշարձանի չափերի, ժամանակագրության մասին: «Համեմատաբար փոքր, շարքային բնակատեղու փոխարեն մենք այժմ գործ ունենք 7-8 հա տարածքի հետ: Հայաստանում համեմատաբար քիչ են այն հուշարձանները, որտեղ հավասարաչափ ուսումնասիրված են թե բնակատեղին, և թե դամբարանադաշտը:
Մեզ մոտ սովորաբար շեշտը դրվում է կամ մեկի, կամ մյուսի վրա, իսկ Կառնուտում մենք հնարավորոթյուն ունենք համալիր ուսումնասիրություն իրականացնելու»,-նշել է արշավախմբի ղեկավարը: Անդրադառնալով հուշարձանի տարածքում պեղումների արդյունքում այս տարի հայտնաբերված գտածոներին, Ռուբեն Բադալյանն առանձնացրել է մեկ սերնդի պատկանող թաղումը, որտեղից հայտնաբերվել են Կուր-արաքսյան մշակույթին պատկանող նախշերով անոթներ և բրոնզե իրեր՝ ապարանջան, օղեր:
«Այդ թաղմանը հարակից մեկ այլ թաղում է հայտնաբերվել, բայց ավելի աղքատիկ՝ մեկ հոգու համար նախատեսված: Ըստ երևույթին այն վերաօգտագործվել է»,-նշեց Ռուբեն Բադալյանը: Նա հույս հայտնեց շարունակել հուշարձանի պեղումները նաև հաջորդ տարի՝ հասցնելով պեղավայր տարածքը 300 քառակուսի մետրի:
Աղբյուրը՝ armenpress.am
Վերադառնալ
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է`